Հարգելի «168 Ժամ»,
Ողջունելով «Մամուլի ազատության մասին» ՀՀ օրենքի սահմաններում հանրությանը լիարժեք տեղեկատվություն հաղորդելու` թերթի կողմից ծավալված բանավեճը` ուզում եմ պատմել ֆիզիկոս դոկտոր Աշքարի մեթոդի` անձիս վրա կատարած փորձի մասին: Կարծում եմ` ունեմ այդ իրավունքը, քանզի պատմության արժանահավատության երաշխավորը հենց ինքս եմ: Անցյալ տարի, պրն Աշքարի տեսանյութը դիտելուց հետո, ես եւ դուստրս որոշեցինք փորձարկել այն: Միանգամից ասեմ, որ նման համարձակ ձեռնարկը քաղցկեղի առկայությամբ չէր պայմանավորված, չնայած 1989-ին վիրահատվել էր արգանդիս միոմատիկ հանգույցը: Սակայն կային եւ կանխարգելիչ, եւ ընդհանուր նյարդային համակարգի բարելավման, քնի վերականգնման մի շարք նպատակ-խնդիրներ: Դնելուց հետո 10 օր շարունակ կար անհարմարության մի փոքր զգացում, սակայն 11-րդ օրից հետո այն իսպառ վերացավ: Նայած սիսեռի միջոցով վերքից հոսող արտադրության քանակին` օրվա ընթացքում 1-2 անգամ փոխում էինք այն` բժշկական սպիրտով, ռիվանոլով վերքը լավ մշակելուց հետո: Սիսեռը դնելուց ուղիղ 5 օր անց` վերացավ գլխապտույտս, որն ինձ բազմաթիվ անհարմարություններ էր պատճառում, եւ որը շարունակվում էր հիվանդանոցային պայմաններում, նեւրոպաթոլոգի կողմից նշանակված կաթիլային ներարկումներից հետո անգամ: Որոշ ժամանակ անց արձանագրեցի, որ քունս կանոնավորվել է, որ շատ հանգիստ եմ վերաբերվում շուրջս տեղի ունեցող իրադարձություններին: Արմատապես փոխվել էր դրանց ընկալման ձեւը. հուզայինից` բանականի: Մի խոսքով. վերացել էին տագնապները, հիշողությունս աշխուժացել էր, անընդհատ ուղեկցող լարվածության զգացումը վերացել էրգ ասես չէր էլ եղել:
Ամռանը ծովում հանգստանալու որոշում ընդունելուց հետո, մեթոդը խիզախեցի փորձարկել նաեւ աղի ջրում: Սիսեռահատիկը որեւէ կերպ չարձագանքեց իմ այդ փորձին. նա իրեն այնպես էր պահում, ասես ոչինչ չէր պատահել: Մենք եւ սիսեռն իրար հրաժեշտ տվեցինք ուղիղ 6 ամիս հետո: Վերքը փակվեց մի քանի օրում: Այժմ նրա փոխարեն մեզ հետ է փոքրիկ սպին, որը վկայում է կես տարվա մեր «բարեկամության» մասին, որի ընթացքում առանց քիմիական դեղամիջոցների, առանց նյութական միջոցներ վատնելու, վերագտանք մեր առողջությունը: Մի բանի համար եմ ափսոսում միայն, որ հնարավոր չեղավ սիսեռով կորզված հեղուկ զանգվածը փորձաքննության ենթարկել, միգուցե ա՞յդ կերպ հնարավոր կլիներ գիտական հիմնավորումներ ներկայացնել բժիշկ-ընդդիմախոսներին, որոնք ասես «խաչակրաց արշավանքի» են ելել բուժման մի մեթոդի դեմ, որի արմատները ժամանակագրությամբ դոկտոր Աշքարից շատ-շատ առաջ են:
Մ. ՍՏԵՓԱՆՅԱՆ