ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Տ. Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն այսօր ունի երկրի տնտեսական զարգացման բավականին հավակնոտ ծրագրեր, եւ պատահական չէ, որ առաջնահերթությունը տալիս է սոցիալական, տնտեսական առկա հիմնախնդիրների լուծմանը: Տեղեկացնելով, որ ներկայումս, մասնավորապես, մշակվում է ՀՀ քաղաքացիական ծառայության հայեցակարգը, Տ. Սարգսյանն ակնկալել է բրիտանական կողմի աջակցությունը հայեցակարգի ներդրմանն ուղղված լրացուցիչ տեխնիկական օժանդակության ցուցաբերման գործում: Նա հավաստիացրել է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը հնարավորինս կնպաստի Միացյալ Թագավորության եւ ՀՀ-ի միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի ստորագրմանը, ինչը, ըստ նրա, լուրջ խթան կհանդիսանա մեր երկրի տնտեսվարող սուբյեկտների համար: Դեսպանը տեղեկացնելով, որ Միացյալ Թագավորությունը չի պատրաստվում կրճատել իր գործունեության շրջանակները ՀՀ-ում՝ նշել է, որ դրանում շատ բան կախված է նաեւ ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումներից, տնտեսական հաջողություններից: