Կառավարությունն ընդունեց ՎՊ առաջարկները

23/05/2008 Լիլիթ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում էր նաեւ նախորդ տարվա պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը:

Ըստ դրա, 2007թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության մեջ եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը: Ավելին` «հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է վերջին տարիներին ձեւավորված միտումը` կապված բյուջեի կատարման ցուցանիշների բարելավման հետ»: Բերենք ներկայացված ցուցանիշներից միայն մեկը. 2007 թվականին բյուջեի փաստացի եկամուտներն ու պաշտոնական տրանսֆերտները 2006 թվականի համեմատ (ներառյալ՝ արտաբյուջետային եկամուտները) աճել են 33.2%-ով:

Այս պահից սկսած Վերահսկիչ պալատի նախագահի ելույթը վկայում էր, մեղմ ասած, խոսուն թերացումների ու շեղումների մասին: Թերեւս դա էր պատճառը, որ առանձին պատգամավորներ, որոնք երբեւէ տնտեսագիտական վերլուծություններով աչքի չեն ընկել, երկարաշունչ եւ անհասկանալի ելույթներ ունեցան` ըստ ամենայնի փորձելով Պապից ավելի կաթոլիկ լինել: Ինչեւէ, անդրադառնանք պալատի «հայտնաբերումներից» միայն մեկին: Պարզվում է` պետբյուջե 2007թ. փաստացի ծախսերը` գործառնական դասակարգմամբ` 14 խմբերից 13-ում թերակատարվել են: Ամենացածր կատարողականն էլ արձանագրվել է «Տնտեսական այլ ծառայություններ» խմբում` 85%-ով:

Վերահսկիչ պալատի նախագահը, որը խորհրդարան էր եկել Կառավարությանն ուղղված առաջարկություններով ու դիտողություններով, նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հաշվետվությունում ամբողջական չեն ըստ հարկատեսակների հարկային եկամուտների ցուցանիշները, ինչը հնարավորություն չի տալիս լիարժեք վերլուծելու եւ գնահատելու եկամուտների հավաքագրման գործընթացը:

Հաջորդը. 2002-2007թթ. ՀՀ պետական բյուջեների մասին ՀՀ Օրենքներում կատարված վերլուծության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարությանը փոխանցած լիազորություններն ընդլայնվել են, ինչն էլ կառավարությանը հնարավորություն է տվել լրացուցիչ եկամուտների եւ ներգրավված միջոցների առկայության դեպքում իրականացնել լրացուցիչ ծախսերի բաշխում:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով, օրինակ, ասվում է, որ բյուջեի կատարման ընթացքում պետական կառավարման համապատաuխան մարմնի ղեկավարը կառավարության uահմանած կարգով կարող է կատարել այդ մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մաuին oրենքով uահմանված հատկացումների ընդհանուր գումարի 15 տոկոu չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` տնտեuագիտական դաuակարգման հոդվածների միջեւ, իսկ մեկ այլ` «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետը Կառավարությանը 2007թ. անհրաժեշտության դեպքում թույլատրել է «պահպանելով uույն oրենքի N 1 հավելվածում ներկայացված ծախuային ծրագրերի գծով հատկացումների ընդհանուր գումարները` վերաբաշխել դրանք ըuտ բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգմամբ uահմանված հոդվածների` առանց uահմանափակման»: Տնտեսագիտական հանճար պետք չէ լինել հասկանալու համար, որ օրենքի այս կետը պետական հիմնարկներին հնարավորություն է տալիս ծախսային ծրագրերի գծով հատկացումների ընդհանուր գումարները վերաբաշխել առանց սահմանափակման` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ի դեպ, դրա արդյունքում անիմաստ է դառնում «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի նշված կետը:

ՎՊ նախագահի հաջորդ դիտողությունը` միջազգային համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տրամադրված բոլոր բյուջետային միջոցների շրջանառումը գանձապետական միասնական հաշվով չի կատարվում: Գործող բոլոր ԾԻԳ-երի հաշիվները մինչ օրս գտնվում են առեւտրային բանկերում, եւ դրա հետեւանքով չի կատարվում «Բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջը: Այսինքն` բյուջեի կատարումը չի իրականացվում միասնական դրամարկղի սկզբունքով: Բացի այդ, հաշվետվությունը ներկայացված է դրամարկղային սկզբունքով: Իսկ սա նշանակում է, որ դրանում բացակայում է բյուջետային տարում իրականացվող փաստացի ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը ՎՊ-ին հնարավորություն չի տալիս իրականացնել ֆինանսատնտեսական գործունեության լիարժեք վերլուծություն եւ գնահատում:

Չնայած շատ փակագծեր չբացվեցին, բայց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ելույթից ակնհայտ էր, որ մեղմ ասած` անմխիթար վիճակում է պետական գնումների ոլորտը, որի համար նախորդ տարի նախատեսված է եղել շուրջ 193 միլիարդ դրամ: Քանի որ հաշվետվության մեջ բացակայել է պետության կարիքների համար բյուջետային տարում իրականացվող գնումների վերաբերյալ հաշվետվությունն ըստ ծրագրերի, Պալատը դժվարացել է «իրատեսորեն գնահատել գնումների գործընթացը»: Այս առնչությամբ Իշխան Զաքարյանն, իհարկե, ունի իր անձնական կարծիքը, այն է` «որ անհրաժեշտ է պետական հսկողության նոր եւ թափանցիկ մեխանիզմների ներդնում պետության կարիքների համար գնումների գործընթացում իրական շուկայի գների եւ մրցութային գների տարբերության նկատմամբ»: Կառավարության նորանշանակ ղեկավարը երեկ իր եզրափակիչ ելույթում գրեթե ամբողջությամբ ընդունեց Վերահսկիչ պալատի դիտողությունները, նկատելով, որ դրանք «առարկայորեն բացահայտում են» ռեալ եւ լուծումներ պահանջող խնդիրներ:

Գնումների խնդիրը, Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, եւս թիվ մեկ հարցերից է: Կառավարությունը պատրաստվում է այն լուծել գնումների ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդրմամբ եւ էլեկտրոնային առեւտրի կազմակերպմամբ, ինչը հայաստանյան տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կտա օնլայն ռեժիմով մասնակցել բոլոր գործառույթների մրցույթներին: Լրացուցիչ եկամուտների օգտագործման համար ընթացիկ ծախսեր կամ կարեւորագույն սոցիալական հարցեր իրականացնելու համար Կառավարության լիազորությունների ընդլայնման փաստը վարչապետն ընդունում է, սակայն միաժամանակ տալիս նման օրենք ունենալու անհրաժեշտությունը: Ըստ նրա, այս գործիքը Հայաստանին անհրաժեշտ է, որովհետեւ ապրում ենք այնպիսի անցումային փուլում, որտեղ եւ՛ արտաքին ցնցումները, եւ՛ միջազգային շուկաների տատանողականությունը չափազանց մեծ է: Չափազանց մեծ է նաեւ դրանց ազդեցությունը մեր տնտեսության վրա, ուստի Կառավարությունը այդ մարտահրավերներին օպերատիվ արձագանքելու հնարավորություն պետք է ունենա:

Տիգրան Սարգսյանն ընդունում է, որ առկա է ՎՊ-ի կողմից հնչեցվող դրամարկղային եւ փաստացի ծախսերի խզվածության խնդիրը, նաեւ, որ այն պետք է շտկել: Վարչապետի խոսքով, փաստացի ծախսերի եւ դրամարկղային ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ՎՊ-ին, մի լրացմամբ` «բայց տարբերությունը լինելու է մշտապես, որովհետեւ ֆինանսավորման բացումը եւ ծախսերի իրականացումը, որպես կանոն, ժամանակի մեջ իրարից կտրված են լինում»:
ՎՊ-ի բարձրացրած հաջորդ հիմնահարցի առնչությամբ ՀՀ վարչապետը նշեց, որ մասնավոր հատվածն ամբողջությամբ չի անցել հաշվեգրման սկզբունքի կիրառմանը, ի տարբերություն ֆինանսական հատվածի, որն ամբողջությամբ անցել է հաշվապահական հաշվառման ստանդարտներով աշխատելու պրակտիկային: Տ. Սարգսյանի գնահատմամբ՝ հենց սա էլ լուրջ խնդիրներ է ստեղծում դրամարկղային եւ հաշվեգրման սկզբունքների կիրառման եւ բյուջեի` ֆինանսական ստանդարտներով իրականացման գործում:

ԾԻԳ-երի հետ կապված ՎՊ դիտողությունները եւս ընդունվեցին: Ստեղծված իրավիճակի պատճառը, Կառավարության ղեկավարի խոսքով, այն է, որ այս կարգի ծրագրերն իրականացվում են ԱԺ-ի կողմից իրականացվող եւ միջազգային կազմակերպություններ-Կառավարություն պայմանագրերի ներքո: Այդ իսկ պատճառով գործադիրն ի զորու չէ խնդիրը շտկել միակողմանիորեն: Չի կարող նաեւ ԾԻԳ-երի հաշիվներն առանց միջազգային կազմակերպությունների հետ համաձայնեցնելու բերել միասնական գանձապետական հաշիվ` հանելով առեւտրային բանկերից: Հարցադրումը, սակայն, Կառավարությանը հասկանալի է, եւ Տիգրան Սարգսյանը խոստացավ բանակցությունների ավարտից հետո Վերահսկիչ պալատին ու ԱԺ-ին տեղյակ պահել, թե ինչպիսի ժամանակային հատվածում կարելի է գտնել եւ առաջարկել այս հարցի լուծումները: