Չնայած բազմաթիվ միջնորդություններին, երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կալանքի ժամկետը:
Այդ մասին երեկ հայտնել է Վճռաբեկ դատարանի խոսնակ Ալինա Ենգոյանը: Հիշեցնենք, որ Ա. Բանուչյանը մեղադրվում է հետընտրական զարգացումների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նշենք, որ երկու օր առաջ Ա. Բանուչյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես էին եկել Դաշնակցության մի շարք ղեկավարներ, այդ թվում՝ Ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ Հրայր Կարապետյանը, ինչպես նաեւ՝ արվեստի եւ գիտության բազմաթիվ գործիչներ:
Իսկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ այսօր փոփոխել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. մարտի 31-ի դատավճիռը, որով Հուսիկ Սուրենի Բաղդասարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Հ.Բաղդասարյանի շահերի պաշտպան Վ.Զուռնաչյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է մեղավոր ճանաչել Հուսիկ Բաղդասարյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ դատապարտել ազատազրկման` 2 տարի ժամկետով:
Մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ ձերբակալվածի` Կարեն Թարխանյանի գործով Երեւանի քրեական դատարանում դռնբաց դատական նիստին երեկ արգելվել է մարդկանց ներկա գտնվել: Երբ եկել է դատական նիստի ժամը, դատական կարգադրիչները, օգտվելով առիթից, որ որեւէ լրագրող ներկա չէ, դատական նիստին մասնակցելու եկած կանանց հրելով, քաշքշելով դուրս են հանել դահլիճից: Նշենք, որ Կարեն Թարխանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով (հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջին չենթարկվել):
Իսկ կալանքի տակ գտնվող «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի պաշտպանի միջնորդությամբ երեկ հրավիրվել է բժշկական կոնսիլիում: Այդ մասին տեղեկացրել է ԱՆ Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը: Նրա տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Կոնսիլիումի կազմում են եղել «էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ա.Ռոստոմյանը, նույն կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Հ.Սաիյանը, սրտաբանական բաժնի վարիչ Լ.Ե.Աթայանը, սրտաինֆարկտային բաժնի վարիչ Հ.Հայրապետյանը, գլխավոր էնդոկրինոլոգ Ա.Մամիկոնյանը, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան Ա.Նազարյանը, պրոֆեսոր Ռ.Գաբրիելյանը, թերապիայի ամբիոնի դոցենտ Ա.Յ.Գասպարյանը, բժիշկ Ա.է.Մարգարյանը: Նշենք նաեւ, որ թերապիայի ամբիոնի դոցենտ Ա.Յ.Գասպարյանը այն նույն բժիշկն է, որն Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, Արամ Կարապետյանի հրավերով, հետազոտել էր վերջինիս: Համաձայն բժշկական կոնսիլիումի տված եզրակացության՝ գլխավոր էնդոկրինոլոգ Ա.Մամիկոնյանը ախտորոշել է շաքարային դիաբետ II տիպ, թեթեւ աստիճանի: Խորհուրդ է տրվել դիոթերապիա եւ դիաբետոն MR (30 մգ) 1 հաբ 1 անգամ: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան Ա.Նազարյանը ախտորոշել է սուր կորոնար սինդրոմ, զարկերակային հիպերտենզիա, 2-րդ ստադիա, առաջարկվել է կորոնարոանգիոգրաֆիյա առանց հետաձգելու: Սրտաբանության ինստիտուտի պրոֆեսոր Ռ.Գաբրիելյանը ախտորոշել է սրտի իշեմիկ հիվանդություն, պրոգրեսիվող անկայուն ստենոկարդիա, արյան շրջանառության անբավարարություն ֆունկցիոնալ դաս I, զարկերակային հիպերտենզիա, I ստադիա: Խորհուրդ է տրվել կատարել հոլտեր մոնիտորինգ, սթրես էխոկգ դոբուտամինով, որոնց պատասխաններից հետո կորոշվի կորոնարոանգիոգրաֆիաի հարցը: Ներքին հիվանդությունների N1 ամբիոնի դոցենտ Ա.Գասպարյանը ախտորոշել է սրտի իշեմիկ հիվանդություն, պրոգրեսիվող ստենոկարդիա, արյան շրջանառության անբավարարություն ֆունկցիոնալ դաս I, զարկերակային հիպերտենզիա II ստադիա, կրիզային ընթացքով, առաջարկվել է հոլտեր մոնիտորինգ, սթրես էխոկգ: Ա.Գասպարյանը առաջարկել է նաեւ կոնսերվատիվ թերապիա, հետազոտություններից հետո կրկնել կոնսուլտացիաները: Հիշեցնենք նաեւ, որ «էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժնում մայիսի 16-ին ախտորոշվել է` սրտի իշեմիկ հիվանդություն, ստաբիլ ստենոկարդիա ֆունկցիոնալ դաս III-IV, արյան շրջանառության անբավարարություն ֆունկցիոնալ դաս I: Զարկերակային հիպերտենզիա, II ստադիա, հիպերտոնիկ կրիզ: Բժշկական կենտրոնի կողմից հիվանդին բազմիցս առաջարկվել է կատարել կորոնարոանգիոգրաֆիա, սակայն վերջինս մինչեւ այսօր հրաժարվում է: Մայիսի 21-ի դրությամբ կատարվել է հոլտեր մոնիտորինգ, որի պատասխանից հետ «էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից կրկին կառաջարկվի կորոնարոանգիոգրաֆիայի անցկացում»: