Կոսովոյի նախադեպը շատ վտանգավոր է

23/05/2008

Ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքական արժեքը

1. Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» ղարաբաղյան հակամարտության շուրջ եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։

2. Ի՞նչ գլխավոր եզրակացությունների կարելի է հանգել Կոսովոյի անկախության ճանաչումից հետո, կարո՞ղ է այդ ճանաչումը դառնալ բացառություն ընդունված միջազգային կանոններից։

3. Ձեր կարծիքով՝ միջազգային ո՞ր ինստիտուտները կարող են իրապես նպաստել հայ (ադրբեջանցի) ժողովրդի անվտանգությանը, եւ ո՞րն է հիմա միջազգային միջնորդության՝ հայկական եւ ադրբեջանական կողմերի համար լավագույն ձեւաչափը։

4. Աշխարհաքաղաքականության նշանակության վերաբերյալ կա երկու կարծիք. հակամարտ կողմերից ոչինչ կախված չէ, եւ կարգավորումը կլինի այն ժամանակ, երբ ձեռք կտա գերտերություններին, իսկ երկրորդ կարծիքն այն է, որ կարգավորումը կախված է միայն հակամարտության կողմերից, եւ կարգավորմանը խանգարող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներն ընդամենը հարմար արդարացումներ են կողմերի համար։ Ձեր կարծիքով՝  այս բացատրություններից ո՞րն է ավելի հիմնավորված։

5. Ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ ունեն հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները (ղարաբաղյան, աբխազական, հարավօսական, չեչենական, մերձդնեստրյան)։

Այս հարցերն էինք ուղղել հայ եւ ադրբեջանցի փորձագետներին (յուրաքանչյուր կողմից` չորսական հարցվածի), նպատակ ունենալով ծանոթանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ արտահայտվող աշխարհաքաղաքական շահերի ու խնդիրների մասին մեր երկրում եւ Ադրբեջանում եղած կարծիքների հետ: Ստորեւ շարունակում ենք ներկայացնել նրանց պատասխանները:

«Ռեգիոն» կենտրոն

1. Այսօր գոյություն ունեցող որեւէ հակամարտություն չի կարող վերջնական լուծում ունենալ, եթե չկա աշխարհաքաղաքական հավասարակշռություն: Հետեւաբար` աշխարհաքաղաքական հավասարակշռությունը մեծ դեր ունի նաեւ ղարաբաղյան հակամարտության համար: Այսօր, թեպետ ԱՄՆ-ի կողքին հզորանում են նաեւ Չինաստանն ու Ռուսաստանն, աշխարհը դեռեւս շարունակում է մնալ միաբեւեռ: Որքան արագ զարգանան այդ երկրներն, այդքան շատ կկարողանան ազդել աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա: Խնդիրն այն է, որ ցանկացած հակամարտության մեջ պետությունները հետապնդում են իրենց շահերը: ղարաբաղյան հակամարտության դեպքում էլ հզոր երկրներից յուրաքանչյուրն (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) ունի իր շահը: Եվ եթե այդ պետությունների միջեւ հավասարակշռությունը խախտված է, ապա դա ազդում է հակամարտության վրա. գերիշխող պետությունը փորձում է թելադրել իր շահերը: Այս պայմաններում հակամարտության կարգավորման հարցում համաձայնություն լինել չի կարող: Իմ կարծիքով, Ղարաբաղյան եւ ընդհանրապես ցանկացած հակամարտության կարգավորումը մեծագույնս կախված է հենց աշխարհաքաղաքական հավասարակշռությունից:

2. Կոսովոյի ճանաչումն արդեն իսկ բացառություն է ընդունված օրենքներից: Թեպետ միջազգային իրավունքում կա եւ՛ ազգերի ինքնորոշման, եւ՛ տարածքային անձեռնմխելիության սկզբունքը, սակայն մինչեւ հիմա կիրառվել է միայն երկրորդը, քանի որ առաջինի նախադեպ չի եղել: Նախքան Կոսովոյի ճանաչումը կոնֆլիկտները կարգավորվել կամ չեն կարգավորվել, սառեցվել կամ այլ ընթացք են ստացել: Հիմա խախտվել են աշխարհում ընդունված խաղի կանոնները եւ պարզ չէ` ինչ կլինի: Սա շատ լուրջ եւ վտանգավոր մարտահրավեր է, քանի որ, փաստորեն, երկու հակասող սկզբունքներն էլ դառնում են կիրառելի, եւ հակամարտությունների կարգավորման որեւէ որոշման հանգելը կրկնակի բարդանում է: Իսկ նման հակամարտություններ աշխարհում շատ կան, եւ այս նախադեպը կարող է հիմք լինել մնացածների համար: Ես չեմ կարծում, որ Կոսովոյի ճանաչումը դրական ազդեցություն կունենա:

3. Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու խոսք լինել անգամ չի կարող: Իմ կարծիքով` Հայաստանը պետք է ձգտի ընդլայնել իր ներգրավվածությունը Եվրամիության ծրագրերում եւ այլ ելք չունի, քան աշխատել՝ որքան հնարավոր է սերտ համագործակցություն ունենալ Ռուսաստանի հետ: Միջնորդի ընտրությունը հակամարտության կողմերինն է: Կողմերը սովորաբար նախընտրում են ունենալ այնպիսի միջնորդ, որոնց հետ ունեն պատմական, մշակութային եւ տնտեսական կապեր, հույս ունենալով, որ դա կօգնի իրենց շահերի պաշտպանության ժամանակ: Այսօր Ռուսաստանն, օրինակ, շատ լավ միջնորդ է եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի համար: Հայաստանին շատ ձեռնտու է Ֆրանսիայի միջնորդությունը: Հետաքրքիր փորձառություն կլիներ նաեւ Պարսկաստանի ընդգրկումը միջնորդների կազմում: Իսկ Ադրբեջանին, հավանաբար, ավելի նախընտրելի է Թուրքիայի միջնորդությունը: Նույնը՝ ԱՄՆ-ի դեպքում, քանի որ թուրքական եւ հրեական լոբբին մեծ ազդեցություն ունի նահանգներում:

4. Ղարաբաղյան հակամարտության դեպքում երկու կարծիքներն էլ հիմնավոր են: Ուստի` ես կառաջարկեի երրորդ կարծիքը, որը երկուսի համադրումն է. հակամարտության կարգավորումը մեծագույնս կախված է գերտերություններից եւ հնարավոր չէ առանց հակամարտության կողմերի համաձայնության: Մեկն առանց մյուսի չի լինում:

5. Հիմնական տարբերությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի «հայր պետություն»` ի դեմս Հայաստանի, որը ներկայացնում է Ղարաբաղի շահերը միջազգային հանրությունում: Դա լավ է Ղարաբաղի համար: Ո՛չ աբխազական, ո՛չ հարավօսական եւ ո՛չ էլ մերձդնեստրյան նորաստեղծ չճանաչված պետությունները չունեն իրենց «Հայաստանը»: Տարբերություն է նաեւ այն, որ ղարաբաղյան հակամարտության պատերազմական փուլում զոհեր անհամեմատ շատ են եղել, քան մյուս հակամարտությունների դեպքում: Իսկ ընդհանրությունն այն է, որ բոլոր այդ պետություններն էլ առանձնացել են եւ ձգտում են հիմնել իրենց պետականությունը: