Նախօրեին ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` իր հրապարակման մեջ ներկայացնելով մոսկվաբնակ հայազգի գործարար Լեւոն Մարկոսի («Սրետինկայի» Լյովա) բաց նամակը:
«Եռման կետ» վերնագրով հրապարակումն՝ ընդհանրապես, եւ Լ. Մարկոսի բաց նամակը՝ մասնավորապես, մեղմ ասած, քննադատություն է պարունակում ՀՀ իշխանությունների հասցեին: Սակայն առավել ուշագրավ է այն, որ դա հրապարակվել է Ռուսաստանում մերձիշխանական համարում ունեցող «ԸՐչցՎպվՑօ Ռ ՂՈՍՑօ» թերթում: Բավական է նշել միայն, որ ՌԴ նախագահի պաշտոնում երդմնակալությունից օրեր անց Դմիտրի Մեդվեդեւը մասնակցում էր «ԸՐչցՎպվՑօ Ռ ՂՈՍՑօ»-ի հիմնադրման 30-ամյակի տոնակատարությանը: Ստորեւ ներկայացնում ենք Լեւոն Մարկոսի բաց նամակը:
«Կարծում եմ, որ վերջին տասը տարիների ընթացքում կյանքը Հայաստանում հետընթաց է ապրում… Այդ փաստը հաշվի առնելով` ցանկանում եմ արտահայտել իմ անհանգստությունը սեփական ժողովրդի եւ երկրի վերաբերյալ: Իսկ ի՞նչ կլինի հետո: Այն, ինչ կատարվում է ամեն օր, վնասում է ժողովրդին, երկրի հեղինակությանը միջազգային ասպարեզում: Մեր երկրի ղեկավարությունը անպատիժ մնաց 1999 թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների համար՝ իր ձեռքում ունենալով ընդդիմադիրների դեմ «քաղաքական պայքարի» մշակված ծրագիր: Այսօր հարվածի տակ է հայտնվել ժողովուրդը: Մինչեւ մարտի 1-ը հանրահավաքի մասնակիցները 10 օր շարունակ իրենց խաղաղ էին պահում, չէին սադրում իշխանություններին: Մարդիկ ցանկանում էին իրադարձությունների խաղաղ եւ օրինական զարգացում: Մինչդեռ մարտի 1-ին տեղի ունեցավ անդառնալին: Իշխանություններն, ըստ էության, հրահրեցին ողբերգությունը: Ինչո՞ւ նրանք դուրս չեկան այն ժողովրդի մոտ, որը նրան ընտրել էր: Ինչո՞ւ չցանկացան իմանալ, թե ինչից էին դժգոհ քաղաքացիները, ի՞նչ պահանջներ ունեն նրանք: Ինչո՞ւ առողջ երկխոսություն չծավալեցին եւ նախընտրեցին այլ ճանապարհ:
Պաշտոնական ԶԼՄ-ներն ընտրություններից առաջ եւ հետո ընդամենը շիկացնում են մթնոլորտը: Դրա վառ ապացույցն է մարտի 1-ի իրադարձությունները, երբ մարդիկ մահացան: Զարմանալի չէ, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս չկար ոչ մի ընտրական տեղամաս: Իշխանությունները գիտեին, որ ոչ Ռուսաստանում, ոչ արտասահմանում իրենք չունեին ընտրողների աջակցությունը:
Ես կարծում եմ, որ, ինչպես հայրենիքում, այնպես էլ հայկական սփյուռքում ճանաչում եւ վստահություն է վայելում Լեւոն Տեր-Պետրոսյանը` մարդ, որը իրապես կարող է ինչ-որ բան փոխել ստեղծված իրավիճակում: Դա ապացուցում է 2008թ. մայիսի 2-ին տեղի ունեցած Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը: Նույնիսկ այդքան լարված իրավիճակում հսկայական քանակությամբ մարդիկ էին եկել այդ միջոցառմանը: Դա վկայում է, որ անկախ ամեն ինչից՝ շարժման կամքը չի կոտրվել: Այսպիսով, ընտրություններն անցան, ի՞նչ ունենք մենք:
1. Նախագահ, որի պաշտոնավարումը սկսվեց ողբերգությամբ: Կներվի՞ արդյոք այդպիսի մեղքը:
2. Անհասկանալի կադրային քաղաքականություն: Ինչո՞ւ վարչապետի պաշտոնում նշանակվեց այն մարդը, ով ժամանակին առնչություն ուներ երկրի ոսկու պաշարների վաճառքին, արտարժույթի փոխարժեքի խաղերին, մասնավոր բանկերի սնանկացմանը, այդ թվում` ինձ պատկանող «Կրեդիտ-Երեւան» բանկի: Ի՞նչ է մեզ սպասվում: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները: Արդյո՞ք մեր երկրում կհաղթի առողջ բանականությունը: Մի՞թե ժողովուրդը քուն կմտնի, կմոռանա՞ իր հույսերը, այլեւս երբեք դուրս չի՞ գա փողոց եւ լեզուն կկծի՞:
ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւում նշված է քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Մեր երկրում դեռեւս մնում են խղճի բանտարկյալներ: Իսկ մամուլում վերջերս շրջանառվում է Նիկոլ Փաշինյանի, Խաչատուր Սուքիասյանի հետ հաշվեհարդար տեսնելու մասին տեղեկությունը: Ինչպե՞ս կարելի է դրան վերաբերվել: Անգամ չհանդգնեք մտածել այդ մասին:
Արդյոք հենց այդ տոտալ անվստահության մասի՞ն չեն երազում մեր արտաքին թշնամիները: Հայաստանի սահմաններում իրավիճակն անհանգիստ է: Երկիրը ներքաշելով նման անկայունության մեջ, իշխանությունները թուլացրին նաեւ մեր հայրենիքի մարտական դիրքերը: Հազիվ թե որեւէ մեկը վիճի. ոչ մեկը չպետք է վտանգի ենթարկի ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Հայաստանի անկախությունն ու կայունությունը:
Ժողովուրդը երբեք չի մոռանա պատմության այս էջերը: Պետք է վերադառնալ արմատներին եւ ավանդույթներին եւ, հետեւելով դրանց` համակվել համարձակությամբ, բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը եւ արժանապատվությունը եւ սկսել ապրել նորովի: Շարունակել ապրել:
Իմ կողմից ցանկանում եմ նշել, որ ես միշտ իմ ժողովրդի հետ եմ եւ պատրաստ եմ ներդնել իմ բոլոր ուժերն ու ձեռքբերումները իմ Հայրենիքի բարգավաճման համար»: