Microsoft կորպորացիան չի պլանավորում ԱՄՆ-ի Yahoo! Inc. համացանցային ընկերության լիակատար գնում, սակայն բանակցություններ է վարում վերջինիս հետ այլ կարգի գործարքների կնքման շուրջ: այդ մասին այսօր հաղորդել «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերին: «Մենք չենք հավակնում գնելու Yahoo!-ն»,- ասել է Բալմերը: «Սակայն մենք փորձում ենք գործարքների շուրջ բանավեճեր վարել Yahoo!-ի հետ, որոնք կարող են լինել կարեւոր, բայց ընկերության լրիվ գնում չենթադրող»,- հավելել է Microsoft-ի ղեկավարը՝ չճշտելով, թե համագործակցության հատկապես ինչ տարբերակների մասին է խոսքը: Դրանով իսկ Բալմերը հավաստել է ավելի վաղ հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ կորպորացիան համացանցային ընկերության լիակատար գնման նոր փորձ չի պլանավորում, սակայն իրեն կոոպերացիայի ուրիշ այլընտրանքների իրավունք է վերապահում:
Բիլ Գեյթսի կողմից հիմնադրված ծրագրային ապահովման աշխարհում խոշորագույն մշակողը փետրվարի 1-ին հայտարարել էր համացանցային հսկայի բաժնետոմսերի գնման եւ մնացած մասը կանխիկով վճարման միջոցով Yahoo! Inc.-ի ձեռքբերման գործարք իրականացնելու իր առաջարկության մասին: Ըստ որում Microsoft-ն առաջարկել էր Yahoo! Inc.-ի բաժնետոմսերը ձեռք բերել մի գնով, որը վերջինիս արժեթղթերի շուկայական արժեքը գերազանցում էր ավելի քան 60 տոկոսով: Չնայած դրան, համացանցային ընկերության ղեկավարությունն առաջարկված գինը համարել էր իջեցված եւ պաշտոնապես մերժել էր սկզբնական առաջարկությունը, որը կազմում էր 44,6 միլիարդ դոլար: Yahoo!-ի գնման վերջին առաջարկված գինը կազմել է 47,5 միլիարդ դոլար (33 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց), ինչը 70 տոկոսով բարձր էր հունվարի վերջի դրությամբ շուկայական գնից՝ գնման շուրջ բանակցություններից առաջ: Սակայն կամակոր գործընկերը պահանջել է 53 միլիարդ կամ մեկ բաժնետոմսի դիմաց՝ 37 դոլար: Մայիսի սկզբին երկու կորպորացիաների ղեկավարության հանդիպումից հետո Mictosoft-ը հայտարարել է, որ հրաժարվում է գործարքից: Yahoo! Inc. ընկերությունը 1994թ. հիմնել են Ստենֆորդի համալսարանի ասպիրանտներ Դեւիդ Ֆիլոն եւ Ջերի Յանգը: Yahoo!-ն տիրում է ըստ ժողովրդականության աշխարհում երկրորդ որոնողական համակարգին եւ տրամադրում է մի շարք ծառայություններ, որոնք միավորված են Yahoo! Directory համացանցային պորտալով: Համացանցի բուռն զարգացման շնորհիվ ընկերության վաճառքների ծավալը 1996թ. 20 միլիոն դոլարից արդեն չորս տարի հետո աճել է մինչեւ ավելի քան մեկ միլիարդ դոլար: