Հայաստանի Ազգային արխիվում այս տարվա առաջին եռամսյակում վերականգնվել է 67.000 թերթ արխիվային փաստաթուղթ: Նշված ժամանակահատվածում իրականացվել է 151.400 կադր միկրոֆիլմերի ստուգում եւ կոնսերվացիոն-պրոֆիլակտիկ մշակում, ինչպես նաեւ 130.000 արխիվային գործերի նիշավորում: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ դրանք երկար պահելու համար պետք է քիմիական նյութերով մշակվեն, հակառակ դեպքում չորանում եւ կոտրվում են: Ազգային արխիվն ունի ապահովագրական պատճեններ` ժապավենների վրա ստեղծված, որոնք էլ տրամադրվում են ուսումնասիրողներին: Առաջին եռամսյակում արգելապահոցից ընթերցասրահներին, լաբորատորիային տրամադրվել են 22.780 արխիվային գործեր ու փաստաթղթեր: Ազգային արխիվն իրականացրել է նաեւ 1920, 1930-ական թվականներին կազմված ցուցակների կատարելագործում, ձեռք է բերում հանրապետության մշակույթի, գիտության, հասարակական ու այլ բնագավառների նշանավոր գործիչների մասին անձնական փաստաթղթեր: Հունվար-մարտին արխիվի մասնագետների ուժերով կարգավորվել են շուրջ երեք տասնյակ համալրման աղբյուր կազմակերպությունների արխիվային փաստաթղթերն ու գործերը, ինչի արդյունքում ձեւավորվել եւ ցուցակագրվել է 11.700 արխիվային գործ: Ըստ Ա. Վիրաբյանի` ազգային արխիվի կարեւոր աշխատանքներից է ժամանակակից տեխնիկական միջոցներով տեղեկատվական պաշարների ստեղծումը, ինչը հնարավորություն է տալիս հեշտությամբ համակարգել աշխատանքները: Նշված ժամանակահատվածում կազմվել է արխիվային փաստաթղթերի 11.907 քարտ` համալրելով էլեկտրոնային շտեմարանը: Առաջին եռամսյակում արխիվը պատասխանել է քաղաքացիներից եւ տարբեր կազմակերպություններից ստացված 2560 սոցիալ-իրավական ու թեմատիկ բնույթի հարցումների: