Անուշ Խեչումյանը շատ բան ունի պատմելու, բայց ասելիքը դժվար խմվող դեղահաբի պես կանգնել է կոկորդին ու անխնա դառնացնում, ցավեցնում է նրան: Կարմրած ու արցունքոտ աչքերի արտահայտությունն անգամ չի փոխում Անուշի սառած ու մի կետին սեւեռած հայացքը:
6 երեխաների մայրը հանկարծ այնպես է պոռթկում, որ պատրաստ է բղավել. «Ուր պտտվում ես` փող, փող, փող… Էլ չեմ դիմանում, եթե փող չունես, ուրեմն` արհամարհվում ես բոլորի կողմից: Ախր փողն ի՞նչ ա, որ փողի պատճառով մենք էսքան ստորանում, նվաստանում ենք: Հոգնել եմ, հոգնել, հասկանո՞ւմ եք: Երեխեքս չգիտեն, թե ինչ բան ա ուրախությունը: Գնում են դպրոց` փող են ուզում` տխրում են: Գալիս են տուն` փող չկա, բոլորս անտրամադիր, տխուր, ուտելու բան չկա, հագնելու բան չկա` երեխեքս տխրում են: Էս ի՜նչ տխուր կյանք ա»: Անուշը թոքերի հիվանդ ամուսնու եւ վեց երեխաների հետ ապրում է մի տարածքում, որտեղ մարդիկ չեն ապրում` վագոնային ԴԵՊՈ-ում: Արցախի 32 կոչվող հասցեում իրար ետեւից շարված են Սովետի թվից մնացած կիսաքանդ շինություններ ու անգործության մատնված վագոններ: Անուշենց «տուն» հասնելու համար պետք է ԴԵՊՈ-ի մեծ դարպասներից ներս մտնել միայն հսկիչ-ոստիկանների թույլտվությամբ եւ հեռանալիս նույնպես սպասել նրանց բարեհաճությանը: Բազմանդամ այս ընտանիքն արդեն 13 տարի ապրում է այս տարածքում ԴԵՊՈ-ի ղեկավարության բարեհոգության շնորհիվ, քանի որ սեփականության իրավունք չունեն: Այն շինությունը, որը նրանք զբաղեցրել են` նախկին գրասենյակի երկու փոքրիկ ու անտանելի սենյակները, ո՛չ ջուր ունի, ո՛չ էլ կոմունալ պայմաններ: Ասում է` «Ես երիկամների ծանր հիվանդ եմ, երկու երիկամներս էլ չեն աշխատում, ամուսինս թոքերի հիվանդ ա` տուբերկուլյոզի նշաններով: Էս սենյակներն էլ խոնավ, ցուրտ, սենց գորշությունից ու աղքատությունից մեռնում ենք»: Վեց երեխաներից ավագը` Արթուրը, բնածին սրտի արատով հիվանդ, թերզարգացած է, սակայն դա չի խանգարել, որ տարիներ առաջ նրան զորակոչեն բանակ: Հարցնում եմ` «Բայց ինչպե՞ս, այդ հիվանդությունները ծանր են, պետք է նա ազատվեր ծառայությունից»: Պատասխանում է` «Իհարկե, պիտի ազատեին, նույնիսկ անձնագիր չուներ տղաս, բայց տարան: Մինչեւ հիմա անձը հաստատող փաստաթուղթ չունի, բայց առանց անձնագրի տարան՝ հերիք չի, հիվանդությունն է՛լ ավելի խորացավ: Եթե հանկարծ պատերազմական իրավիճակ սկսվեր, Արթուրս գերի ընկներ` ամբողջ Հայաստանը կծախեր, որովհետեւ ուղեղի, տրամաբանության անջատումներ ա ունենում, չի հասկանում: Նրան ուրիշի տեղը տարան, անձնագիր էլ չուներ: Մի խոսքով` մեր նմանները դատապարտված են»: Դատապարտված է նաեւ Անուշի 18 տարեկան որդին` Անդրանիկը, ով հետեւելով մի քանի տղաների խնդրանքին՝ ալյումինե պարկեր է տեղափոխել, որպեսզի այդ աշխատանքի արդյունքում հացի փող վաստակի: Ալյումինը հանձնման կետ տեղափոխելիս նրանց բռնել են, իսկ Անդրանիկին մեղադրանք են առաջադրել եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման: «Աբովյան» Կանանց եւ անչափահասների քրեակատարողական հիմնարկում կալանքը կրող Անդրանիկը մորն ասում է, որ շատ վատ վիճակում է, որովհետեւ իրականում ինքը գողություն չի կատարել, այլ բանվորություն է արել: Անուշն ասում է, որ 36.000 դրամ ընտանեկան նպաստը ստանալուն պես վազում է տղային տեսակցելու ու ամեն անգամ վերադառնում է «կիսամեռ» վիճակով։ «Լաց ա լինում, ասում ա` մամա՛, ես գող չեմ: Ես էդ մեշոկները կրել եմ, որ բանվորության դիմաց փող տան: Ասում ա` չգիտեմ, իմ մասին ի՞նչ ես մտածում, բայց հավատա, որ ես գող չեմ»,- որդու խոսքերը կրկնելիս՝ Անուշը հուզմունքից խեղդվում է ու չի կարողանում խոսել: 10-ամյա Սմբատը նյարդային համակարգի խեղում ունի, որովհետեւ իր ընտանիքում տիրող համատարած տխրությունն իր մոտ դեպրեսիկ վերարտադրություն է ունեցել: Ամուսինը` Ռուբիկը, չնայած թոքային ծանր հիվանդությանը, ԴԵՊՈ-ում զոդող է աշխատում ու աշխատավարձը ծախսում է միայն դեղորայքի վրա: Ղարաբաղում կռված այս տղամարդն այնքան բարկացած է, որ բղավելով է խոսում։ «Ես էնքան բան ունեմ ասելու, որ եթե խոսամ` վատ կլինի: Ի՞նչ ասեմ, էս ի՞նչ են անում, էս ո՞նց են սպանում մարդկանց: Պիտի երկուսին էլ բռնես-դատես, որ ընդդիմություն ու իշխանություն խաղալով՝ ժողովրդին չսպանեն: Իբր կարում էինք մի կտոր հաց ճարեինք` մի հատ էլ թանկությունով են բնաջնջում»,- գոռալով ներսում եղածը շպրտում է երեսիս` կարծելով՝ ընդդիմություն ու իշխանություն «խաղացողների» լիազոր-ներկայացուցիչն եմ:
«Կսովորեցնեմ աղքատներին օգնել»
12-ամյա Սիրանույշը երազում է լրագրող դառնալ: Ասում է` «Երբ շատ փոքր էի, էս մեր հայաթի բեսեդկայի մեջ ախպերներիս նստացնում էի, ասում էի` էս ձեր տունն ա, ես գալիս եմ ձեր տուն հարցազրույցի: Իրանց հարցեր էի տալիս: Հարցնում էի` ո՞նց եք ապրում, կյանքից գո՞հ եք: Մեկն ասում էր` չէ՛, շատ աղքատ ենք ապրում, մյուսն էլ ասում էր` հա՛, շատ փող ունեմ, ես հարուստ եմ: Ձեռքս մի հատ փայտ էի վերցնում, իբր թե միկրաֆոն էր, ու իրանց հետ հարցազրույց էի անում»: Սիրանույշի ամենամեծ երազանքը Ֆրանսիայի նախագահի հետ հարցազրույց անելն է, որովհետեւ աշխարհի ամենաբարի դեմք ունեցող նախագահն ինքն է: «Եսիմ, Ֆրանսիայի պրեզիդենտը նենց բարի ա երեւում ու, հետո, ես հեռուստացույցով տեսել եմ, որ ինքը աղքատ մարդկանց հետ շփվում ա»: Սիրանույշն այս տարի դպրոց է գնացել Անուշի պարտքով վերցրած նոր հագուստով: Հագուստն արդեն մաշվում է, իսկ պարտքը դեռ չեն մարել: Իրեն ապագայում լրագրող պատկերացնող Սիրանույշն ասում է` «Եթե դառնամ լրագրող` ամեն ինչ կանեմ, որ փող ունեցող մարդկանց սովորեցնեմ աղքատներին օգնել: Ես Առաքելական եկեղեցում քարոզներ եմ լսում ու գիտեմ, որ ճիշտն աղքատներին օգնելն ա: Համ էլ հարուստ մարդը չի կարա երջանիկ լինել, եթե հարստությունն աղքատների հետ չի կիսում: Ես կարդում եմ Ավետարանն ու գիտեմ, թե որն ա ճիշտը: Համ էլ ուրախանում եմ, որ քարոզներ եմ լսում, որովհետեւ հասկանում եմ, որ կարելի ա աղքատ լինել, բայց երջանիկ լինել, դրա համար էլ դիմանում եմ մեր պայմաններին, թե չէ` շատ տխուր ա մեր տունը»: 13 տարեկան Պարույրն էլ մորը խոստացել է ապագայում դառնալ Սոցապ նախարար ու Հայաստանում սոցիալական արդարությունը վերականգնել: Կարմրած աչքերով, սառած հայացքով Անուշը լսում է երեխաների խոսքերն ու դանդաղկոտ ժպտում է: Երեխաներն Անուշի համար մտովի մի գեղեցիկ ու հրաշալի ապագա են կերտում, որն ուղղակի երազանքներից կառուցված հեքիաթ է, իսկ իրականությունը տխուր է, շատ տխուր…