Պատրաստվում են քննությունների

22/05/2008

Այս տարի բուհական ընդունելության համար «Հայոց լեզու, գրականություն», «Մաթեմատիկա» եւ «Օտար լեզու» առարկաներից միասնական քննություններին կմասնակցի ընդհանուր առմամբ 34 հազար 89 դիմորդ-շրջանավարտ: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, ըստ որի, հայտագրվածներից մայրենի լեզվից միասնական քննություն հանձնողների թիվը 13 հազ. 643 է, իսկ մաթեմատիկայից` 10 հազար 56: Օտար լեզուներից ռուսերենը նախընտրողները 1483-ն են, անգլերենը` 7806, գերմաներենն ու ֆրանսերենը` ավելի քան 500: Օտար լեզվից` իտալերենից եւ իսպաներենից միասնական քննություն հանձնելու ցանկություն է հայտնել, համապատասխանաբար, 3 եւ 21 շրջանավարտ: Ըստ հայտագրվածների` ստեղծվել են նաեւ 55 քննական կենտրոններ, որոնցից 19-ը` Երեւանում, 1-ը` Արցախում: Հիշեցնենք, որ մայիսի

17-ին Հայաստան է բերվել Լոնդոնում տպագրված միասնական քննությունների թեստերի առաջին խմբաքանակը, որն օդանավակայանից անմիջապես տեղափոխվել է «Արարատբանկի» կենտրոնական մասնաշենքի պահուստ: Երկրորդ եւ երրորդ խմբաքանակները Երեւան կտեղափոխվեն մայիսի 20-ին եւ 21-ին: Ըստ Գ.Մանուկյանի, ԳԹԿ-ում կստեղծվի համապատասխան հանձնախումբ (որտեղ ներգրավված կլինեն նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ), որը կզբաղվի թեստերի կոմպլեկտավորման աշխատանքներով: Հեռավոր շրջաններում թեստերը քննությունից մեկ օր շուտ կուղարկվեն բանկի մասնաճյուղեր: ԳԹԿ-ում ավարտվում է նաեւ քննության կազմակերպիչների վերապատրաստման գործընթացը, որի արդյունքում՝ նրանց կտրվի վկայական: Նախատեսվում է հաջորդ տարիներին այս գործընթացում ընդգրկել ոչ միայն մանկավարժների ու կրթության ոլորտի ներկայացուցիչների, այլեւ` ծնողների, շահագրգիռ կազմակերպության անդամների: Նախքան հունիսի 2-ը մի քանի հեռուստաընկերություններով կցուցադրվի նաեւ ֆիլմ` քննության նախապատրաստության եւ ընթացքի մասին: