Բյուջեի կատարողականը՝ ԱԺ-ում

23/05/2008

Երեկ ԱԺ-ում 2007թ. պետբյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե քաղաքական կոալիցիա կազմող կուսակցությունների լիդերները` ՀՀ նախագահի գլխավորությամբ, ՀՀ կառավարության առջեւ լուրջ հիմնախնդիրներ են դրել:

Դրանք են` աղքատության հաղթահարում, ստվերային տնտեսության նվազեցում, կոռուպցիա, հավասար մրցակցային պայմանների ստեղծում: «Մենք հրապարակայնորեն հայտարարում ենք, որ դրանք իրողություններ են, որոնց դեմ մենք պետք է պայքարենք»,- ասաց նա: «Այսինքն, երբ կառավարությունը ներկայացնում է կոնկրետ փաստաթուղթ, որտեղ կան մեխանիզմներ ու մոտեցումներ, ապա, կարծում եմ, որ քննադատության սլաքը պետք է ուղղվի այդ մեխանիզմներին, եւ միայն քաղաքական հարցադրումներով մենք լուծումներ չենք կարող գտնել»,- հայտարարեց Տ. Սարգսյանը` ավելացնելով, թե այդ առումով կառավարությունը չի թաքցնում խնդիրներն ու իր թերացումները, սակայն իր կողմից ձեւակերպված խնդիրներն ավելի կոռեկտ են, որովհետեւ ավելի մանրակրկիտ են ներկայացնում առկա «հիվանդությունները» եւ տալիս հիմնախնդիրների լուծման եղանակներ: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատվում բյուջեի արդյունավետությունը, Տ. Սարգսյանն ասաց, որ եթե ընդդիմությունը կասկածներ է հայտնում բյուջեի կատարման արդյունավետության առումով, ապա պետք է առաջարկի կոնկրետ ծրագրեր, որտեղ կառավարությունը փող է ծախսել ու չի հասել իր նպատակին: «Կա՞ն այդպիսի պրոբլեմներ: Իհարկե, կան: Ուրեմն` դա նշանակում է` մենք պետք է առարկայորեն քննարկենք բոլոր առաջարկները: Այստեղ չափազանց կարեւոր է նաեւ Վերահսկիչ պալատի աշխատանքը»,- նշեց վարչապետը:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հարցին պատասխանելով, թե՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ուժային կառույցների համար նախատեսված ծախսերի աճի տեմպերն անհամեմատ բարձր են, քան պետության կողմից գերակա ճյուղ հայտարարված սոցիալական, կրթական ու մշակութային ոլորտներինը, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ծախսերի տարբեր տեսակարար կշիռների ու նրանց աճի տեմպերի տարբերության վերաբերյալ գնահատականը պետք է տրվի ծրագրավորման, եւ ոչ թե դրանց կատարման ժամանակ: «Այդ թվերը համապատասխանում է այն ծրագրին, որը նախատեսվել է իրականացնել 2007թ. եւ որը կառավարությունը իր լիազորությունների շրջանակներում ճշգրտել է: Լա՞վն է այդ ծրագիրը, թե՞ վատը, այդ գնահատականը դուք կտաք, բոլոր դեպքերում բյուջեն պետք է դիտարկել որպես փոխզիջում տնտեսության տարբեր ճյուղերի ու հասարակության տարբեր շերտերի միջեւ, եւ այսօր ունենք այն պատկերը, որը հնարավոր է եղել եղած միջոցներով իրականացնել»,- ասաց Ա. Ջանջուղազյանը:

Իսկ «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ Լարիսա Ալավերդյանն էլ հետաքրքրվեց, թե բյուջեում ուժային կառույցների համար նախատեսված ծախսերի ավելացումն արդյոք ազդե՞լ է նրանց արդյունավետության վրա: «Պարզվում է` մենք մարտի 1-ին կունենայինք 3 մահ քիչ, եթե չօգտագործվեին ժամկետանց, խորհրդային ժամանակներից մնացած հատուկ միջոցներ: Այս մասին հնչեցվել է Հայաստանի երկրորդ նախագահի կողմից»,- ասաց նա: Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող այն տեսակետին, թե արմատական ընդդիմությունն իր գործողություններով վտանգել է երկրի ազգային անվտանգությունը, Լ. Ալավերդյանն ասաց. «Իսկ ի՞նչ է արել Ազգային անվտանգության ծառայությունը, որպեսզի այդ վտանգը չստեղծվեր: Եթե չենք ուզում խոսել այդ կառույցների ծախսերի արդյունավետության մասին, ազգային շահը վերածում ենք բանաստեղծության»: