«Արցախում աշխատել ցանկացողներ չկան»

23/05/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նորեկ Գասպարյանն արձակագիր է, բանաստեղծ, երկար տարիներ աշխատել է ԼՂՀ հեռուստատեսությունում, եւ այժմ, արդեն յոթ ամիս է, ինչ Արցախի մշակութային կյանքի պատասխանատուն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներքաղաքական ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունի, ինչպես ասում է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` «չկա մի օր, երբ Արցախի հողում կրակոցներ չլսվեն»: Թեեւ ԼՂՀ քաղաքացիները մեծամասնությամբ ոչ կայուն աշխատանք, ոչ էլ ժամանցի վայրեր ունեն, սակայն փորձում են ապրել բնականոն կյանքով, իրենց երեխաներին արվեստի դպրոցներ են ուղարկում, թատրոն են հաճախում ու ցանկանում են իրենց գեղեցիկ ու չճանաչված հանրապետությունը զարգացած տեսնել:

– Պարոն նախարար, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հետագա մշակութային կյանքը, արվեստի ո՞ր ճյուղերն եք հեռանկարային համարում:

– Նախկինում մեր նախարարությունը համակարգում էր մշակութային, կրթական ու սպորտի հարցերը, հիմա Մշակույթի նախարարությունն առանձին օղակ է դարձել: Որքան էլ տաղանդավոր լինի ղեկավարը, նա, միեւնույն է, չի կարողանա տիրապետել այդ բոլոր բնագավառներին։ Չեմ կարող ասել, որ մշակութային քաղաքականությունը գտնվում է այն վիճակում, որը մենք ցանկանում ենք տեսնել։ Ղարաբաղի մշակութային օջախները կարծես թե ստեղծվել են հանդիսություններ ու միջոցառումներ անցկացնելու համար, եւ խոշոր մշակութային արժեքներ չեն ստեղծում։ Կոնկրետ, ընդգծված, որոշակի մակարդակ բավարարող վիճակում գտնվում է երգչախմբային արվեստը, մենք Կամերային ու ջազային նվագախմբեր ունենք։ Պարզապես, մեր նվագախմբերն ունեն երաժշտական գործիքներ ու ձայնային սարքավորումներ ձեռք բերելու խնդիր։ Պարարվեստի ուսումնարան, մանկական ստեղծագործության տուն, արվեստի դպրոց ունենք։ Կայացած համակարգ ունի նկարչական արվեստը։ Ղարաբաղում բոլոր պայմանները կան մշակույթը զարգացնելու համար, պարզապես մշակույթը հատուկ վերաբերմունք է պահանջում։

– Հասկանալի է, որ Արցախում մշակույթի ոլորտում մեծ գումարներ չեն ներդրվում, քանի որ բանակ է պետք պահել, կոմունիկացիաները վերականգնել, սակայն կան մարդիկ եւ՛ Հայաստանում, եւ՛ սփյուռքում, որոնք մեծ սիրով կգան ու կաշխատեն այստեղ։

– Մեր զրույցը մի քիչ եթերային, վերերկրային է դառնում, քանի որ դժվար է պատկերացնել, որ Ֆրանսիայում կամ Բրիտանիայում ապրողը կարող է գալ ու այստեղ աշխատել։ Նման ցանկություն հայտնողներ չկան։ Համենայնդեպս, ես նրանց չեմ ճանաչում։ Մարդիկ, սովորաբար, ավելի շատ խոսում են, ասում են՝ սա կարելի է անել, դա կարելի է անել, բայց երբ կոնկրետ առաջարկներ են ստանում, խուսափում են աշխատել։ Ղարաբաղի Հանրապետությունը բոլոր ասպարեզներում մասնագետների կարիք ունի։ Անչափ կարեւոր է նշել, որ բավականին բարձիթողի վիճակում է մշակութային կենցաղը, մենք խոշոր գյուղերում չունենք մշակույթի տներ, եւ հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող ենք 1500-2000 բնակչություն ունեցող գյուղերում ակտիվացնել երիտասարդների կյանքը։

– Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնում աշխատում է ֆրանսիացի ռեժիսոր Նարեկ Դուրյանը։ Այդպիսի համագործակցության նախադեպեր ստեղծելն արդյոք լավ ուղի չէ՞ մշակութային կյանքն ակտիվացնելու համար։

– Թատրոնը հիմա չունի ռեժիսոր, դերասանական կազմն էլ կիսատ-պռատ վիճակում է։ Մենք պատրաստ ենք Երեւանից ընդունել ռեժիսորներ ու դերասաններ, բայց այսօր ոչ ոք չի ցանկանում մեր թատրոնում աշխատել։ Պատճառն այն է, որ աշխատավարձերը բարձր չեն։

– Իսկ Հայաստանի Մշակույթի նախարարության հետ չե՞ք համագործակցում:

– Շուտով հանդիպելու ենք նախարարի հետ, քննարկելու շատ հարցեր ունենք։ Մենք մեկ դաշտում ենք գործում եւ, բնականաբար, պետք է նույն մշակութային քաղաքականությունն ունենանք։ Իսկ հիմա կատարվում է հետեւյալը. Հայաստանը տարբեր երկրներում մշակութային օրեր է անցկացնում, բայց Արցախն այդ ծրագրերում ընդգրկված չէ։

– Ինչպե՞ս կարող է Արցախն ընդգրկված լինել, եթե այն անկախ հանրապետություն է։

– Բոլորս էլ գիտենք, որ անկախ հանրապետություն ենք, բայց չճանաչված լինելը հնարավորություն չի տալիս մեզ «դուրս գալ», իսկ Հայաստանի կազմում մենք կարող ենք ներկայացնել մեր մշակույթը։ Այդպես կարող է լինել մինչ մեր ճանաչվելը։

– Անընդհատ խոսվում է այն մասին, որ մենք զիջում ենք ադրբեջանցիներին տեղեկատվական պրոպագանդայի դաշտում։ Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ:

– Իմ կարծիքով, այդ միտքը տրաֆարետային է դարձել, ինչ-որ մեկն ասել է այդ մասին, եւ բոլորը սկսել են այն կրկնել։ Մենք ասում ենք, որ զիջում ենք տեղեկատվական դաշտում, բայց իրականում` մենք չենք զիջում։ Ադրբեջանցիներն էլ ասում են, որ իրենք են մեզ զիջում։ Կարծես թե անցել է այն ժամանակը, երբ մենք անընդհատ փորձում էինք աշխարհին ապացուցել ու համոզել, որ եկեղեցիները, գորգերն ու խաչքարերը մերն են, որ մերն է այս հողն ու այս գյուղերը։ Այնքան ենք այդ մասին ասել, որ արդեն ձանձրույթ կա մեր ասածների մեջ։ Ոչինչ ապացուցել պետք չէ, ամեն ինչն արդեն ապացուցված է։ Եթե մարդիկ պատրաստ չեն այդ բանն ընկալել, որքան էլ ասենք` նրանք, միեւնույն է, դա չեն ընդունելու։ Գանձասարն, օրինակ, մերն է, էլ ապացուցելու ի՞նչ կարիք կա։ Գանձասարը կամ Դադիվանքը հո չե՞նք դարձնելու վեճի առարկա։ Եթե դա անենք, ծիծաղելի վիճակում կհայտնվենք։ Ես համոզված եմ, որ պետք չէ ադրբեջանցիների հետ անընդհատ վեճի մեջ մտնել։ Այս հողը մերն է, եւ վերջ։ Խնդիրը միայն ուժեղ բանակ ունենալու ու ամեն օր պատերազմի պատրաստ լինելու մեջ է։ Մենք հիմա ուրիշ խնդիր չունենք։ Իսկ տեղեկատվական դաշտի մասին խոսելն անիմաստ է, դա սոսկ կենցաղային հարց է։

– Որպես Մշակույթի նախարար չե՞ք կարծում, որ մշակույթը նաեւ զենք է։

– Դե, իհարկե, այդպես է։ Բանակը բազկի ուժն է, դպրոցը ուղեղն է, բանականությունն է, իսկ մշակույթը մտածողություն է, փիլիսոփայություն է։ Ես այդպես եմ մտածում։ Եվ աշխարհը պիտի տեսնի մեր փիլիսոփայությունը, մեր վերաբերմունքը տիեզերքի հանդեպ։

– Դուք բանաստե՞ղծ եք։

– Այո, եւ ՛բանաստեղծություններ, եւ՛ արձակ գործեր եմ գրում։ Իհարկե, միայն այն ժամանակ, երբ ազատ եմ լինում։

– Մենք տեսանք, որ շքեղ տպագրված գրքեր ունեք։ Իսկ Գրողների միություն կա՞ Արցախում։

– Արցախում բավականին լավ, համերաշխ գրական «ընտանիք» կա, կան շնորհալի, նույնիսկ՝ տաղանդավոր գրողներ։ Գրահրատարակչություն ունենք, տարեկան 20-25 գիրք ենք տպագրում։

– Այդ գրքերը սովորաբար ի՞նչ ճակատագրի են արժանանում, հասնո՞ւմ են Հայաստան։

– Սովորաբար Արցախում տպագրված գրքերը հանձնվում էին մեր հանրապետության գրադարաններին, եւ… վերջ։ Բայց գրքերը չեն կարող միայն գյուղական դպրոցների գրադարանների համար տպագրվել, գրքերը պիտի տպագրվեն ամբողջ Հայաստան աշխարհի համար, որպեսզի եւ՛ մեզ ճանաչեն Հայաստանում, եւ՛ մենք ճանաչենք Հայաստանի գրողներին։ Իսկ հիմա այնպիսի վիճակ է, որ միայն Երեւանում ապրող գրողներն են գալիս Արցախ, իսկ արցախցի գրողներին Հայաստանում չեն ճանաչում։ Պետք է խոստովանեմ, որ ավելի շատ մենք ենք հնարավորություններ ու պայմաններ ստեղծում՝ Հայաստանի գրողներին դիմավորելու, հանդիպումներ կազմակերպելու համար։ Փոխադարձ կապը, ցավոք սրտի, մինչ այսօր չկա։

– Համաձայն չե՞ք, որ ժամանակակից գրականությունը որոշ իմաստով «կտրված» է կյանքից ու չի գտնում իր ընթերցողին:

– Դե, դա տեղի է ունեցել դեռ վաղուց։ Նախկինում «Գրականություն ու արվեստ» հանդես կար, որի անվանումն արդեն ասում էր այն մասին, որ գրականությունը արվեստից առանձնացրել էին։ Իմ կարծիքով՝ գրականությունն իր մեջ համախմբում է բոլոր արվեստները՝ երաժշտությունը, նկարչությունը… Այսպես թե այնպես, մեր հանրապետությունում գրականության ճյուղը կտրված չէ կյանքից։ Նույնիսկ խորհրդային տարիներին արցախցի գրողները մեծ համբավ ունեին, մեր թատրոնը անպայման բեմադրում էր Արցախում ապրող գրողների ստեղծագործությունները։ Դա ավանդույթ է, որը հիմա էլ է շարունակվում։

– Թատրոնի շենքը հիմա կիսաքանդ է եւ չի գործում: Այն վերականգնելո՞ւ եք:

– Մշակույթի ասպարեզում թատրոնը միշտ էլ եղել է ամենաբարդ տարածքը։ Մեր թատրոնի շենքը վթարային վիճակում է, եւ հանրապետության նախագահի հանձնարարությամբ մենք ուսումնասիրում ենք, որպեսզի հասկանանք՝ հնարավո՞ր է այն վերականգնել, թե՞ ոչ։ Վերականգնումը մեծ ֆինանսներ ու ժամանակ է պահանջում։ Իսկ ժամանակ կորցնելը նշանակում է՝ հրաժարվել թատրոնից։ Մենք հիմա ամեն ինչ անում ենք՝ ժամանակակից թատրոն ունենալու համար։ Շենք քանդելն ու կառուցելը հեշտ գործ է։ Ենթադրենք, նոր շենք կառուցեցինք, բայց այդ շենքը հոգեւոր արժեք չի լինի, այն միայն նյութական արժեք է։ Հոգեւոր արժեքը դերասանական կազմն է։ Եվ մենք առաջին քայլերն ուզում ենք անել՝ թատերական ստուդիա ստեղծելով։ Արդեն ունենք նման ստուդիա, որը երկու տարվա դասընթացներ է նախատեսում։ Եվ այդ ստուդիան գերազանց գնահատականներով ավարտած ուսանողներին մենք պետք է ուղարկենք սովորելու Երեւան։ Ուզում եմ ասել, որ միայն մեզնով, մեր ուժերով մենք հոգեւոր արժեքներ չենք կարող ստեղծել, անպայման Երեւանն ու Ստեփանակերտը պիտի խաչվեն։

– Իսկ ինչո՞ւ ոչ Ամերիկան կամ Եվրոպան։

– Դա սուտ եւ վերացական ճանապարհ է, իսկ Երեւանը տեսանելի ու շոշափելի է։

– Կարելի է ասել, որ ձեր աշխատանքը հիմնված է օբյեկտիվ գնահատականների վրա:

– Չինովնիկը պարտավոր է իր էությամբ, մակարդակով, մտածողությամբ իրականացնել պետական քաղաքականությունը։ Մեկ-մեկ ազատ, ինքնուրույն մտածելակերպ ունեցող, նորաձեւ մարդուն ու պետական պաշտոնյային կողք կողքի են դնում ու փորձում են համեմատել։ Ես ժխտում եմ նման համեմատությունները, քանի որ համոզված եմ, որ եթե պաշտոնյան ներքին ազատություն կամ ներքին վերաբերմունք չունենա, չի կարողանա կայացած պետական պաշտոնյա լինել։ Ես ուրախ եմ, որ համ բանաստեղծ եմ, համ էլ պետական պաշտոնյա եմ։ Բանաստեղծ լինելը նույնիսկ օգտավետ է իմ աշխատանքում, քանի որ հեշտացնում է իմ գործունեության ծավալումը։ Չոր-ցամաք, միայն փողկապ կրող պետական պաշտոնյան չի կարող կայանալ։ Պոեզիան, արվեստը, մշակույթն օգնում են պաշտոնյային կայանալ ու աշխատել։ Ի դեպ, խոստովանեմ նաեւ, որ մշակույթն այն եզակի տարածքն է, որտեղ մենք ապրում ենք անկեղծ, ազնիվ ու ազատ ենք մտածում։

– Արդյոք կարեւոր չէ՞ մտածել այն մասին, որ ստեղծագործությունը պիտի հետաքրքիր լինի ընթերցողին կամ դիտողին։

– Եթե արվեստագետը մտածեց ուրիշներին հետաքրքիր լինելու մասին, նա չի կարողանա ստեղծել այն, ինչը պիտի ստեղծի։ Իսկական արվեստագետի, մի քիչ կոպիտ ասեմ՝ «վեջը» չէ, թե իրեն ինչպես են ընդունելու։ Դալին կամ Պիկասոն երբեք չեն մտածել, թե իրենց նկարածն ինչպես պետք է աշխարհն ընդունի։ Եթե կարողանում ես՝ ստեղծիր։ Իսկ եթե չես կարողանում՝ մի ստեղծիր ու հանգիստ թող աշխարհը։