Բոլորովին վերջերս Արաբկիրի թաղապետարանի, «Թեքեյան» մշակութային կենտրոնի եւ Հայաստանի Ազգային պարարվեստի միության աջակցությամբ թողարկվեց Միացյալ Նահանգներում բնակվող երաժիշտ Արծրուն Բաբախանյանի «Մենք ենք, մեր պարերը» նույն խորագրով թվով երկրորդ խտասկավառակը:
Սկավառակում ընդգրկված են հայկական ժողովրդական 12 մեղեդիների ժամանակակից մշակումներ` Տարոնի, Մուշի, Վանի, Ալաշկերտի հին ժողովրդական մասունքներ, որոնք բանահավաքչության արդյունքում կրկին վեր են հանվել, իսկ Արծրուն Բաբախանյանի մշակմամբ եւ կատարմամբ նոր շունչ են ստացել։
«Պետք է վերցնել ժողովրդից եւ տալ ժողովրդին: Մեր ժողովրդական մեղեդիները ես փորձում եմ համադրել մեկը մյուսի հետ, եւ դրանցով ստեղծել պարեղանակների այնպիսի մի շարան, որը կնպաստի պարարվեստի գործիչների գործունեությանը: Եվ կարծում եմ, որ բոլոր օտար ափերում ստեղծագործողները կերազեն նման լավ օծման եւ վերաբերմունքի արժանանալ հայրենիքում: Չափազանց ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռեցին նմանատիպ գեղեցիկ շնորհանդես ունենալ իմ հայրենիքում»,- ասաց երաժիշտը: Արծրուն Բաբախանյանը ժողովրդական մեղեդիների ավելի քան 60 մշակումների հեղինակ է, եւ սա իր թվով հինգերորդ ձայնասկավառակն է: Երաժիշտը 1966 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում, որտեղ ձեռք է բերել մեծ ճանաչում: Արծրուն Բաբախանյանն այնտեղ ծավալել է նաեւ մանկավարժական գործունեություն։ «Գլենդելում ունեմ հայ եւ օտար ազգի աշակերտներ, ովքեր հետաքրքրված են մեր ազգային նվագարաններով:
Վերջերս նկարահանվեցին երկու ամերիկյան նոր ֆիլմեր`«Խաչակրաց արշավանքներ» եւ «Վառվող խոտի դեզը», որտեղ եւս հնչում են իմ կատարումները»,- ասաց Ա. Բաբախանյանը` իր այս նոր խտասկավառակը նվիրելով Արաբկիր համայնքի հիմնադրման 83-ամյակին: Ինչպես երաժիշտն է ասում, Արաբկիրն առաջին համայնքն է, որ հիմնադրվել է Երեւանում, եւ իրենք` Կարեն Գեւորգյանի հետ միասին, որոշել են այդ խտասկավառակը նվիրել Արաբկիր համայնքին` համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանի ղեկավարությամբ, ով արվեստի սիրահար եւ իսկական նվիրյալ է եւ ամեն ինչ անում է արվեստագետներին աջակցելու համար:
Շնորհանդեսին ներկա Արաբկիրի համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանն ասաց, որ իրենց համագործակցությունն Արծրուն Բաբախանյանի հետ եւ այս նախագծի իրականացումը հեշտությամբ է ստացվել, քանի որ վերջինիս մարդկային նկարագիրը եւ նրա ստեղծագործությունների ներդաշնակությունը շատ համահունչ են. «Արաբկիրը նախորդ դարի 20-ականներին հայրենադարձների կողմից հիմնված առաջին համայնքն է, եւ հիմա էլ բավականին մեծ թվով արաբկիրցիներ ապրում եւ ստեղծագործում են նաեւ սփյուռքում, որոնց հետ եւս թաղապետարանը փորձում է կապերը վերականգնել եւ նրանց եւս դարձնել համայնքում տեղի ունեցող իրադարձությունների անմիջական մասնակիցը: Մենք մեր հնարավորության սահմաններում փորձում ենք աջակցել մշակույթին`ապահովելով Արաբկիր համայնքի երեխաների եւ երիտասարդության ոչ միայն ներկայությունը, այլեւ նրանց մասնակցությունը: Եթե մենք այսօր չպահպանենք մեր մշակույթը, ապա վաղը հեշտությամբ կարող ենք կորցնել մեր տեսակը: Իսկ կորցնելով մշակույթը` հետագայում մեր երիտասարդությունը նաեւ էլ ավելի լուրջ խնդիրներ կունենա քաղաքացիական հասարակարգի ձեւավորման առումով»: Հովհ. Շահինյանը բարձր գնահատելով Արծրուն Բաբախանյանի արվեստը եւ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման գործում ունեցած ավանդը, երաժշտին շնորհեց Արաբկիրի թաղապետարանի պատվոգիր:
Իսկ Խ. Աբովյանի անվան պետական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու Կարեն Գեւորգյանը կարծում է, որ նման միջոցառումները բացառիկ հնարավորություն են Սփյուռք-Հայաստան կապն ամրապնդելու համար, եւ այն երաժիշտ կատարողները, ովքեր որոշում են ճանապարհ անցնել նաեւ օտար ափերում, նախեւառաջ պետք է որպես մշակութային անհատներ մկրտվեն հայրենիքում։ «Կարծում եմ, որ նմանօրինակ միջոցառումներով է վերաիմաստավորված եւ մեր վաղվա օրը, եւ հատկապես մեր մշակույթի ապագան: Եվ սա իրականություն չէր դառնա, եթե դրա հիմքում չլինեին այն մարդիկ, ովքեր նվիրված են մշակութային արժեքների պահպանմանն ու գնահատմանը»,- նշեց Կ. Գեւորգյանը: Ըստ նրա` համագործակցությունը Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության հետ արժեքավոր է նրանով, որ դեռեւս չկան բավարար հայկական ժողովրդական մեղեդիներ ազգային պարերի բեմադրության համար: Իսկ Արաբկիրի թաղապետարանը հնարավոր դարձրեց բազմաթիվ ձայներիզների անվճար տրամադրումը բոլոր պարային խմբերին, պարագետներին, որպեսզի նրանք ունենան բավականաչափ նյութեր գեղեցիկ հայկական պարեր բեմադրելու համար: