Կեղծամակնիշ ապրանքների խոշոր մատակարարը

23/05/2008

Եվրամիությունը հրապարակել է 2007 թվականին Եվրոպայի էկոնոմիկայի վրա կեղծված ապրանքների բացասական ազդեցության մասին զեկուցագիրը: Անցյալ տարի իրավապահ մարմիններն իրականացրել են 43.000 գործողություն, որոնց ժամանակ առգրավվել է 79 միլիոն միավոր կեղծամակնիշ արտադրանք: «Եվրոպային կեղծված արտադրանքի խոշոր մատակարար է Թուրքիան»,- ասված է զեկուցագրում: Հիմնականում թուրքական կեղծված ապրանքներն ապակայունացնում են Եվրամիության երկրների սննդի, կոսմետիկայի եւ տեքստիլ արդյունաբերությունները: Սննդի արդյունաբերության հատվածում Թուրքիան հաջողացրել է առաջ անցնել նույնիսկ Չինաստանից: Եվրամիության տարածքում կալանված ամբողջ արտադրանքի 45,92 տոկոսը եղել է Թուրքիայից: Թուրքական կեղծված կոսմետիկայի «բաժինը» կազմել է 28,68 տոկոս:

Ապրանքների այս կատեգորիայում Թուրքիան առաջնությունը զիջել է Վրաստանին (32,11 տոկոս)՝ առաջ անցնելով Չինաստանից՝ 15,86 տոկոս: Տեքստիլ հատվածում Թուրքիան հայտնվել է երկրորդ տեղում՝ «առաջին տեղը թողնելով» Չինաստանին եւ առաջ անցնելով Իտալիայից, որը հայտնվել է երրորդ տեղում: Բացի դրանից, բազմիցս կալանվել են Թուրքիայում անօրինականորեն արտադրված եւ Եվրամիություն ներկրված կոշիկի, էլեկտրասարքերի եւ ծխախոտի խմբաքանակներ: Ընդհանուր վարկանիշում Թուրքիան գտնվում է 10-րդ տեղում: