Երեկ Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց բոլոր այն խնդիրները, որոնք առկա են հայկական ժամանակակից ճարտարապետության մեջ, եւ առաջարկեց դրանց լուծման եղանակները:
Ըստ նրա` կորչում է ոչ միայն Երեւանի եւ նրա կենտրոնի, այլեւ հանրապետության մյուս բնակավայրերի` պատմականորեն ձեւավորված ճարտարապետական դեմքը: Դրա հիմնական խնդիրներից մեկը, վերջինիս պնդմամբ, այն է, որ ոչ մի նորմատիվ-իրավական ակտով սահմանված չէ` ինչ ասել է «ճարտարապետական նկարագիր կամ դեմք»: Ճարտարապետի խոսքերով, տարիների ընթացքում հաջողվել էր Երեւանի եւ Հայաստանի մյուս քաղաքների կենտրոններում ստեղծել այդ քաղաքների դեմքը, որոնք միմյանցից խիստ տարբերվում էին: Իսկ այժմ բոլորը միանման են, քանի որ, ինչպես վկայում է Ն. Սարգսյանը, ցանկացած առաջարկվող նախագիծ հաստատվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, իսկ քաղաքների գլխավոր ճարտարապետները ոչ միշտ են մասնագիտությամբ ճարտարապետներ կամ գոնե ինժեներներ լինում: Իսկ դեռեւս խորհրդային տարիներին բոլոր նախագծերը հաստատվում էին «Պետշինի»` Ճարտարապետության պետական կոմիտեի կողմից, որը 1998 թվականից դադարեց գործել: Այս խնդիրների լուծման համար ճարտարապետն առաջարկում է ստեղծել ճարտարապետական պետական կոմիտե կամ առանձնացված ճարտարապետական ծառայություն: «Անհոգի ճարտարապետություն է»,- դժգոհում է Ն. Սարգսյանը: Ճարտարապետն անդրադարձավ նաեւ, ինչպես ինքը բնորոշեց, ամենացավոտ թեմային` Հյուսիսային պողոտային: Եթե նախկինում ոչ բոլոր ճարտարապետներն իրավունք ունեին նախագծել քաղաքի կենտրոնը, ապա հիմա, Ն. Սարգսյանի հավաստմամբ, Հայաստանում ցանկացած լիցենզիա ունեցող ճարտարապետ կարող է պատվիրատուի ընտրությամբ կառուցել ցանկացած շինություն: Այս խնդրի կարգավորման համար Ն. Սարգսյանն առաջարկում է ստեղծել Երեւանի կենտրոնում նախագծման եւ շինարարության իրավունքի հատուկ լիցենզիաներ: Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտայի ճարտարապետական բազմազանությանը, Ն. Սարգսյանի վկայությամբ, շատ դեպքերում լուրջ ճնշումներ են լինում հենց պատվիրատուների կողմից: Բացի դրանից, պատվիրատուներն աշխարհի ամենատարբեր ծայրերից են, եւ յուրաքանչյուրն իր հետ բերում է տվյալ երկրին բնորոշ ճարտարապետական տարրեր: Այնտեղ, ինչպես նշեց Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետը, մի քանի ճարտարապետներ են աշխատել, եւ յուրաքանչյուրն իր ոճն է ներկայացրել: Նրա պնդմամբ, իրեն հաջողվել է պարտադրել մի քանի էլեմենտներ, մասնավորապես՝ տուֆ քարի գործածությունը, ինչպես նաեւ, որ բոլոր շենքերն ունենան առաջին եւ երկրորդ հարկերի կամարաշար: Մի խոսքով, Ն. Սարգսյանը հերթական անգամ գովեց իր կողմից նախագծված Հյուսիսային պողոտան, որը, մեղմ ասած, այնքան էլ միարժեք չի ընդունվում հասարակության կողմից: Ի դեպ, մինչեւ տարեվերջ Ն. Սարգսյանի նախաձեռնությամբ պատրաստ կլինի Շառլ Ազնավուրի թանգարանը, որտեղ կլինեն մի քանի սենյակներ, որտեղ էլ Ազնավուրը կբնակվի Հայաստան այցելելիս: Այն դասական իմաստով զուտ թանգարան չի լինելու, այնտեղ տեղ կգտնեն փակ եւ բացօթյա դահլիճներ, թանգարանային մաս, ընդունելությունների սրահ եւ սրճարան: Ծրագրի հեղինակի խոսքերով՝ այն լինելու է հայ-ֆրանսիական մշակույթների բազմաֆունկցիոնալ կենտրոն: