Հայ-ադրբեջանական հակամարտության Հասանղայա գյուղի ուղղությամբ 1992թ. հունիսի 29-ին մարտերի ընթացքում անհետ կորած համարվող 79 հայ ազատամարտիկների ճակատագրի մասին ծնողներն իմացել են միայն վերջերս: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե բոլորովին վերջերս ադրբեջանական որոշ աղբյուրների տրամադրած տեսաերիզի համաձայն` 79 ազատամարտիկներն այդ օրը զոհվել են եւ ադրբեջանցիների կողմից թաղվել ընդհանուր եղբայրական գերեզմանում: Տեսաերիզի ծագման մասին նա երեկ ոչինչ չասաց, սակայն 16 տարի առաջ կատարված տեսագրությունում երեւում են «անհետ կորած» վաշտի զոհված զինվորները, որոնցից շատերին ճանաչել են ինչպես ջոկատի հրամանատարը, այնպես էլ զինվորների հարազատները: Մ. Եղիազարյանը տեղեկացրեց, որ տեսագրությունը համացանցում կարելի է գտնել www.youtube.com կայքում` փնտրման վահանակում մուտքագրելով «Armenia Arabo Kriv, 1992» բառերը: Մ. Եղիազարյանի ասելով` հունիսի 29-ին տեղի ունեցած մարտական գործողություններին վաշտը չպետք է մասնակցեր, քանի որ այն գտնվում էր թիկունքում` որպես պահեստային ուժ, որը պետք է զբաղեցներ հակառակորդի կողմից ազատված տարածքը` վերջինիս նահանջի դեպքում: Բուն ուժերը` ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, անցել են գրոհի Լենինավանի ուղղությամբ` առաջ գտնվելով վաշտից մոտ 6 կմ-ով: «Կռվի թեժ պահին մենք ակտիվ կրակոցներ լսեցինք թիկունքում եւ հասկացանք, որ պահեստային վաշտը, որը բաղկացած էր 85 հոգուց, մարտի մեջ է մտել հակառակորդի հետ: Նրանցից միայն 6 մարդ` վաշտի ուղեկցորդները, ողջ վերադարձան մեզ մոտ, մյուս 79-ին, հետ գրավելով թիկունքը, մենք չգտանք, եւ նրանք մինչեւ վերջերս համարվում էին անհետ կորած. մենք կարծում էինք, որ գոնե նրանց մի մասը գերի է ընկել»,- ասաց Մ. Եղիազարյանը` նկատելով, թե տեսաերիզի ուսումնասիրությունից երեւում է, որ հայ ազատամարտիկների վրա հակառակորդը հարձակվել է դիմացից եւ կողքերից, ու նրանք դեպի թիկունք նահանջելու հնարավորություն ունենալով հանդերձ` մնացել են տեղում եւ կռվել մինչեւ վերջին մարդը: Մ. Եղիազարյանի համար անհասկանալի էր, թե ինչպես է հակառակորդը կարողացել իմանալ պահեստային վաշտի տեղակայման վայրը: Իսկ «Արաբո» հ/կ անհետ կորածների հարցերով ղեկավար Ռիմա Առաքելյանը, ում որդին նույնպես զոհվածների շարքում է, նշեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունում նախօրեին տեղի ունեցած` գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստում հարցը քննարկվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նրա խոսքով` նախարարի հրամանով Մարտակերտ է մեկնել հատուկ խումբ, որը պետք է պարզի տեղի ունեցածի կոնկրետ վայրը եւ ողջ ընթացքը: