ՀՀ կառավարությունում եւ նախագահի աշխատակազմում կատարված նոր նշանակումները եւ դրան հաջորդած ժամանակաշրջանը դեռեւս հստակ պատասխաններ չեն տալիս այն հարցերին, թե երկրում այսօր ում ձեռքին է իրական իշխանությունը, եւ ինչպես է գործնականում աշխատելու «խայտաբղետ» կոալիցիոն պետական համակարգը: Փաստն այն է, որ այս կամ այն չափով իշխանական նոր կոնֆիգուրացիաներում «տեղավորված» են կամ ապագայում իրենց տեղը կգտնեն միաժամանակ թե՛ հեռացած նախագահի շրջապատի բոլորին հայտնի դեմքերը, եւ թե՛ նորի «հին» համախոհները ու «երկրորդ սերնդի բարեփոխումներ» իրականացնողները: Ինչպես միշտ, անտեսված չեն նաեւ գեոքաղաքական տարբեր կենտրոնների հետաքրքրությունները, մեղմ ասած, «սպասարկող» որոշ «հայրենի» գործիչները, հիմնական կլանաօլիգարխիկ շրջանակների ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ հանգամանքների բերումով իրար հետ «գոյատեւելու» «դատապարտված» իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներըգ
Նոր կառավարության ձեւավորման գործընթացն իր բազմաշերտ ներքաղաքական, աշխարհաքաղաքական եւ միջկլանային «նյուանսներով» հանդերձ, հասկանալի պատճառներով, մի տեսակ «ստվերում» թողեց նույն այդ օրերին անմիջականորեն նորընտիր նախագահի նստավայրում կատարված որոշ կադրային նշանակումները: Բնականաբար, նկատի չունենք նոր վարչակազմի ձեւավորման ընդհանուր կոնցեպցիայի շրջանակում տեղի ունեցած նախագահի աշխատակազմի փոփոխությունը: Ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական փոքր-ինչ այլ կոնյունկտուրայի պայմաններում, առավել եւս՝ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի փոփոխման ֆոնի վրա, երկրի ղեկավարի օգնականի եւ ռեֆերենտի նշանակումները կարող էին զուտ աշխատանքային «մանրուք» թվալ: Բայց «ռուսամետ» համարվող նորընտիր նախագահի անմիջական շրջապատում, ի լրումն ոչ միանշանակորեն ընկալվող ՄԻԱԿ կուսակցության նախկին ղեկավար Լեւոն Մարտիրոսյանի, նույն կուսակցության ներկայիս ղեկավար Սամվել Ֆարմանյանի հայտնվելն արդեն որոշակի մտորումների տեղիք է տալիս: Ընդ որում, եթե փաստացի անվարկանիշ ՄԻԱԿ-ի այս անհասկանալի թվացող վերելքն իշխանական շրջանակներում ոմանց մոտ (մանավանդ հանրապետականների մոտ) ընդամենը տարրական խանդ եւ տարակուսանք է առաջացնում, ապա շատ ավելի լուրջ կարող են լինել Սերժ Սարգսյանի այսօրինակ կադրային նախասիրությունների արտաքին քաղաքական հետեւանքները: Բանը նրանում է, որ ընդամենը մոտ մեկ տարի առաջ հայաստանյան քաղաքական ասպարեզում հայտնված վերոհիշյալ այդ կուսակցությունը, այսպես կոչված, դասական «բրիտանական պրոյեկտ է» համարվում: Այստեղ ներգրավվածների մի մասը Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում կրթություն ստացած հայ երիտասարդներն են: Նրանց մի մասն իրենց «լոնդոնյան գիտելիքները» հետագայում սկսեցին կիրառել արդեն հայրենիքում` այստեղ գործող միջազգային տարբեր կառույցների ներկայացուցչություններում, արտերկրներից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններում, միջազգային ծրագրերի իրագործման գրասենյակներում եւ այլն: Այս առումով, գուցե որոշ չափով տրամաբանական են թվում Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ոմանց կողմից հետեւողականորեն արվող ակնարկները (առայժմ՝ առանց կոնկրետ փաստերի) ՄԻԱԿ-ի` բրիտանական որոշ «կոմպետենտ» կառույցների հետ կապերի առնչությամբ: Այդ տեսանկյունից են դիտարկվում նաեւ մեկամյա այս կուսակցության ենթադրվող կապերը ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան, այսօր լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի հետ: Հենց Քեմբրիջի համալսարանի «Եվրասիա» կենտրոնի տնօրեն, «BP» եւ «Alcatel» հանրահայտ ընկերությունների խորհրդական եւ միաժամանակ նաեւ «Night Bridge» հոլդինգի տնօրեն հանդիսացող Ա. Սարգսյանին էր վերագրվում ՄԻԱԿ-ի «կնքահայրը» լինելու «պատիվը», որը, սակայն, հերքվեց հետեւյալ ձեւակերպմամբ. «Վերջերս որոշ մարդիկ կարծիք են արտահայտել, թե Արմեն Սարգսյանն է «ստեղծել» ՄԻԱԿ քաղաքական կուսակցությունը` որպես «քաղաքականության վրա ազդելու» կամ «իշխող ռեժիմին սատարելու» գործիք: Սա բացարձակ հերյուրանք է: Հայաստանի երիտասարդ մասնագետների եւ առաջնորդների համար վիրավորական է ենթադրությունն անգամ, որ իրենք ընդամենը մեկ մարդու կամ մարդկանց խմբի կողմից «ծրագրավորված» ու «օգտագործվող» ռոբոտներ են: Ինչո՞ւ են որոշ մարդիկ Հայաստանում կարծում, թե աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում փայլուն կրթություն ստացած երիտասարդ մասնագետներն ընդունակ չեն ինքնուրույն մտածել ու ինքնուրույն` լավ կամ վատ, ընտրություն կատարել»: Նկատենք, որ Մեծ Բրիտանիայում եւ միջազգային ֆինանսական ազդեցիկ կառույցներում (մասնավորապես՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում) Արմեն Սարգսյանի ունեցած ամուր գործնական, անձնական եւ քաղաքական կապերն իրոք որոշակի հիմքեր տալիս են, որպեսզի նրա յուրաքանչյուր նախաձեռնություն կամ «պրոյեկտ» (նույնիսկ «մաքուր» տնտեսականը) դիտարկվի նաեւ «բրիտանական տարածաշրջանային հետաքրքրությունների» տեսանկյունից: Հատկանշական է, որ չնայած Ա. Սարգսյանի գլխավորած կառույցները պարբերաբար հերքում են էքս-վարչապետի հայաստանյան քաղաքական զարգացումներին առնչվելու մասին լուրերը, բայց միեւնույն ժամանակ հաստատում են, որ, իրոք, «Արմեն Սարգսյանն անցած տարիների ընթացքում օգնել է հայաստանցի տաղանդավոր շատ ուսանողներին՝ կրթություն ստանալ Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում»: Ըստ այս տարվա սկզբին «Eurasia House» կազմակերպության կողմից տարածված հայտարարության՝ «վերոհիշյալ ուսանողներից շատերն այժմ աշխատում են Հայաստանում, տարբեր ոլորտներում», այդ թվում նաեւ՝ քաղաքական ասպարեզում` ընդ որում եւ՛ իշխանամետ, եւ՛ ընդդիմադիր կառույցներում: «Արմեն Սարգսյանի ղեկավարած կամ նրա աջակցությունը վայելող ծրագրերի շնորհիվ աշխարհի հեղինակավոր համալսարաններն ավարտած մասնագետներից շատերն այժմ Հայաստանում աշխատում են տարբեր ոլորտներում, ներառյալ՝ հասարակական, միջազգային կազմակերպություններն ու կառավարությունը: Շատերն էլ ստեղծել են ոչ կառավարական կազմակերպություններ»,- ասված էր Eurasia House International-ի հաղորդագրության մեջ: Եվ ինչպես դժվար չէ կռահել՝ «այդ մարդկանց քաղաքական կողմնորոշումների համար Արմեն Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել»: Թե որքանո՞վ են լոնդոնաբնակ նախկին վարչապետի`«տաղանդավոր հայ երիտասարդների» կրթելուն միտված ծրագրերը զուտ «բարեգործական» նպատակներ հետապնդում, դա հավանաբար ավելի խորը ուսումնասիրությունների առարկա պետք է դառնա: Սակայն չի բացառվում, որ ռուս-անգլիական գերսրված հարաբերությունների այսօրվա պայմաններում Արեւմուտքում հայաստանյան քաղաքական «նոր էլիտա» դաստիարակելուն ուղղված Ա. Սարգսյանի ակտիվ ջանքերն են նաեւ պատճառ հանդիսացել, որ նրան այսօր նորից ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել ցանկացողների հույսերն այդպես էլ չարդարացան: Բայց սա բնավ չի նշանակում, որ Ա. Սարգսյանը չունի հնարավորություն ակտիվորեն ներազդելու հայաստանյան քաղաքական գործընթացների վրա: Ընդհակառակը, ներքաղաքական վերջին զարգացումները եւ որոշ կադրային լուծումները նույնիսկ վկայում են, որ նրա դիրքերը այս առումով ավելի են ամրացել: Ինքնին խոսուն փաստ է, որ նույնիսկ այսօրվա վարչախմբի գործունեության հիմնական ծրագրային կարգախոսը, այն է՝ «երկրորդ սերնդի բարեփոխումների» գաղափարը, դեռեւս անցած տարվա ԱԺ ընտրարշավի ժամանակ առաջինը հնչեցրեց հենց ՄԻԱԿ-ը: Բացի այդ, նաեւ նկատելիորեն ամրանում են «երիտասարդ բարեփոխիչների» դիրքերն իշխանական վերնախավում: Հետաքրքրական է, որ այսօր ռուսամետ Սերժ Սարգսյանի անմիջական «ապարատային» շրջապատում է ոչ միայն արդեն շուրջ մեկ տարի նրա կողքից չհեռացող (նաեւ վարչապետ եղած ժամանակ), իսկ հիմա արդեն նախագահի օգնական դարձած ՄԻԱԿ-ի առաջին ղեկավար Լեւոն Մարտիրոսյանը, այլեւ «զարմանալի» արագությամբ նույն ՄԻԱԿ-ի ամենավերին օղակում հայտնված նախկին ՕԵԿ-ական Սամվել Ֆարմանյանը, ով շուտով կկատարի ՀՀ նախագահի մամլո խոսնակի աշխատանքը:
Դժվար չէ ենթադրել, որ նախագահական նստավայրի հաջորդ «նորաբնակն էլ»` ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանը նույնպես, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվում: Ընդ որում, թե՛ երկրի ներսում, եւ թե՛ հատկապես դրսում` «ռազմավարական դաշնակցի» մոտ: Ռուսաստանն, ի տարբերություն ՀՀ իշխանական վարչախմբի որոշ ներկայացուցիչների, դժվար թե «մոռացած» լինի անցած տարի «պայթած» հայ-անգլիական դիվանագիտական սկանդալը: Վերջինիս գլխավոր հերոսը, ինչպես հայտնի է, ՀՀ-ում անգլիացի բարձրաստիճան դիվանագետի հետ` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնորոշմամբ՝ «երկրին դավաճանած» (ասում են նաեւ՝ Ֆրանսիային) նույն Արթուր Բաղդասարյանն էր: Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից որոնվող օլիգարխ Բորիս Բերեզովսկու եւ նրա ստեղծած ինչ-ինչ կառույցների հետ սերտորեն համագործակցող (որոշներում՝ նույնիսկ համանախագահող) գործչին`«ֆորպոստի» պետական գաղտնիքներին առնչվող կառույցի ղեկավարի պաշտոնը վստահելը դաշնակից պետության համար, ակնհայտորեն այնքան էլ ընդունելի տարբերակ չէ: Ասենք ավելին, այս «անգլիական դեսանտի» հայտնվելը Սերժ Սարգսյանի նստավայրում կամա թե ակամա առնվազն որոշ տարակուսանք է առաջացնում նույնիսկ ՀՀ գործող վարչախմբի ներքին եւ արտաքին դաշնակիցների մոտ: Այս պարագայում պատահական չեն թվում տարածվող լուրերը, որ գործող վարչախմբի ներսում արդեն նկատվում են «սաբոտաժի» որոշ դեպքեր: Նկատենք նաեւ, որ ռուսների մտահոգությունները Հայաստանում «նոր էլիտաների» ձեւավորմանը նպատակաուղղված արեւմտյան որոշ ծրագրերի կապակցությամբ վերջին շրջանում առարկայական հիմնավորում են ստանում: Օրինակ, ըստ «Գելափ» հետազոտական կենտրոնի անցկացրած արդյունքների` Հայաստանի տարածքում հարցվածների միայն 30 տոկոսն է հավանություն տալիս Ռուսաստանի ղեկավարների որդեգրած քաղաքականությանը: Իսկ հայաստանցիների մոտ 62 տոկոսը բացասաբար է վերաբերվում նրանց գործունեությանը: Հատկանշական է, որ ավելի ցածր վարկանիշ ԱՊՀ երկրների մեջ «մեր ռազմավարական դաշնակիցն» ունի միայն իր հետ «կիսապատերազմող» եւ քաղաքական իր «էլիտան» արդեն փոխած Վրաստանում` 22 տոկոս: