Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ԵԽ ԽՎ «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ» 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները:
Դրա մասին ծավալուն հաղորդագրություն է ներկայացրել նախագահի մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության, աշխատանքային խմբի անդամները Ս. Սարգսյանին են ներկայացրել բանաձեւում ամրագրված դրույթների իրականացման ուղղությամբ առաջարկվող գործողությունները եւ դրանց իրականացման ժամանակացույցը: Քննարկմանը մասնակցել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով ԵԽ ԽՎ 1609 բանաձեւին` Ս.Սարգսյանն ասել է. «Մեկ անգամ եւս ցանկանում եմ շեշտել, որ ԵԽ ԽՎ 1609 բանաձեւում ամրագրված առաջարկությունները համահունչ են ինչպես իմ նախընտրական ծրագրին, այնպես էլ ձեւավորված քաղաքական կոալիցիայի գործունեության ծրագրին ու հայտարարությունների ոգուն»: Խոսելով բանաձեւում տեղ գտած առաջարկությունների իրականացման մասին` Ս.Սարգսյանը շեշտել է, որ դրանց իրականացմանը ՀՀ իշխանությունները գնում են ոչ թե պարտադրանքով, այլ` քանի որ դրանք բխում են հենց Հայաստանի շահերից: «Ընդհանրապես, փոփոխությունները, բարեփոխումները մեր գործելաոճն են»,- ասել է նա: Աշխատանքային խումբը Սերժ Սարգսյանին ներկայացրել է առաջարկություններ քաղաքական համակարգում ընդդիմության համար պատշաճ տեղ եւ պատշաճ իրավունքներ երաշխավորելու մասին բանաձեւի համապատասխան դրույթի իրականացման վերաբերյալ: Առաջարկությունները վերաբերում են խորհրդարանական հանձնաժողովների ղեկավար կազմում ընդդիմության ներառմանը, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությանն առաջնայնություն տալու ամրագրմանը, ինչպես նաեւ՝ խորհրդարանական ընդդիմության կողմից ներկայացված հրատապ հարցի շուրջ խորհրդարանական պարտադիր քննարկում կազմակերպելու երաշխավորմանը, որոնց ուղղությամբ պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Սերժ Սարգսյանը ողջունելով ներկայացված մոտեցումները` առաջարկել է գործնական քայլեր սկսել այդ ուղղությամբ: Նա կարեւորել է ընդդիմության իրավունքների օրենսդրորեն ամրագրումը եւ վստահություն է հայտնել, որ ենթադրվող փոփոխությունների արդյունքում «ընդդիմության ձայնը կլինի ավելի լսելի»:
ԵԽ ԽՎ բանաձեւում տեղ գտած մեկ այլ դրույթի` ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ զեկուցվել է, որ ՀՀ ԱԺ Նախագահի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որին մասնակցելու հրավերներ ուղարկվել է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` արտախորհրդարանական ընդդիմությանը: Նշվել է, որ նախապատրաստվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթ, որը մինչեւ խորհրդարանի քննարկմանը ներկայացվելը կուղարկվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը: Սերժ Սարգսյանը, կարեւորելով վերջին ընտրական գործընթացները դիտարկած դիտորդական առաքելությունների զեկույցներում տեղ գտած նկատառումների եւ բացահայտումների մանրակրկիտ ուսումնասիրությունը, առաջարկել է նաեւ տեղական եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ Հայաստանում կազմակերպել ընտրական օրենսդրության եւ ընտրական գործընթացների բարելավմանը նվիրված լայն քննարկում, որից հետո միայն մշակված օրենսդրական փոփոխությունների փաթեթը կուղարկվի եվրոպական համապատասխան մարմինների փորձաքննությանը:
Աշխատանքային խմբի կողմից Սերժ Սարգսյանին ներկայացված առաջարկությունների մյուս խումբը վերաբերել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի, ինչպես նաեւ՝ Հանրային հեռուստատեսության ազատությանը եւ Հանրային հեռուստատեսության եթերում բազմակարծության ապահովմանը: Սերժ Սարգսյանը, ողջունելով ներկայացված առաջարկությունները, կարեւորել է բազմակարծությանն ուղղված քայլերի փաստացի կիրարկումը դեռ մինչեւ օրենսդրական փոփոխությունների կատարումը: Սերժ Սարգսյանը հանձնարարել է քննարկումներ սկսել նշված բարեփոխումների համատեքստում խորհրդարանական ընդդիմության ներգրավման վերաբերյալ: Բանաձեւի հաջորդ դրույթի` հավաքների ազատության երաշխավորման, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վերանայման վերաբերյալ աշխատանքային խումբը ՀՀ Նախագահին զեկուցել է, որ արդեն մշակվել է օրենքի փոփոխությունների նախագիծ, վերջինիս վերաբերյալ ստացվել են եվրոպական համապատասխան կառույցների եզրակացությունները եւ նախագիծն առաջիկա օրերին կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Անդրադառնալով անկախ դատական համակարգի երաշխավորմանն ու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման վերաբերյալ ԵԽ ԽՎ բանաձեւի համապատասխան դրույթի իրականացմանն ուղղված քայլերին, ՀՀ Նախագահն առաջնահերթություն է համարել դատական իշխանության մարմինների նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Որպես խնդրի լուծմանը հասնելուն ուղղված միջոցառումներ՝ Ս. Սարգսյանը կարեւորել է դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարի ծավալների մեծացումը, դատավորների մասնագիտական կարողությունների մեծացմանն ուղղված քայլերը:
Անդրադառնալով մարտիմեկյան զանգվածային անկարգությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքներին վերաբերող ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի համապատասխան դրույթին, ՀՀ Նախագահը նկատել է. «Կարեւորն այն է, որ ղեկավարվենք քրեական օրենսդրությամբ, չկայացվեն քաղաքական որոշումներ: Մարդիկ, ովքեր քրեական հանցանք են գործել, պետք է պատժվեն: Ծանր հանցագործություն կատարած որեւէ մեկը չպետք է անպատիժ մնա: Սակայն մարդը մտքի, քաղաքական համոզմունքների համար չպետք է դատապարտվի»: Անդրադառնալով Հայաստանի հանրության քաղաքական տարբեր ուժերի միջեւ բաց եւ կառուցողական երկխոսությանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ խնդրի լուծման լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել Հանրային խորհրդի ստեղծումը: «Երկխոսությունը կարող է լինել Հանրային խորհրդի ստեղծմամբ, որն իր մեջ կներառի հանրության տարբեր շերտերի, խավերի ներկայացուցիչներ: Մենք պետք է կարողանանք գտնել ձեւը, որ այս խորհուրդը դառնա առաջարկների, գաղափարների գեներացման տեղ, որ այն չդառնա իշխանության քայլերին հավանություն տվող մի մարմին»,- նշել է Ս. Սարգսյանը: Նա ձեւավորվելիք Հանրային խորհրդից ակնկալում է, որ այն դառնա հանրության խնդիրները իշխանության ամենաբարձր մարմիններին հասցնելու արդյունավետ մեխանիզմ: Նախատեսվում է, որ Հանրային խորհրդում ներկայացված կլինեն ինչպես՝ խորհրդարանական, այնպես էլ` արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: «Մենք երկխոսության կողմնակից ենք եւ ցանկանում ենք երկխոսության ճանապարհով լուծել խնդիրները: Երկխոսությունը գործընթաց է, որը պահանջում է երկու կողմերի ցանկությունը»,- ավելացրել է Ս. Սարգսյանը: ՀՀ Նախագահի կարգադրությամբ՝ շուտով ստեղծվելու է հատուկ աշխատանքային խումբ` Հանրային խորհրդի կազմավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար: Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաեւ մարտիմեկյան դեպքերի եւ դրանց պատճառ դարձած հանգամանքների անկախ, թափանցիկ եւ օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի դրույթի իրականացման ուղղությամբ ենթադրվող միջոցառումները: Այս ուղղությամբ առաջիկայում նախատեսվում է ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով: Սերժ Սարգսյանը կարեւորել է ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներում խորհրդակցական ձայնի իրավունքով արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների ներգրավումը, ինչպես նաեւ՝ տեղական ու միջազգային փորձագետների մասնակցությունը: «Կարեւոր է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը չմտնի հարուցված քրեական գործի մեջ, այլ փորձի քաղաքական գնահատականներ տալ եւ ներկայացնել առաջարկություններ»,- նկատել է Սերժ Սարգսյանը: Նախագահի հրավիրած խորհրդակցության ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկություններին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «իր լռությունը չի նշանակում՝ համաձայնություն ներկայացված բոլոր առաջարկների հետ», եւ խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ իր ղեկավարած խմբակցության կողմից եւս մշակվել է ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի իրականացմանն ուղղված առաջարկությունների փաթեթ: Շնորհակալություն հայտնելով խորհրդակցությանը մասնակցելու հրավերի համար, Րաֆֆի Հովհաննիսյանը «հետայսու համագործակցության պատրաստակամություն է հայտնել»: «Ժառանգության» ղեկավարը, անդրադառնալով ստեղծված իրավիճակից դուրս գալուն ուղղված իշխանությունների նախաձեռնած քայլերին, այն բնութագրել է՝ իբրեւ «բարի, դրական գործ»: Նա կարեւոր է համարել «առկա հուզական պահից վերանալը եւ Հայաստանի Հանրապետության, ՀՀ Նախագահի եւ նրա ներկայացուցիչների միջազգային համարման, համաշխարհային ընկալման ուղղությամբ միասնական քայլերի ձեռնարկումը»: ՀՀ Նախագահը նշել է, որ աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկությունները դոգմա չեն, եւ «Ժառանգություն» խմբակցության առաջարկությունները կարող են քննարկման առարկա լինել: «Մեր այսօրվա ասածը, Ձեր ասածը երկխոսություն է: Ես այդպես եմ պատկերացնում երկխոսությունը: Սա է երկխոսությունը»,- նկատել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։