Նախօրեին հայտնի դարձան «Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթի եզրափակիչի առաջին տասը մասնակիցները: Առաջին կիսաեզրափակիչի արդյունքում մրցույթի գլխավոր փուլ են անցել Հունաստանի, Ռումինիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Իսրայելի, Ադրբեջանի, Հայաստանի, Լեհաստանի եւ Նորվեգիայի ներկայացուցիչները: Ինը մասնակիցներին որոշել են հեռուստադիտողները, եւս մեկին` մասնակից երկրների պահեստային ժյուրիները: Եզրափակիչ չմտան Չեռնոգորիան, Էստոնիան, Մոլդովան, Սան Մարինոն, Բելգիան, Սլովենիան, Անդորրան, Նիդեռլանդները եւ Իռլանդիան: Մայիսի 22-ին տեղի է ունենալու երկրորդ կիսաեզրափակիչը: Բելգրադում բեմ դուրս կգան Բելառուսի, Իսլանդիայի, Շվեդիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Լիտվայի, Ալբանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Լատվիայի, Խորվաթիայի, Բուլղարիայի, Դանիայի, Վրաստանի, Հունգարիայի, Մալթայի, Կիպրոսի, Մակեդոնիայի եւ Պորտուգալիայի ներկայացուցիչները: Մրցույթի եզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 24-ին, մրցելու է 25 երկիր՝ տասական երկիր յուրաքանչյուր կիսաեզրափակիչից, մրցույթի հիմնադիր չորս երկրները՝ Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, եւ «Եվրատեսիլ-2007»-ի հաղթող երկիրը՝ Սերբիան: