– Շատ է խոսվում Հայաստանի հանքային պաշարների մասին: Կարելի՞ է Հայաստանը հանքային հարուստ պաշարներ ունեցող երկիր համարել։
– Մեր ընդերքի կորզվող ամբողջ պաշարը գնահատվում է մինչեւ 100 մլրդ դոլար: Ես համեստ թիվ եմ ասում, որովհետեւ, եթե նկատի ունենանք վերջին ժամանակների գնաճը, ապա այդ թիվն ավելի մեծ կլինի: Սա խորհրդային տարիներին արված գնահատում է: Բնապահպանական առումով կարելի է համարել, որ Հայաստանը միջին կարգի հանքային հարստություն ունեցող երկիր է: Մենք ունենք տարբեր տեսակի մոտ 600 հանքեր, որից մոտ 25-ը մետաղական են: Բացի այդ, ունենք նաեւ բազմաթիվ հանքերեւակումներ: Մեր տարածաշրջանը շատ հարուստ է մոլիբդենի, պղնձի, ոսկու, այլ բազմամետաղների երեւակումներով: Ունի երկաթի, ալյումինի, տիտանի որոշակի երեւակումներ, որոնք ունեն լուրջ հետախուզման կարիք: Հայաստանի բոլոր մարզերում էլ հանքեր կան: Սրանք հիմնականում չվերականգնվող պաշարներն են, վերականգնվող, ասենք, հանքային ջրերի հանքերն այստեղ հաշվառված չեն:
– Իշխանությունները հպարտանում են, որ հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսությունը զարգացնող հիմնական ոլորտներից է: Նորմա՞լ է, որ հանքարդյունաբերությունը լինի տնտեսության զարգացման գրավականը:
– Վերջին ժամանակահատվածում այս բնագավառը գրանցել է լուրջ առաջընթաց, որովհետեւ տնտեսության զարգացմանը զուգընթաց՝ հումքային պահանջարկի ավելացումը բոլոր երկրներին բնորոշ հատկանիշ է: Հայաստանը չէր կարող դուրս մնալ այդ միջավայրից: Եվ ողջունելի է, որ վերջին տարիներին Հայաստանի խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում ընդերք շահագործողներն են: Պարզապես այստեղ շատ կարեւոր է ընդերք շահագործողների պայմանների թելադրումը: Պատահական չէր, որ 2001 եւ 2006-2007թթ. օրենսդրական դաշտի կատարելագործման պարագայում, այս ոլորտում մենք ունեցանք գործուն մեխանիզմ, հատկապես, երբ ընդերքի երեւակումն արդեն իսկ տրամադրվում է մրցութային եղանակով: Երկրորդական բնօգտագործման վճարների ռոյալթիի տրամադրումը, ռեկուլտիվացիոն աշխատանքների պարտադիր կատարման դրամագլխի ստեղծումն ընդերք շահագործողին պարտադրում են իր աշխատանքը բարեկիրթ իրականացնել, առավելապես պահպանել շրջակա միջավայրը, նախօրոք կատարել համապատասխան վճարումները` պետությանը զերծ պահելով լրացուցիչ ծախսերից:
– Սակայն բնապահպանական հասարակական կազմակերպությունների անհանգստությունից կարելի է եզրակացնել, որ այդ պայմաններն այնքան էլ լավ չեն կատարվում:
– Ոչ, ես այդքան էլ համամիտ չեմ այն դիտարկմանը, որ հանքարդյունաբերողները չեն ենթարկվում պետության պահանջներին: Իմ խորին համոզմամբ, այդ աղմուկը տեղին չէ: Տվյալ շահագործումն իրականացնող ընկերությունը նոր չի հայտնվել այդ դաշտում, տվյալ հանքավայրի շահագործման նախապատրաստող գործընթացը նոր չի սկսվել: Դա դեռ խորհրդային տարիներին սկսված հետախուզում էր, որը, բնականաբար, բերելու էր այդ հանքավայրի շահագործմանը: Խոսքը կոնկրետ Թեղուտի մասին է: Եթե խոսքը գնում է 250-300 հեկտար անտառի մասին, ապա առանց Թեղուտի էլ Հայաստանում տարեկան միջին հաշվով հատվում է 900 հեկտար անտառ: Այս դեպքում արդեն անհասկանալի է, որ ուզում են անտառի հատման հետ կապված խնդիրը լուծել: Ինչո՞ւ մյուս հատումների մասին այդքան չեն անհանգստանում: Թեղուտը շահագործողի առաջ պայման է դրվել, որ տվյալ տարածքում կրկնակի չափով անտառային տարածք վերականգնի: Կարելի է կիրառել նաեւ փոխհատուցման այլ մեխանիզմներ: Տնտեսվարողը միանշանակ համաձայն է գումար ներդնել: Թեղուտի հանքի շահագործումը մոտավորապես կհասնի Քաջարանի ծավալներին, դա 8-10 հազար աշխատատեղեր բացելու հնարավորություն է ընձեռելու: Բնապահպանության կամ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների կառավարման հիմնախնդիրը բնական ռեսուրսների բանական օգտագործման եւ ոչ թե սահմանափակման մեջ է: Բնական ռեսուրսները պետք է համաչափ օգտագործել, որ բնությունն ինքնավերականգնման հնարավորություն ունենա եւ այդ ընթացքում լրջագույն կորուստ չունենա: Դրա համար է սահմանվում արտանետումների թույլատրելի չափաքանակ: Ամենամեծ էկոլոգիական աղետը տեղի է ունենում նավթի արդյունահանման ժամանակ, բայց ես չգիտեմ երկիր, որը էկոլոգիական աղետի պատճառով իր նավթը չարդյունահանի: Ընդերքի շահագործում չի կարող լինել առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու: Պարզապես պետք է չանցնել դրա թույլատրելի սահմանը:
– Ասում եք` պետությունն այդ գործընթացը պետք է դարձնի վերահսկելի ու թափանցիկ: Կարելի՞ է ենթադրել, որ մինչեւ հիմա այդպես չի եղել այն դեպքում, երբ ոլորտի պատասխանատուներից մեկն էլ դուք էիք:
– Իմ պաշտոնավարման առաջին տարիներին բնօգտագործման վճարների ընդհանուր գումարը մոտ 700 մլն դրամ էր, այսօրվա դրությամբ` 4,5 մլրդ դրամ է, այն դեպքում, երբ բնօգտագործման վճարը տվյալ ապրանքի շուկայական արժեքի ընդամենը 1 տոկոսն է: Ոչ մետաղական հանքավայրերում, երբ հանքի ընդհանուր ծավալը հաշվարկվում էր 500-600 խմ, իմ պաշտոնավարման ընթացքում դարձավ մոտ 2,7 մլն խմ:
– Բայց հանքարդյունաբերության ոլորտն այս տարիներին մեծ աճ է գրանցել, եւ այդ տարբերությունը կարող է ոչ թե վարչարարության` ստվերից դուրս գալու, այլ ծավալների աճի հետեւանք լինել:
– Եթե դուք գտնում եք, թե 8-10 անգամ ավելացել է տնտեսության աճը, ես համաձայն չեմ: Ես չեմ բացառում ծավալների աճի ավելացումը, բայց եթե 1 տարվա մեջ դու 3-4 անգամ աճ ես տալիս, ապա դա այլ հարց է: Իմ պաշտոնավարման տարիներին մոտ 3,5 տոննա թաքցրած ոսկի ենք հայտնաբերել:
– Հայաստանի բյուջեն հանքարդյունաբերությունից համարժեք եկամուտներ ստանո՞ւմ է:
– Միանշանակ` այո: Նորից եմ ասում, նայեք խոշոր հարկատուների ցանկը եւ կտեսնեք, որ առաջին տեղերում հանքարդյունաբերողներն են: Համենայնդեպս, բնապահպանական վճարների մասով ես դժգոհություն չունեմ:
– Ձեր տվյալներով` ուրանի որքա՞ն պաշար կա Սյունիքի հանքավայրում:
– Նախնական գնահատումներով` խոսքը գնում է 30-50 հազար տոննայի մասին: Բացի այդ, ուրանն ամենաշատ թանկացող հանքանյութն է: Հիմա, եթե չեմ սխալվում, 1 կգ ուրանն արժե մոտ 250 դոլար: Եթե Հայաստանն ուրան արդյունահանի, էապես կփոխի իր միջազգային նշանակությունը, կդառնա էներգակիր ունեցող երկիր:
– Վերջերս նկատելի է Ռուսաստանի ազդեցության ավելացումը նաեւ հանքարդյունաբերության ոլորտում: Այստեղ վտանգավոր միտումներ չե՞ք տեսնում:
– Կարեւոր չէ՝ ռուսաստանցին, աֆրիկացին, թե ամերիկացին է ներդրողը: Կարեւոր է ստեղծել պայմաններ, որպեսզի ներդրում իրականացնեն: Իսկ այն, որ ռուսական կապիտալի արտահոսք է տեղի ունենում Հայաստան, հավանաբար, միջավայրի հոգեհարազատության եւ ավանդական կապերի շնորհիվ է: Ժամանակին ԽՍՀՄ-ում մենք միասնական համակարգում ենք եղել: Բայց այնպես չէ, որ միայն ռուսական կապիտալ է: Օրինակ, Քաջարանի հանքի շահագործողը գերմանական ընկերություն է:
– Ձեր պաշտոնավարման տարիներին ձեր անունը կապվեց աղմկոտ պատմությունների հետ:
– Երբ իրենց հետ համաձայնության չես գնում, երբ իրենց դուդուկի տակ չես պարում` լավագույն միջոցը քեզ խոցելի դարձնելն է: Եթե այդքան վստահություն ունեին, թող մի անգամ ուղիղ ասեին` Այվազյանն ինձանից կաշառք ուզեց:
– Ասել են` «Գլոբալ գոլդի» դեպքում:
– Այդ խաղերը հասկանալի է, ուղիղ չեն ասել: Եթե որեւէ մեկը ասեր, միանգամից Դատախազություն քարշ կտայի:
– Այդ դեպքում, ՀՀ կառավարությունն ինչո՞ւ այդ ընկերության հետ համաձայնության գնաց, ինչո՞ւ իր եւ ձեր անմեղությունը չապացուցեց «Գլոբալ գոլդի» սկսած դատական գործընթացում: Ինչո՞ւ համաձայնագիր կնքեց այդ ընկերության հետ:
– Ես այլեւս կառավարության անդամ չեմ, եւ մանրամասներին չեմ տիրապետում: Գիտեմ, որ երկուսն էլ բարի կամք են դրսեւորել եւ համաձայնագիր են կնքել: Հայաստանում ուրանի նյութեր պարունակող հանքերի ուսումնասիրության իրավունք ունեցող միակ ընկերությունը «Գեոէկոնոմիկա» ընկերությունն է: «Գլոբալ գոլդն» այդ իրավունքը չուներ: Բայց երբ ես ներկայացրեցի այն փաստարկները, որոնց պարագայում այդ ընկերությունը զրկվել էր լիցենզիայի իրավունքից, ի հայտ եկան իմ անհամար հանքավայրերի եւ ցանկությունների պատմությունները: Սրբի կարգավիճակ ունենալու հավակնություն երբեւէ չեմ ունեցել:
– Հիմա արդեն կասե՞ք, թե ինչ հանքեր ունեք:
– Ես այն ժամանակ էլ բացահայտ հայտարարել եմ սեւ մետաղի շահագործման խնդիրները լուծելու իմ ցանկության մասին: ՀՀ-ում այսպիսի բան գոյություն չունի: Եթե սա իրագործվի, լուրջ հեղափոխություն կլինի Հայաստանի համար: Կարողանալ Հայաստանում երկաթի արտադրություն կազմակերպել, որ այս տարածաշրջանում չկա, ամենաբարդ խնդիրներից մեկն է: Ես լուրջ աշխատում եմ այս ուղղությամբ: ՀՀ-ում երկաթի երեւակումներ շատ կան: