Հոգեբաններն ու սոցիոլոգները բավական հաճախ են անդրադառնում սթրեսային
մասնագիտություններին եւ նույնիսկ կազմում են նրանց վարկանիշային «թեժ
տասնյակը»: Կախված ուսումնասիրվող երկրի առանձնահատկություններից՝
ամենասթրեսային մասնագիտությունների ցուցակը կարող է փոփոխվել:
Որպես սթրեսայնության չափանիշ՝ ընդունում են տվյալ ոլորտի աշխատողների
առողջական վիճակը եւ հատկապես սրտային հիվանդությունների
հաճախականությունը, ալկոհոլիզմի առաջացման հավանականությունը,
ապահարզանների եւ ճանապարհատրանսպորտային վթարների ենթարկման
հաճախականությունը: Մանչեսթերի համալսարանի անգլիացի հոգեբանների
հրապարակած տվյալներով, ամենասթրեսայինը համարվում է հանքափորի
մասնագիտությունը: Երկրորդ տեղը զբաղեցնում են ոստիկանները, իսկ երրորդը
տեղը կիսում են շինարարներն ու լրագրողները: Դերասանների, բժիշկների,
վարորդների, դիվանագետների եւ ֆերմերների զբաղմունքն, ըստ վարկանիշի,
պակաս սթրեսային է: Այս շքերթը եզրափակում են թանգարանների եւ
ցուցասրահների աշխատողները:
Բժշկական գիտությունների թեկնածու, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանն այս
դասակարգման հետ համաձայն է փոքր վերապահումով: Նրա կարծիքով, ցուցակում
չի հիշատակվում այնպիսի սթրեսային մասնագիտության տեր մարդկանց մասին,
ինչպիսիք ուսուցիչներն են: Առանձին խումբ են կազմում հնագույն
մասնագիտության տեր մարմնավաճառները: Կարելի է ասել, որ նրանք գումար են
վաստակում ոչ միայն առողջության, այլեւ՝ կյանքի գնով: «Դեպրեսիաներով
տառապողների մեծ զանգված են կազմում մարմնավաճառները,- ասում է Մ.
Զաքարյանը։ -Մարմնավաճառությունը ֆիզիկական, հոգեբանական եւ բարոյական
լուծ է: Բացի նրանից, որ այդ կանայք կտրված են հասարակությունից, հաճախ
ենթարկվում են ծեծի եւ ապահովագրված չեն տարատեսակ հիվանդություններից,
նրանք նաեւ բարոյալքված ու նվաստացած են իրենց զգում:
Ինքնասպանությունների շատ դեպքեր են լինում հենց մարմնավաճառների
շրջանում»:
Թեեւ «սթրեսը» սովորաբար կիրառվում է բացասական համատեքստում, իրականում
դա օրգանիզմի բնական պաշտպանական ռեակցիան է արտաքին գրգռիչների նկատմամբ:
Սթրես կարող է առաջացնել այն ամենն, ինչն ազդում է նյարդերի վրա, եթե
նույնիսկ մարդը դա չի նկատում կամ չի գիտակցում: Սթրեսային կարող են լինել
աշխատանքային պայմանները, հարաբերությունները, գործի բնույթը: Օրինակ,
աղմկոտ գործարանների աշխատակիցներն ամեն օր ստանում են իրենց հասանելիք
սթրեսի դոզան, նույնիսկ գլխի չընկնելով այդ մասին: Սակայն սթրեսը, որպես
այդպիսին, դեռ հիվանդություն չէ: Մարդուն չեն բուժում սթրեսից, այլ հանում
են սթրեսից, դրա համար ապահովելով ֆիզիկական եւ հոգեկան հանգիստ: Բայց կան
մասնագիտություններ, որոնք կարող են հաշմանդամ դարձնել մարդուն:
Դեռեւս կառավարության 1996 թվականի որոշմամբ, հաստատվել էր մասնագիտական
հիվանդությունների ցանկը: Մասնագիտական հիվանդություն ասելով` պետք է
հասկանալ մասնագիտական պարտքը կատարելու ընթացքում աշխատողի առողջության
վատթարացումը: Որոշումն ընդգրկում է 47 անվանում հիվանդություն, որոնք ըստ
հիվանդածին գործոնների՝ բաժանված են յոթ խմբի: Դրանք են՝ քիմիական
թունավոր նյութերի ազդեցությունից, արդյունաբերական աերոզոլների
ներգործությունից, ֆիզիկական եւ կենսաբանական գործոնների ազդեցությունից
առաջացող, ինչպես նաեւ՝ առանձին օրգանների եւ համակարգերի գերլարված
աշխատանքային գործունեության հետ կապված հիվանդությունները, ալերգիկ
հիվանդությունները եւ նորագոյացությունները: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարության՝ աշխատանքի բաժնի պետ Գագիկ Բլեյանի խոսքերով,
հիվանդությունների պատճառ կարող է լինել գործի բնույթը եւ ոչ թե
պայմանները: Այսպիսով, մասնագիտական հիվանդությունների շրջանակն ավելի է
լայնանում: «Օրինակ, ուսուցչի կամ երգչի ձայնը կարող է կտրվել,- ասում է
Գ. Բլեյանը։ -Այս դեպքում մասնագիտական ունակությունների կորուստը
պետությունը ապահովագրում է, եւ տուժվողը ստանում է հատուցում: Օդաչուների
ձեռքերը երկար թռչելուց սկսում են դողալ, դրա համար նրանք կենսաթոշակի են
անցնում 10.000 ժամ թռչելուց հետո: Իսկ եթե ստանում են հաշմանդամության
կարգ, ապա ստանում են նաեւ հատուցում: Մասնագիտական պարտքը կատարելու
ժամանակ մահանալու դեպքում կորուստը հատուցվում է ժառանգներին»:
Խորհրդային տարիներին վնասակար աշխատանքի տեր անձանց հավելավճարների
համակարգը, երբ հոգեբույժների աշխատավարձը մնացած բժիշկների աշխատավարձից
25%-ով ավելի էր, կամ երբ վնասակար արտադրություններում կաթ էին բաժանում,
մեր ժամանակներում ընդունված չէ: «Մենք ոչ թե վատ պայմաններում աշխատողին
արտոնություններ պետք է տանք, այլ՝ ապահովելով նորմալ պայմաններ, կանխենք
մասնագիտական հիվանդության առաջացումը»,- ասում է Գագիկ Բլեյանը:
Բոլորովին վերջերս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում
կազմավորվել է Աշխատանքի պետական տեսչություն: Ըստ Գագիկ Բլեյանի, այն
վերհսկողություն է իրականացնելու սեփականաշնորհված օբյեկտների՝
արտադրամասերի, գործարանների եւ այլ ձեռնարկությունների նկատմամբ, որոնք
երբեմն հասարակության կողմից ընկալվում են որպես սեփականատիրոջը պատկանող
եւ նրա թելադրանքներին ենթարկվող ձեռնարկություններ: Աշխատանքային
տեսչության հիմնական նպատակն է լինելու ստիպել ձեռնարկատերերին աշխատել եւ
«աշխատեցնել» օրենքի սահմաններում: Աշխատանքային վատ պայմանների
առկայության դեպքում ձեռնարկությունները տուգանվելու են կամ դադարեցնելու
են գործունեությունը: Տեսչությունը նաեւ կարող է հանդես գալ ձեռնարկության
աշխատակիցների անունից եւ դիմել դատարան, եթե խախտվել են վերջիններիս
անվտանգության կամ այլ աշխատանքային իրավունքները: Ուզում ենք հավատալ, որ
Աշխատանքային տեսչություն կոչվող կառույցն իր գործելակերպով չի նմանվի այլ
հայտնի տեսչությունների:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել
«Արտադրությունում եւ մասնագիտական հիվանդություններից պարտադիր
ապահովագրության մասին» նոր օրենքի նախագծով: