Հունիսի 9-ին լրանում է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության եւ «Հայ կամավորականների համախմբման» համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի բանտարկության վերջնաժամկետը: Նրա ընկերներն ակնկալում էին, որ գոնե այդ օրը Ժիրայրը կազատվի: Սակայն, ինչպես նշված է Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի` երեկ տարածած հաղորդագրության մեջ, «ստացվել են խիստ անհանգստացնող եւ ուղղակիորեն Ժիրայր Սէֆիլյանին հասցեագրված ազդանշաններ այն մասին, որ առաջիկա օրերին վարչախումբը պատրաստվում է հերթական ստորությունը գործել Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարի նկատմամբ` արտաքսել հայրենիքից: Նման քայլը, բարոյական հանցանք լինելուց բացի, նաեւ ՀՀ օրենսդրությունը բազմաթիվ կետերում խախտող իրական քրեական հանցագործություն կլինի եւ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ իշխող վարչախմբի հանցագործ հետեւողականության հերթական արտահայտությունը»,- նշված է Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: