Շատ համեստ կարգադրություն

22/05/2008

Այս տարի Հայաստանի դպրոցներում Վերջին զանգը նշվելու է մայիսի 24-ին: Իսկ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կարգադրությամբ, Երեւանի դպրոցներում Վերջին զանգը կնշվի «շատ համեստ, չափի մեջ տոնակատարությամբ», դպրոցներում խնջույքներ չեն լինի: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, ում խոսքերով, Երեւանի քաղաքապետարանը նույն օրը բոլոր շրջանավարտներին հրավիրում է Ազատության հրապարակ՝ նշելու Վերջին զանգը: Օնիկ Վաթյանը տեղեկացրել է, որ շատ ավելի հարմար եւ գերադասելի է Վերջին զանգը նշել Ազատության, քան Հանրապետության հրապարակում, որովհետեւ Հանրապետության հրապարակի դեպքում փակվում է հարակից փողոցների երթեւեկությունը, Ազատության հրապարակի պարագայում՝ ոչ: Նա ասել է, որ վերջին տարիներին Վերջին զանգի օրը միջադեպեր կամ դժբախտ պատահարներ չեն եղել, եւ այս տարի եւս նման անցանկալի իրողությունները բացառելու համար քայլեր են արվել: Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է սահմանելու, եւ առանց վարորդական իրավունքի մեքենա վարող շրջանավարտների մեքենաներն անհապաղ տարվելու են տուգանային հրապարակներ, իսկ դպրոցների մանկավարժական խորհուրդներն էլ քննարկելու են այս շրջանավարտների քննություններին մասնակցելու հնարավորության հարցը: «Շատ բան կախված է նաեւ ծնողներից»,- ասել է Օ. Վաթյանը: