Տուգանել են

23/05/2008

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը օրեր առաջ գրավոր դիմել էր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` տեղեկացնելով, որ Նոր-Խարբերդ գյուղում` Նախիջեւանի զոհերի հուշակոթող-մատուռից մոտ 30 մետր հեռավորության վրա, արդեն մեկ տարուց ավելի է` ավտոմեքենաներով կենցաղային աղբ են թափում` տարածքը վերածելով մեծ աղբանոցի: Բնապահպանության նախարարի հանձնարարականով, Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն այցելել են նշված տարածք եւ արձանագրել են բնապահպանական օրենսդրության պահանջների խախտում: Ըստ նախարարության` փաստերի հիման վրա համայնքի ղեկավարը ենթարկվել է 100.000 դրամ վարչական տուգանքի: Բացի այդ, Բնապահպանական տեսչության կողմից պարտադիր կատարման հանձնարարական է տրվել Նոր- Խարբերդի գյուղապետին` առկա բնապահպանական խախտման հետեւանքները վերացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում տարածքը բարեկարգվել եւ աղտոտման հետագա կանխարգելման նպատակով ցանկապատվել է: