Մասնագիտական վե՞ճ, թե՞ խանդ

22/05/2008

Ամերիկահայ ֆիզիկոս Ջորջ Աշկարի` սիսեռաբուժության միջոցով քաղցկեղի բուժման վերաբերյալ անցած շաբաթ հնչեցրած հայտարարությունները հետաքրքրություն են առաջացրել ինչպես այս թեմայով հետաքրքրվող բազմաթիվ քաղաքացիների, այնպես էլ մասնագետների շրջանում: Հիշեցնենք, որ Ջ. Աշկարը առաջարկում է քաղցկեղը բուժել ոչ բժշկական եղանակով: Այսինքն` ոչ թե պայքարել հիվանդության հետեւանքի դեմ, այլ վերացնել քաղցկեղի պատճառ հանդիսացող կանցերոգենը: Հենց սիսեռն է, որն, ըստ ամերիկահայ ֆիզիկոսի, կարող է մարդու օրգանիզմը մաքրել քաղցկեղի պատճառ հանդիսացող այդ վարակից:

Ստորեւ ներկայացնում ենք բժիշկ, արյունաբան Ե. Հակոբյանի տեսակետը, որը վերջինս ուղարկել է խմբագրության էլեկտրոնային հասցեին: Նշենք, որ թերթը պատրաստ է ներկայացնել այս թեմային առնչվող բոլոր` ինչպես «հակա», այնպես էլ «կողմ» կարծիքները:

Երբ սուտը սպանում է…

Հարգելի խմբագրություն

Բժիշկները հասարակության ամենազուսպ հատվածն են, բայց գիտենք, որ երբեք պետք չէ չարաշահել համբերությունը, քանի որ այդ դեպքում պատասխանը հաճախ լինում է, կուտակված զայրույթի պատճառով, առավել ուժգին:

Ինչպես բազում հարցեր մեր երկրում շատ հեռու են կատարյալ լինելուց, առողջապահության ոլորտում նույնպես կան բազմաթիվ թերություններ եւ բացթողումներ, որոնց մեջ կան եւ՛ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ հենք ունեցող խնդիրներ: Ես անձամբ կարծում եմ, որ բժշկական ասպարեզում առկա թերությունների, անվստահության եւ պրոբլեմների 2/3-ի մեղավորը մենք ենք` բժիշկներս եւ առողջապահության կազմակերպիչները, սակայն մեղքի մի զգալի մասն էլ հասարակությանն է` ժողովրդինը: Մեկ անգամ եւս նշելով, որ սխալների, անարդարությունների պատճառ որոշ դեպքերում դառնում են բժիշկները, սակայն մեծ մասամբ կարծիքները եւ գնահատականները լինում են ոչ ազնիվ, հիմնված մակերեսային, կենցաղային մակարդակի քննարկումների եւ վերլուծությունների վրա: Աշխարհի ոչ մի երկրում հիվանդներն ապահովագրված չեն բժշկական սխալներից (մարդն առհասարակ սխալական է ամենուրեք եւ ամեն բնագավառում), եւ բժիշկներն էլ ամենակատարյալ պայմաններում անգամ հաճախ լինում են անզոր, քանի որ շատ հարցեր մնում են չպարզաբանված եւ սպասում են իրենց լուծմանը: Սակայն այսօր արդեն առկա են աննկարագրելի հաջողություններ, որոնց մասին հասարակությունը քիչ է տեղեկացված (երեւի թե նորից մեր մեղքով, մեր անտեղի համեստության եւ անհետեւողականության արդյունքում): Վերջին տասնամյակի ընթացքում հատկապես մեծ առաջընթաց ունի ուռուցքաբանությունը, որը լոկոմոտիվի նման իր հետեւից է տանում բժշկագիտության շատ ճյուղեր եւս: Նախկինում անբուժելի համարվող շատ հիվանդությունների ժամանակ այսօր ոչ թե երկարացվում է հիվանդի կյանքը, այլ հասարակություն է վերադառնում առողջ եւ հասարակության լիարժեք անդամ: Ճիշտ է, որոշ դեպքերում, կապված ընդհանուր տնտեսական պայմանների, ոչ լիարժեք հագեցվածության հետ, անհնար է հիվանդի բուժումն ապահովել ժամանակակից եղանակներով եւ մեր գիտելիքներին համապատասխան: Բայց, որ արդյունքները զգալի են, կարծում եմ, անպայման չէ ճշտել գիտական հոդվածներին ծանոթանալով: Բժիշկների կողմից քանի-քանի փրկված մարդիկ կան մեր շրջապատում:

Պարզ է, որ թերահավատության եւ անվստահության մթնոլորտը լավ միջավայր է զանազան կեղծարարների, շառլատանների եւ ուրիշների դժբախտության հաշվին փող աշխատելու մարմաջով տառապողների բազմացման եւ անթաքույց գործելու համար:

Բայց հասարակության առավել պատասխանատու եւ գիտակից հատվածն, այս ամենի դեմ պայքարելու փոխարեն, անցել է չարիքը գովազդելուն եւ տարածելուն` էլ ավելի խորացնելով անվստահության վիհն ու ակամա դառնալով էլի մի քանիսի դժբախտացման պատճառ: Կարծես մեզ քիչ էին զանազան էքստրասենսները, «կախարդական» հունարներով օժտված ժողովրդական բժիշկ դուրսպրծուկները, «գեներալ» բժիշկները, թերուս բժիշկների բանակը, ահա հիմա էլ հայտնվել է ֆիզիկոս բժիշկ: Ինչ կարելի է մտածել, եթե բժիշկը սկսի զբաղվել աստղագիտությամբ, կամ կոշկակարը դառնա լրագրող: Ախր, իմ սիրելի թերթի խմբագրություն, Ձեր հոդվածի վերնագիրը կարդալուց հետո դուք պետք է հրաժարվեիք այն տպել, ինչքան էլ որ լրագրողական պարտքը լինի տեղեկատվության տարածումը: Մի՞թե ամեն տեղեկություն լուր է, որն արժի տարածել, այն էլ՝ ոչ միայն թերթերով, այլեւ հեռուստատեսության թանկարժեք րոպեներով: Ինչպե՞ս կարող է գիտակից մարդու համար տեղեկատվություն լինել հնչած զառանցանքն ուռուցքի զարգացման եւ բուժման մեխանիզմների մասին: Ու ինչպես միշտ՝ հանճարեղ մտքերը լինում են «պարզունակ»: Այս դեպքում էլ դուրս է գալիս, որ «հիմար» մարդկանց մի մեծ բազմություն գլուխ է ջարդում այս ամենը պարզելու, նոր դեղամիջոցներ որոնելու վրա, իսկ այս մարդը ոչ միայն գտել է, այլեւ բուժում է (!!): Սիսեռով ու սխտորով: Ու, ասենք, ինչո՞ւ ոչ՝ լոբով ու սոխով, չգիտես ինչո՞ւ չի ասում: Չգիտեմ ինչպիսի ֆիզիկոս է եղել մեր հերոսը, բայց պարզվում է, որ նա նաեւ «հանճարեղ» բժիշկ է, ու պետք է նրա խոսքը հասցնել մարդկանց: Քիչ են կարծես բազում խեղված ճակատագրերի տեր մարդիկ, որոնք իրենց անգիտությամբ ու դյուրահավատությամբ ընկել են թակարդը, հիմա էլ հ/ը եւ թերթերով էր պետք ավելի մեծ լսարանի գցել թյուրիմացության մեջ: Ամենազարմանալին այն է, որ այս մարդը շատ անկեղծ է եւ նշում է, որ այս «հրաշքներն» ԱՄՆ-ում գործելու համար դատապարտվել է, իսկ ահա Հայաստանում ամեն ինչ կարելի է անել անպատիժ: Նույնիսկ տուժածների կողմից անպատիժ, քանի որ ընտրված է հիվանդների ամենախոցելի հատվածը: «Ուռուցք էր, պիտի մահանար» անգրագետ նախադասությունը դառնում է անմեղության կանխավարկած, բայց թե քանիսը նրանցից կարող էին փրկվել, եթե ժամանակին ու առանց «հրաշագործության» դաժան հետեւանքների դիմեին հիվանդանոց, կմնա անհայտ:

Չեմ կարող չանդրադառնալ հոդվածի ամենաապատեղեկատվական հատվածին, որտեղ ասվում է փրկված 300-400 (այդքան ոչ կարեւոր է փրկված մարդկանց քանակը, որ ճշգրիտ չիմանաս) եւ մահացած 8 հոգու մասին, այն էլ, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ մեղքով մահացածների: Այո, բժիշկների եւ հիվանդների մեղքով մահացածների, որոնք համարձակվել էին զուգահեռ ստանալ նաեւ քիմիաթերապիա: Հասկանում եք, ինձ այդքան չէր զայրացնի եւս մեկ «գիտունիկ» մարդու բժշկությամբ զբաղվելու հանգամանքը, բայց տրամադրել մարդկանց բժիշկների եւ գիտական բժշկության դեմ, դա արդեն ամենաքիչն անազնիվ է:

Սակայն այս ամենը կմնան խոսքեր, եւ ամեն բան կմնա նույնը կամ ավելի կվատանա, եթե չարվեն հետեւություններ ու ճիշտ քայլեր: Իսկ այդ քայլերը, ինչպես միշտ, պետք է լինեն երկու կողմից: Բժիշկները պետք է գտնեն ուղիներ ճիշտ, գիտական եւ մատչելի տեղեկատվությունը հասարակությանը հասցնելու համար, իրենց մասնագիտական կարողությունների բարձրացման եւ արդյունավետ առողջապահական համակարգ ձեւավորելու միջոցով վերականգնեն իրենց սասանված հեղինակությունը, իսկ հասարակությունը, դասեր քաղելով շրջապատի դաժան դեպքերից, դառնա առավել գիտակից ու լինի պատրաստ ընդունելու ճշմարիտ եւ գիտական տեղեկատվությունը, փորձի վերափոխել ձեւավորված կանխակալ վերաբերմունքը բժիշկների, առողջապահական համակարգի նկատմամբ: Միայն այս դեպքում հնարավոր կլինի մեր շարքերը մաքրել տարբեր տեսակի կեղծ բժիշկներից ու բժշկողներից եւ առավել թվով մարդկանց հասանելի դարձնել իրապես հրաշագործ ժամանակակից բժշկական օգնությունը:

Հարգանքով՝ բժիշկ,
արյունաբան, բ.գ.թ. ԵՐՎԱՆԴ ՀԱԿՈԲՅԱՆ

«168 Ժամ». Հարկ ենք համարում նշել, որ այդ հրապարակումը եղել է զուտ տեղեկատվական, քանի որ ֆիզիկոս Աշկարը ասուլիս էր հրավիրել: