Երեւանն է՞ս է, թե՞ էն

18/05/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սկիզբը՝  «Խեղճ Հասո…»

(Լուսո` լրագրող Լուսինե Ստեփանյան, Հասո` «168 Ժամում» տպագրված սոցիալական նյութերից մեկի հերոսուհին)

«Զամշից» կոշիկներով, սեւ, շքեղ բաճկոնով քաղաքացի Լուսոն, որ պատառոտված կոստյումով, ցեխոտ «կալոշներով» քաղաքացի Հասոյի հետ ոտքով մղոններ էր կտրել քաղաքացի Հասոյենց թաղ հասնելու համար, կարծում էր` ահագին բան հասկանում է։ Քաղաքացի Լուսոն, որ կարծում էր՝ էս կյանքում ահագին բան հասկանում է` քաղաքացի Հասոյենց թաղ հասնելու ճանապարհին հայտնվում է հակասությունների մեջ: Քաղաքացի Լուսոն չի հասկանում` իր քաղաք Երեւանն է՞ն է, որ ասֆալտի վրա ամեն օր էլիտար, դեղին շենքեր են վեր խոյանում, թե՞ Երեւանն էս է, որտեղ քաղաքացի Հասոն սարերի միջի ցեխոտ արահետները հաղթահարելու համար ռեզինից «կալոշ» է հագնում, որովհետեւ երթուղային տաքսի ու առհասարակ տաքսի գոյություն չունի: Քաղաքացի Լուսոն չի հասկանում` Երեւանն է՞ն է, որտեղ մարդիկ վաղուց արդեն պիցցա են ուտում ու վիսկի խմում, թե՞ Երեւանն էս է, որտեղ քաղաքացի Հասոն ու էլի մարդիկ ուտելու բան չունեն, ստիպված` սատկացրած օձերի միսն են ուտում: Քաղաքացի Լուսոն չի հասկանում` Երեւանն է՞ն է, որտեղ մարդիկ իրենց դղյակների ներսում ու դրսում հազար հատ էլեկտրական լամպ են տեղադրում, որ շուրջօրյա լուսավորություն լինի, թե՞ Երեւանն էս է, որտեղ քաղաքացի Հասոն ու էլի մարդիկ մոմով են լուսավորվում ու ճաշն էլ օջախների վրա են եփում: Ու էսպես Լուսոյի մտապատկերում էս երկու ծայրահեղություն երեւանները կռիվ են տալիս, որովհետեւ մի պետության մեջ չի կարող լինել մի մայրաքաղաք, որը երկու` աղքատ ու հարուստ քաղաք է: «Զամշից» կոշիկներով Լուսոն չի հասկանում՝ քաղաքացին ի՞նքն է, թե՞ ռեզինե «կալոշներով» Հասոն: Հասոն, որ բարկացած Լուսոյի կշտամբանքներից ահավոր լարված-ծպտված քայլում է, որ Լուսոյին չներվայնացնի: Լուսոն, որ Հասոյի պատմած սարսափելի պատմություններից ու սարերի անմարդաբնակ ճանապարհից ահավոր տագնապած ընկել է տվայտանքների մեջ` մտովի շատ հեռուն է գնացել: Լուսոն, որ հորիզոնում ոչ ճանապարհի սկիզբ, ոչ էլ վերջ է նշմարում` վախից արդեն իր մահախոսականն է կարդում:

Հասոյի նախանշած բլուրը հաղթահարած Հասոն ու Լուսոն արդեն խրճիթի ուրվագիծ են տեսնում. «Հասանք, Լուսո ջան, էս մեր թաղն ա»,- խորը շունչ քաշելով՝ ասում է Հասոն, որի ստվերը տեսնելուն պես՝ կատաղած շները ոռնալով գալիս են ընդառաջ: Լուսոն, որ կարծում էր` իր քաղաքում Հասոյի միակ պաշտպանն ինքն է` Հասոյենց թաղում շների հարձակումից թաքնվում է Հասոյի ստվերում: Մի քանի կիլոմետր քայլած «զամշից» կոշիկներն ու բաճկոնը ցեխոտած Լուսոն, որ Հասոյին ամբողջ ճանապարհին անխնա նեղացրել էր` շների վախից իր պաշտպանած Հասոյի պաշպանության կարիքն է զգում: Հասոն դեմքով կանգնում է դեպի կատաղած շները, որ հանկարծ Լուսոյին վնաս չտան: «Վա՛յ, մամա ջան, հես ա մեզ կգզեն: Հասո, վախենում եմ, սրանք կծո՞ղ են»: Հասոն ձեռքի ցելոֆանից դատարկ կապրոնե շիշը հանում ու ամբողջ ուժով խփում է շան գլխին: Շները վայնասունով Հասոյից վախեցած փախչում են: «Բա՛, Լուսո ջան, ստեղի շները ձեր շների նման չեն: Ձեր շներին ասում ես` պաշոլ, փախնում են, բայց ստեղինը կատաղած, սոված են` պտի մի բանով գլխին տաս, որ վախենան, ձեռ քաշեն»: Հասոյենց թաղ հասած Լուսոն, որ ամեն քայլափոխի բախվում է կենդանական աշխարհի հետ մղվող պայքարին, լրիվ համոզվում է, որ Հասոյենց թաղում մարդիկ ու կենդանական աշխարհը պատերազմ են սկսել: Էս սարերի կավահողում բնակվող օձերն ու կարիճները չեն հանդուրժում իրենց տարածքները զավթած Հասոյենց: Իմ իմացած քաղաքի կողմից վռնդված ու իմ իմացած քաղաքը կառավարող մարդկանց հետ պայքարում պարտված Հասոյենք էլ անզորությունից հասել են էս տարածք ու չեն հանդուրժում տեղանքում բնակվող օձ ու կարիճներին: Էս շատ լուրջ պատերազմ է, որի ընթացքում կամ օձ ու կարիճներն են զոհ տալիս, կամ էլ Հասոյենք: Հասոյենք բնության օրենքը խախտել են, որովհետեւ իմ իմացած քաղաքի մարդիկ էլ, խախտելով պետական օրենքները, Հասոյենց ուղարկել են էստեղ` «գրողի ծոցը»: Ուրեմն` Հասոյենք մեր պետության զոհն են, օձերն ու կարիճներն էլ` Հասոյենց: Ուրեմն` ներսում պատերազմ է: Ուրեմն` եվրոպական արժեքները կրող, ժողովրդավարության ճանապարհը բռնած իշխանավորների կառուցած քաղաքն ուրիշ Երեւան է, Հասոյենցը` ուրիշ: Ուրեմն` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն օդանավակայանից Հասոյենց թաղով չի հասել հյուրանոց, Իսակով պողոտայով է եկել, որն ասֆալտապատել էին Շիրակի գալուց 10 օր առաջ: Ուրեմն` Ժակ Շիրակը հյուրանոց հասնելու ճանապարհին մենակ «զամշից» կոշիկ հագած մարդկանց է տեսնում ու զարմանում է Հայաստանի զարգացման արագ տեմպի վրա:

«Բոլորս ստեղ դարձել ենք հոգեկան հիվանդ»

Հասոն Լուսոյին հրավիրում է ճանապարհին պատահած առաջին խրճիթը` հարեւանուհու տուն: Լուսոն մտնում է ներս ու ներսում մթությունից բան չի տեսնում: Հետո, երբ կամաց-կամաց աչքերի խավարի մեջ մարդկանց դեմքեր է տեսնում` ոտքերը թուլանում են: Մարդկանց հայացքները լարված ու ջղային են, իսկ խրճիթի ներսը նույնքան վախենալու է, որքան վախենալու է մարդկանց դեմքի արտահայտությունը:

Տանտիկինը՝ ցմահ հաշմանդամ Անահիտ Խալաթյանը, հոգեկան հիվանդություն ունի: Տանտիկին Անահիտը 3 երեխա ունի, որոնք նույնպես հոգեկան հիվանդություն ունեն: Հոգեկան հիվանդություն ունեցող Անահիտը նաեւ 3 թոռ ունի, որոնք նույնպես նյարդային տարբեր խեղումներ ունեն: «Ոտքի հաշմանդամություն ու գանգոսկրի` հոգեկան հիվանդություն ունեմ: Կրկնակի հաշմանդամության համար ստանում եմ 15.700 դրամ: 25 տարեկան Արթուրս էլ հոգեկան հիվանդության համար բանակից ազատված ա, թոշակառու չի: Աղջիկս էլ հոգեկան հիվանդություն ունի, դժբախտացավ, երեխու հետ մեր հետ ա»,- ասում է տիկին Անահիտը, ում զրկել են 12.000 դրամ ընտանեկան նպաստից, որովհետեւ թոշակը մի 4000 դրամով ավելացրել են: Անահիտն ասում է, որ սարի վրա ապրող 4 ընտանիքներից միայն ինքը գրանցում ունի: Պարզվում է` այդ տարածքն Էրեբունի համայնքինն է, որը նախկինում «Հայէլեկտրո» գործարանին է պատկանել եւ աշխատակիցներին տրվել է որպես ամառանոց: Տիկին Անահիտի հասցեն փաստացի կոչվում է՝ Ջրաշենին կից այգեգործական հողամաս` «Լուսաբաց այգեգործական ընկերություն»: Մեծ պարտքեր ունեցող այս ընտանիքն Էրեբունի համայնքում գտնվող բնակարանը վաճառել է՝ պարտքերը մարելու համար: «Ես վթարի էի ենթարկվել, հիվանդանոցի ծախսերից էլ պարտքեր էր գոյացել, ու գումարն ամբողջությամբ տվեցինք: 1990 թվին, լավ է, գոնե էս տունն առանք, գումարը տարիների ընթացքում ենք մարել, կանխիկ գումար չկար, թե չէ փողոցներում էինք մնացել: Հիմա էլ տեսնում եք, էլի, ջունգլիների նման ենք ապրում: Հողը սահել, էրոզիայի է ենթարկվել, փլվում ա: Էստեղ բոլորս օդից կախված ենք: Ընտրությունների ժամանակ էլ չեն գալիս, որովհետեւ մեր տեղը չգիտեն: Ես էլ նոր եմ ծանոթով, խնդրելով գրանցվել, թե չէ` ստեղ ոչ մեկը գրանցում չունի»,- ասում է նա` վստահեցնելով, որ տարածքում դպրոց, խանութ կամ երթուղի գոյություն չունի:

Երեկոյան ժամը 20:00-ից հետո այս տարածքում ապրող մարդիկ փակվում են տներում, քանի որ ոչ էլեկտրականություն կա, ոչ ջուր, ոչ էլ փողոցներում` մարդաշունչ: «Ձմռանը ձյան հալոցքով կամ անձրեւաջրով ենք աման լվանում, լողանում, իսկ ամռանը… Ստեղ ոչ մի տաքսի չի համաձայնվում գալ, մեքենաներն էս ճամփեքից ավերվում են, իսկ շտապօգնություն էսքան ժամանակ չենք տեսել: Եթե մահացու դեպք էլ լինում ա` զանգում ենք, չի գալիս, ասում են` որտե՞ղ, ո՞նց գանք, չենք կարա: Օձ կծելու, սեւ մորմի մահացու դեպք ենք ունեցել, բայց ոչ մի շտապօգնություն: Էս տերիտորիան քարտեզից ջնջված ա,- ասում է տիկին Անահիտը` անընդհատ կրկնելով,- Բալես, հոգնել եմ»: Էս տարածքի բոլոր բնակիչները ռեզինե «սապոգներով» են շրջում: Տիկին Անահիտն իրավաբանական կրթություն ունի: Ասում է` աշխատել է Ներքին գործերի համակարգում` անչափահասների գծով տեսուչ, կոչում ունի, բայց հաշմանդամություն ձեռք բերելուց հետո համակարգում աշխատելու իրավունքից զրկվել է:

Հետո հիշում է 10 տարի առաջվա Անահիտին եւ հիմիկվա Անահիտին ու դառնանում է: Էս տարածքի բնակիչներից բոլորն էլ առողջական ծանր խնդիրներ ունեն, բայց տրանսպորտի ծախսի պատճառով ոտք չեն դնում առողջապահական հաստատություններ: Սարգիսը նյարդային համակարգի խնդիրների պատճառով սկսել է կակազել, իսկ 6 տարեկան Վարդուհին ֆոտոխցիկի արձակած լույսից այնպես է ցնցվում, կարծես լույսն աչքերը ցավեցնում է: Էս երեխաներն այնքան են խավարի մեջ ապրել, որ լույսին չեն դիմանում: «Ստեղ բոլորս դարձել ենք հոգեկան հիվանդ: Ձեզ խորհուրդ չեմ տա շուտ-շուտ գալ ստեղ: Մենք ոչ մի անգամ ոչ մեկին չենք դիմել, որ օգնեն, մարդ էլ չենք ճանաչում, ո՞ւմ դիմենք: Սկի քաղաքը չգիտենք, էս սարերից էն կողմ քիչ բաների տեղ գիտենք»: Տիկին Անահիտն ասում է` մի քանի տարի առաջ Առաքելական եկեղեցին օգնություն էր տրամադրում, բայց հիմա պահանջում են գալ, պատարագներին, ծեսերին մասնակցել. «Մենք ո՞նց կարանք էսքան ճանապարհը կտրել, հասնել եկեղեցի: Իրենք չեն պատկերացնում, թե մենք որտեղ ենք ապրում, ասում են` մասնակցեք` դեղն էլ, ամեն ինչն էլ կտանք: Մենք արատավոր մարդիկ ենք, էդքան ոտքով ճանապարհ չենք կարա կտրենք, բայց ես հավատում եմ Աստծուն` չնայած վաղվա օրվա լավ լինելու հույս չունեմ: Էլի չենք դժգոհում, ոչինչ, կապրենք»: Տիկին Անահիտի թոռները հաճախ սոված են գիշերում, որովհետեւ էստեղ շաբաթը մեկ անգամ են իջնում Ջրաշենից հաց առնելու ու, եթե հացը վերջանում է, քնում են, որ քաղց չզգան: «Օձ, սեւ մորմ, կարիճ բռնելու հարցում շատ հմուտ ենք, արդեն սովորել ենք ու շատ լավ կարում ենք բռնենք: Իրիկունը տեղաշորը բացում ենք` կարիճ, դիվանը քաշում ենք` կարիճ, մորմ: Կամ դու իրանց կբռնես, կամ էլ` քեզ կխայթեն: Օձին էլ սատկացնում ես` հետեւից գալիս են, որ վրեժ լուծեն: Ո՞նց չխելագարվես, ո՞նց չգժվես… Էնքան ենք վախեցել, որ աչքներիս օձ, կարիճ, մորմեր են երեւում…»:

Շարունակելի