ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության` կողմերը խոսել են ՀՀ-ում հետընտրական շրջանում առաջացած իրավիճակի եւ դրանից բխող խնդիրների վերաբերյալ:
Անդրադարձել են «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետագա գործունեությանը, ինչի առնչությամբ` Ադամսն ասել է, որ իրենք որոշակի մտահոգություններ ունեն` կապված ծրագրի հիմքում ընկած չափորոշիչների պահպանման հետ: Նշելով, որ հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը կազմվել են կառավարության կողմից, եւ դրանք հիմնականում ուղղված են աղքատության կրճատմանը, քաղաքի եւ գյուղական բնակավայրերի զարգացման անհամաչափության հաղթահարմանը, Ս. Սարգսյանն ասել է. «Մեր ցանկությունն է՝ շարունակել գործակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ»: Անդրադառնալով Հիմնադրամի հիմքում ընկած տնտեսական եւ քաղաքական չափորոշիչներին, Ս. Սարգսյանն ասել է, որ տնտեսական առումով որեւէ հետընթաց չկա, ինչի հետ, ըստ հաղորդագրության` Թոմ Ադամսը լիովին համաձայն է եղել: Ինչ վերաբերում է քաղաքական չափորոշիչներին եւ գործընթացներին, ապա Ս. Սարգսյանը շեշտել է «իրավիճակի ճիշտ գնահատման անհրաժեշտությունը»: Ադամսը կարեւորել է ընտրական գործընթացում տեղ գտած խախտումների, հետընտրական զարգացումների ուղղությամբ խորը հետաքննությունը: «ԱՄՆ վարչակազմը ցանկանում է, որ դուք հաջողության հասնեք, Վաշինգտոնում մեծ հույսեր են կապում ձեր գործունեության հետ եւ համոզված են, որ դուք կարող եք լինել ուժեղ առաջնորդ եւ կարեւոր քայլեր ձեռնարկել երկիրն առաջ տանելու ուղղությամբ»,- փոխանցել է Թոմ Ադամսը: