Չնաշխարհիկ ճամփորդության հրավեր

18/05/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Օտար մշակույթի ճանաչողությունը, փիլիսոփայությանը խորամուխ լինելու պես, ամենից հաճախ, Արիստոտելի հայտնի ձեւակերպմամբ, սկսվում է զարմանքից եւ հափշտակվածությամբ նրա տարաշխարհիկ սքանչելիքներով: Մենք անհոգ զմայլվում ենք չինական արվեստի հազվագյուտություններով, մինչեւ որ հանկարծ հայտնաբերում ենք, որ այդ համարյա ֆանտաստիկ կենաց գունագեղ նախշերը, որ բանված են չինական արարողակարգերից» եւ «ճենապակյա տաղավարներից»` սոսկ թեփուկ են վիթխարի վիշապի մարմնի վրա, անհամեմատ ավելի հուժկու եւ մեծ, քան մեր ամենախիզախ մտքերը: Այդժամ մենք հայտնվում ենք դժվար ընտրության առջեւ` ընդունել կամ ժխտել այդ զարմանահրաշ մշակույթն ամբողջովին: Անպայման ամբողջովին, քանզի արդեն հասկանում ենք, որ մեզ համար հայտնաբերել ենք մինչեւ վերջին նրբերանգը միաձույլ եւ ամբողջական մի աշխարհ, որն իր բոլոր դրսեւորումներում ներթափանցված է մի կամքով ու կյանքով:

Վլադիմիր Մալյավին

Քանի որ չինական քաղաքակրթությունը եւ, առավել եւս, մշակույթը մնացել եւ մնում են մեզ համար Չինական պատի ետեւում, ապա բնականաբար ցանկություն է առաջանում այդ պատի այն կողմում գտնվող «Ներքին Չինաստանից» ինչ-որ բաներ փրցնել-հասցնել այստեղ, ինչպես ժամանակին մեր վաճառականները մետաքս, կերպաս, ճենապակի եւ զանազան այլ չնաշխարհիկ բաներ էին բերում Հայոց աշխարհ, եւ, ըստ մի քանի հայկաբանների, եթե հետեւելու լինենք «չնաշխարհիկ» բառի ծագումնաբանությանը, ապա պիտի տեսնենք, որ նախնական իմաստով այն նշանակում է` «չինական աշխարհից»: Եվ հիմա էլ, ինչ-որ արտասովոր, նրբին կամ զարմանահրաշ բան տեսնելիս հաճախ արտաբերում ենք «չնաշխարհիկ» բառը, չնայած մեզ շրջապատող իրականության մեջ չնաշխարհիկ բաները գնալով նվազում են, իսկ երբեմն էլ ծնվում են միայն իսպառ չքանալու ահից: Եվ ուրեմն, ցավից ու այլանդակությունից գոցված աչքերի թարթիչների վրա իջած արփիացողի պես բարեբեր են այս թափանցիկ խոսքերը, որ կան ու չկան: Չինական ավանդույթը սկսվել է աֆորիզմից. կոնֆուցիականության եւ դաոսիզմի հիմնադիրները` Կոնֆուցիոսը եւ Լաո Ցզին արտահայտվում էին կարճառոտ-խորիմաստ ասույթներով: Աֆորիզմն իր ծաղկմանը հասավ 17-րդ դարում, դառնալով չինական ավանդույթի ամենակատարյալ եւ ամենահասուն խոսքը: «Խոր քնի ստվերները»: Հիրավի գրքի չինական անվանումգ Այսպես է վերնագրված ասույթների հավաքածուն, որը գրվել է 17-րդ դարի վերջին, եւ որի հեղինակն է Չժան Չաոն: Այս մարդու մասին ոչ մի տեղեկություն չի մնացել: Մենք միայն գիտենք, որ ծնվել է ծառայողի ընտանիքում, մոտավորապես 1650թ., եւ ոնց որ թե ողջ կյանքն ապրել է հարազատ Յանչժոու քաղաքում, որը տեղակայված է Յանցզի գետի մոտ: Կարելի է հասկանալ, թե ինչու է չինացի հեղինակն իր գրական աշխատանքը կոչում «քնի-երազի ստվերներ»: Երազը հենց կենաց ստեղծագործական փոխակերպությունների տարերքն է, գալիքի գուժկանը, փորձի անիմանալի լիության խոստումը: Միայն քնի մեջ է բացվում մեզ հոգեւոր, ներքին տեսողության բարձրագույն, արթմնի անհասանելի պարզությունը:

Մեր մյուս հեղինակի՝ Խուն Ցզիչենի «Արմատների համը», թերեւս, ամենաուշագրավ գրքերից մեկն է, որն արարողի մասին, որքան էլ տարօրինակ է, համարյա ոչինչ հայտնի չէ: Ինչպես ասում է ժամանակակից լավագույն չինագետներից մեկը` Վլադիմիր Մալյավինը, կարդալով չինական աֆորիզմները՝ մենք հայտնաբերում ենք ոչ թե գաղափարներ, այլ սերմեր եւ ուժեր: Չինական աֆորիզմի էությունը մշտագո հոսունությունն է:

ՉԺԱՆ ՉԱՈ
«ԽՈՐ ՔՆԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ»

***

Եթե դուք ունեք գեթ մեկ մտերիմ ընկեր, ապա վայել չէ ճակատագրից տրտնջալը: Դուք ինքներդ միայնակ չեք, եւ ձեր շնորհիվ աշխարհում մի միայնակ մարդ պակասել է:

***

Չեն լինում ծաղիկներ առանց թիթեռների: Չի լինում սար առանց առվի: Չի լինում քար առանց մամուռ: Չի լինում լճակ առանց տիղմի: Չի լինում մարդ առանց թերությունների:

***

Ծաղիկներով հիանալը վայել է գեղեցկուհու ընկերակցությամբ: Լուսնի լույսի ներքո գինի խմելը վայել է բարի ընկերոջ շրջապատում: Քայլել ձյան վրայով վայել է վսեմ այրի հետ:

***

Հնում մի մարդ ասել է`«Եթե աշխարհիս երեսին չլինեին ծաղիկները, լուսինը եւ գեղեցիկ կանայք, ապա չարժեր նույնիսկ ծնվել»: Ինձանից հավելեմ՝ «Եթե աշխարհիս երեսին չլիներ տուշը, տամայաքարը եւ գինին, ապա չարժեր նույնիսկ ապրել»:

***

Հները ձմեռը համարում էին տարվա մյուս երեք եղանակների «մնացուկը»: Ես այդպիսի «մնացուկ» կկոչեի եւ ամառը. ամառային առավոտը` գիշերվա «մնացուկն» է, գիշերային հանգիստը՝ ցերեկային պարապության «մնացուկն» է, իսկ հետմիջօրյա քունը` բոլոր մնացյալ ժամանակի «մնացուկն» է, երբ դու թաքնվում ես մարդկանց հայացքներից:

***

Հմտորեն նկարված ծաղիկը կարող է դեպ իրեն գրավել թիթեռին: Քարերից հմտորեն շարված սարը կարող է դեպ իրեն գրավել մշուշը: Հմտորեն արտահայտված սոճին կարող է դեպ իրեն գրավել քամին, նաեւ՝ ջրամբար փորելով կգրավես ջրոսպին, դարատափ սարքելով կգրավես լուսնին, բանան տնկելով կգրավես անձրեւին, ուռենի տնկելով կգրավես ծղրիդներին:

***

Նա, ով լսել է թռչունների ճռվողյունը գարնանը, ծղրիդների զնգոցը ամռանը, մորեխների ճռռոցն աշնանը եւ ձյան խրթխրթոցը ձմռանը, ով լսել է տամայաքարերի շրխկոցը պարզկա օրը, սրինգի երգը լուսնի ներքո, քամու շրշոցը սոճիների մեջ եւ ջրերի խոխոջյունը գետում, նա իր կյանքն իզուր չի ապրել: Իսկ եթե լսես միայն կռվող պատանյակների ճիչերն ու կռվարար կանանց լուտանքները, ապա ավելի լավ է ամենեւին չծնվես:

***

Բնանկար, որ հազվագյուտ վեհասքանչ է համարվում, իսկ կյանքում անդուր է՝ մշուշն ու անձրեւը: Նկար, որ հազվագյուտ պոետիկ է համարվում, իսկ կյանքում անտանելի է` աղքատ եւ հիվանդ մարդը: Ձայներ, որ մեղեդային են թվում, բայց իրականում ճղճիմ են` ծաղկավաճառների ճիչերն են:

***

Նորալուկ լուսինը մեզ դուր չի գալիս այն պատճառով, որ չափազանց շուտ է անհետում, իսկ նվազող լուսինը` այն բանի համար, որ չափազանց ուշ է հայտնվում:

***

Ուժերիցս վեր է ողջ դաշտը հերկելը՝ կբավարարվեմ այն բանով, որ տնամերձ այգիս կաճեցնեմ: Ուժերիցս վեր է անտառի ողջ ցախը հավաքելը` կսահմանափակվեմ այն բանով, որ շեմիս խոտն արմատախիլ կանեմ:

***

Տասը բան կա, որ դժգոհություն է հարուցում` որդերը գրքերով պարկերում, մոծակներն ամառային գիշերը, շքապատշգամբի վատ կտուրը, խորշոմած ոսկեծաղիկները, մեծ մրջյունները սոճիների տակ, բամբուկի չափազանց շատ թափված թերթերը, փշերը ծաղկած ծաղիկների մեջ, թունավորումը համեղ ձկից:

***

Նա, ով սիրում է կնոջն այնպես, ինչպես ծաղիկներն են սիրում, իր զգացմունքներում կսավառնի ավելի ու ավելի վեր: Նա, ով սիրում է ծաղիկներին այնպես, ինչպես կանանց են սիրում, իր զգացմունքների մեջ կբանա նորանոր խորքեր:

***

Գեղեցկուհին ծաղկից լավ է այն բանով, որ հասկանում է խոսքերի իմաստը: Ծաղիկը գեղեցկուհուց լավ է այն բանով, որ անուշահոտություն է արձակում: Չի կարելի մեկը մյուսին համակցել, այդ պատճառով ավելի լավ է զոհաբերել անուշահոտությունը հանուն հասկացող զրուցընկերուհու:

***

Պատանին կարդում է գրքերը, ասես խորը փոսից լուսնին է նայում: Միջահասակ մարդը կարդում է գրքերը, ասես բակում լուսնին է նայում: Ծերունին կարդում է գրքերը, ասես բարձր դարավանդից հիանում է լուսնով: Նրանց հասկացողության խորությունը կախված է նրանց դիրքի բարձրությունից:

***

Լեռների փայլը, ջրերի խոխոջյունը, լուսնի լույսը, ծաղկանց բույրը, զարգացած մարդու խելքն ու տակտը, գեղեցիկ կնոջ արտաքինն ու շարժմունքը`այդ ամենն անհնար է բառերով արտահայտել, անհնար է ակներեւ դարձնել, բայց այդպիսի բաները հիրավի գերում են մեր սրտերը եւ հավերժորեն պահպանվում մեր հիշողության մեջ:

***

Ավելի լավ է չքավորության մեջ մաքուր լինել, քան աղտոտել քեզ անազնիվ վաստակած հարստությամբ: Ավելի լավ է մեռնել բերկրանքի մեջ, քան ապրել տառապանքի մեջ:

***

Աչքը չի կարող իրեն տեսնել, քիթը չի կարող հոտոտել իրեն, լեզուն չի կարող իր համը փորձել, մատը չի կարող ինքն իրեն դիպչել, եւ միայն ականջն է կարող ինքն իրեն լսել:

***

Ինքդ քո հանդեպ եղիր սառը, ինչպես աշունը։ Այլոց հանդեպ եղիր տաք, ինչպես գարունը:

***

Ռազմական գործերի մասին դատող գիտուն մարդը գրասենյակային ստրատեգ է: Գրականության մասին խորհրդածող գնդապետը` փողոցային գրագետ: յն անբասիր կլինի:

***

Նոր գիրք հորինելը` նվաճում է, որը կհիշեն հազար աշուն: Հին գիրքը մեկնաբանելը` արժանիք է, որը չեն մոռանա տասը հազար տարի:

***

Գրական ստեղծագործությունը բնանկար է սեղանի վրա: Բնանկարը՝ գրական ստեղծագործություն է երկրի վրա:

***

Տանը գրքեր պահելը դժվար չէ, դժվարը դրանք բանալն է: Դրանք բանալը դժվար չէ, այլ դժվար է դրանք ընթերցելը: Գրքերն ընթերցելը դժվար չէ, այլ դժվար է դրանց իմաստությունն ի գործ դնելը: Գրքային իմաստնությունն ի գործ դնելը դժվար չէ, այլ դժվար է դա յուրացնելը:

***

Գարունը Երկնքի երաժշտության գլխավոր թեման է, իսկ աշունը` նրա այլացումը:

***

Գրական ստեղծագործությունը բառերով բանված նախշ է, իսկ նախշը՝ գրական ստեղծագործություն է առանց բառերի: Թե մեկը, թե մյուսը նույն ակունքն ունեն:

***

Անասելի ցավալի է տեսնել, թե ինչպես են թափվում ծաղկաթերթերը, թե ինչպես է մայր մտնում լուսինը, թե ինչպես է ժամանակից շուտ մահանում գեղեցիկ կինը:

***

Ճանճերը նստում են մարդու դեմքի վրա, մոծակները տանջում են մարդկային մարմինը: Բայց ինչի՞ տեղ են նրանք դնում մարդուն:

***

Առօրյա կյանքում նշումներ անելու կարիք չկա, իսկ գիրք ընթերցելիս չի կարելի նշումներ չանել: Առօրյա կյանքում լավ չէ ագահ լինելը, իսկ ահա գիրք գնելիս չի կարելի ագահ չլինել: Առօրյա կյանքում վայել չէ խելահեղ լինելը, իսկ բարիք գործելուց չի կարելի խելահեղ չլինել:

***

Նա, ով ընթերցանությունից բան է հասկանում, գրքեր է տեսնում նույնիսկ այնտեղ, ուր նրանք չկան: Նրա համար եւ բնանկարը, եւ տամայախաղը, եւ ուրախ խնջույքը, եւ ծաղիկները, եւ լուսինը` գրքեր են, որոնք նա կարդում է: Նա, ով ճամփորդությունից բան է հասկանում, գեղեցիկ բնանկարներ է տեսնում նույնիսկ այնտեղ, ուր նրանք չկան: Նրա համար եւ պատմական գրքերը, եւ բանաստեղծությունների հորինմամբ խնջույքը, եւ ծաղիկները, եւ լուսինը` բոլորը բնանկարներ են, որոնցով նա հիանում է:

***

Ծղրիդը տաղանդավոր բանաստեղծի վերամարմնավորում է: Ծաղիկը՝ գեղեցկուհու գրական կեղծանուն:

***

Բոլոր ժամանակների լավագույն գրքերը գրված են արյունով եւ արցունքներով:

***

Ավելի հեշտ է հերոս լինել, քան իմաստուն: Գրողներ հաճախ են պատահում, քան իսկական տաղանդներ:

***

Չժուան Ցզիի համար մեծ հաջողություն էր երազում իրեն թիթեռ տեսնելը, իսկ ահա թիթեռի համար երազում իրեն Չժուան Ցզի տեսնելը բնավ էլ հաջողություն չէր:

***

Միայն նրանք, ովքեր անհաղորդ են սովորական մարդկանց գործերին, կարող են զբաղվել գործերով, որոնց անհաղորդ են սովորական մարդիկ:

ԽՈՒՆ ՑԶԻՉԵՆ
ԱՐՄԱՏՆԵՐԻ ՀԱՄԸ

Նրա համար, ով իր մեջ ճշմարտություն է պահպանում, կյանքը խտանում է ակնթարթում: Նրա համար, ով այլոց իշխել է տենչում, կյանքը հավերժորեն ձգվում է: Ճշմարտությանը հասու մարդը փնտրում է այն իրերը, որոնք չկան իրերի աշխարհում, եւ խորհրդածում է այն մասին, թե ով կլինի ինքը, երբ ինքը չի լինի: Նա կընդունի ակնթարթի վազքը եւ կժխտի հավերժության ընդարմացումը:

***

Եթե ամուր չկապվես աշխարհին, ապա աշխարհիկ կեղտը քեզ չի դիպչի: Եթե խորամուխ լինես աշխարհի գործերին, ապա մեխանիկական խելքը խորապես կմտնի քո մեջ: Դրա համար էլ ազնվաբարո այրն իր ձգտումներում ամենից շատ հակված է պարզությանը, իսկ իր արարքներում ամենից բարձր է գնահատում անմիջականությունը:

Ազնվաբարո այրի մտածումները` ասես երկնից կապույտն ու արեգակի փայլը` չնկատել դրանք անհնար է: Ազնվաբարո այրի տաղանդը` ասես հասպիսը քերծում եւ մարգարիտը ծովային խորխորատում` հեշտ չէ այն նշմարել:

***

Իշխանությունն ու շահը, փառքն ու շուքը` ով չի կորչում դրանց մեջ, նա հիրավի մաքուր է: Սակայն նա, ով դիպչում է դրանց, բայց իր վրա կեղտ չունի, նա կրկնակի մաքուր է: Բազմիմացությունն ու խորամանկամտությունը, դյուրըմբռնողությունն ու խորաթափանցությունը` ով զուրկ է դրանցից, նա հիրավի վսեմ է: Սակայն նա, ով օժտված է դրանցով, բայց չի օգտվում՝ կրկնակի վսեմ է:

***

Կյանքում հաճախ է պատահում մեզ համար անցանկալի զրույցներ լսել եւ տհաճություն պատճառող գործերով զբաղվել: Սակայն միայն այդպես մենք կգտնենք հեսանը, որի վրա կսրվի մեր առաքինությունը: Իսկ եթե լսես լոկ այն, ինչը հաճելի է լսել, եւ մտածես սոսկ այն մասին, ինչի մասին հաճելի է մտածել, ապա ողջ կյանքդ կապրես, ասես թունավոր հմայախոտերից թմրած:

***

Երբ մոլեգին քամի է փչում ու տեղատարափ անձրեւ է տեղում, թռչունների եւ գազանների համար անբարեհարմար է: Երբ վառ շողում է արեւն ու փչում է քնքույշ զեփյուռը, հարկ է հասկանալ, որ բնության կյանքում օր չկա, որ հաշտություն չլինի, օր չկա, որ մարդու սիրտը բերկրանքով չլցվի:

***

Ոչ թթու, ոչ աղի, ոչ դառը, ոչ քաղցր բաներում չկա իսկական համ: Իսկ իսկական համն անզգայելի է: Ոչ արտասովոր խելքը, ոչ էլ ապշեցուցիչ տաղանդը ճշմարիտ մարդու արժանիքները չեն: Ճշմարիտ մարդու արժանիքներն աննշմարելի են:

***

Երկինքն ու Երկիրն առհավետ անշարժ են, իսկ եթերը նրանց միջեւ ոչ մի պահ չի հանգստանում: Արեւն ու Լուսինը զօրուգիշեր վազում են միմյանց հետեւից, իսկ ժամանակաց անհունում ոչինչ չի փոխվում: Դրա համար էլ առաքինի այրը հանգստի ժամին պիտի մտածի այն մասին, ինչը հապաղում չի տանում, իսկ վճռական գործողությունների պահին պետք է պարապ լինի:

***

Երբ խորը գիշերով հանգիստ նստած ես մենության մեջ եւ ունկնդրում ես սրտիդ, ըմբռնում ես ամենայն կարծիքների ունայնությունն, ու քո առջեւ բացվում է ճշմարիտ բնությունդ: Այդպիսի պահերին քո մեջ ըմբռնում ես գոյության մեծ ուժը եւ հանկարծ հասկանում, որ նույնիսկ քո մեջ ճշմարտությունը գտնելով, դժվար է ունայն մտքերից ազատվելը: Եվ այդժամ քեզ համակում է մեծ ամոթը:

***

Բարությամբ հաճախ կարելի է վնաս պատճառել, դրա համար էլ, երբ ուզում ես բարիք գործել, ամեն ինչ մանրազնին քննիր: Ձախորդությունից հաճախ կարելի է օգտակար դաս քաղել, դրա համար էլ վրիպումները գործի լավագույն նեցուկն են:

***

Նրանց մեջ, ով սնվում է թեփով, շատ են սառույցի պես մաքուր եւ հասպիսի պես ազնիվ մարդիկ: Նրանց մեջ, ով վիշապներով ասեղնագործած հագուստ է կրում եւ ուտում է հասպիսե սպասքից, շատ են նրանք, որոնք պատրաստ են ճորտի պես մեջք ծռել եւ սիրաշահել այլոց: Նա, ով պահպանում է մտադրությունների մաքրությունը, պետք է կարողանա հրաժարվել քաղցր պատառից:

***

Եթե դաշտերը մեր հայացքի առջեւ լայնարձակ փռվում են, նրանց տեսքը չի մոռացվի: Եթե բարությունը, որը մենք թողնում ենք մեզանից հետո, տարածվի հեռու, հուշը նրա մասին չի նվազի:

***

Նեղ արահետում քայլդ դանդաղեցրու եւ թույլ տուր դիմացից եկող ճամփորդին անցնել: Ուտելիս քեզ վերցրու մեկ երրորդը, իսկ մնացյալը տուր մերձավորիդ: Ահա գաղտնիքն այն բանի, թե ինչպես երջանիկ լինել այս աշխարհում:

***

Ինչ մեծ գործով էլ որ զբաղված լինես, եթե դու քշել ես աղոտ մտքերդ՝ նշանակում է, դու հասել ես կատարելության: Որքան էլ դու առաջադիմես ուսմունքում, եթե դու ազատվել ես իրերի իշխանությունից՝ նշանակում է, դու ճանաչել ես, թե ինչ է իմաստությունը:

***

Ընկերներիդ երիցս ավելին թող, քան քեզ: Քեզ համար պահպանիր սրտի նախաստեղծ մաքրության թեկուզ նշույլը:

***

Պարգեւներ ստանալիս մի եղիր այլոց առջեւում: Բարի գործեր կատարելիս մի եղիր այլոց ետեւում: Ուրիշներից ստանալիս, մի վերցրու քեզ հասանելիքից ավելին։ Բարի գործերում քեզ մատչելիից պակասը մի արա:

***

Աշխարհիկ կյանքի հորձանուտում մի քայլ ընկրկելն ամոթալի չէ: Նահանջը առաջ շարժվելու գրավականն է: Քո բաժինը ուրիշին վերցնել թույլատրելը` ահա երջանկությունը: Այլոց օգնելով է պահպանվում ճշմարիտ օգնությունը քեզ:

***

Մեծագույն հաղթանակն այս աշխարհում գովասանքի խոսքի իսկ արժանի չէ: Մեծագույն հանցագործությունն այս աշխարհում պարսավանքի խոսքի իսկ արժանի չէ:

***

Մեծահռչակ անվամբ եւ բարի համբավով պետք չէ միայնակ օգտվել: Մարդկանց դրանց հաղորդակից դարձնելով, կարելի է խուսափել տհաճություններից եւ լիովին ապրել կյանքդ: Ամոթալի արարքներն ու վատ վարկը պետք չէ լիապես վերագրել այլոց: Դրանցից մի մասը բառնալով քո վրա, կարելի է առաքինությունների լույսը թաքցնելով, քո մեջ աճեցնել ճշմարտությունը:

***

Եթե կարողանաս ամենայն գործում բացահայտել հավիտյան անիրագործելի մի բան, ապա հենց ինքն՝ արարիչը ողջ գոյողի, չի կարողանա պատժել քեզ, եւ նույնիսկ աստվածներն ու ոգիները չեն կարող ոչինչ քեզանից խլել: Իսկ եթե ձգտես ամենայն գործ անպատճառ կատարելության հասցնել եւ ամեն ինչում հասնել լիովին բավարարվածության, այդժամ հոգիդ կկարծրանա, եւ շրջապատում ամեն ինչ տաղտուկ կպատճառի:

***

Ամեն մի ընտանիքում կա ճշմարիտ Բուդդա: Ամենօրյա եռուզեռում կա ճշմարիտ Ճանապարհը: Երբ մարդիկ կարողանում են, առանց կեղծավորության, համերաշխ ապրել եւ ուրախությամբ միմյանց բարեհաճ խոսքեր ասել, երբ ծնողներն ու երեխաները սիրում են միմյանց եւ համերաշխ են ապրում, ապա դա հազար անգամ վեր է «շնչառության կարգավորումից» եւ «սրտի հայեցումից»: Կան ծնված օրվանից եռանդուն ու գործունյա մարդիկ: Նրանք՝ ասես կայծակ են ամպերում կամ մոմի հուր քամու տակ: Կան մարդիկ, որ բնականից կենում են հանգստության մեջ: Նրանք` ասես «Մեռյալ մոխիր են եւ չորացած ծառ»: Սակայն հարկ է պատկերացնել մի ամպ, որը դադրել է կարծես քար կտրած վտակում, իսկ այնտեղ թեւածում է ուրուրը, եւ ճղփում են ձկները՝ ահա հենց սա էլ կլինի Դաոյին տիրապետող գիտակցության պատկերը:

***

Չարժե չափազանց եռանդագին նախատել ուրիշներին նրանց թերությունների համար: Մտածիր այն մասին, թե ինչ լավ բան կարող են այդ մարդիկ ուսանել: Դաստիարակելով այլոց քո բարի գործերով, չարժե անպատճառ առաքինության հրաշքներ դրսեւորել: Արա սոսկ այն, ինչին եւ այլք կարող են հետեւել:

***

Գոմաղբի թրթուրները լողում են աղտեղությունների մեջ, սակայն վերածվելով ծղրիդների, ցող են ըմպում աշնանային քամու ներքո: Փտանքը փակում է լույսի ճանապարհը, սակայն վերածվելով կայծոռիկի՝ կայծկլտում է աշնանային լուսնի ներքո: Չի կարելի չիմանալ` մաքուրը միշտ ելնում է կեղտից, պայծառն ամեն անգամ ծնվում է խավարից:

***

Փառասիրությունը եւ ամբարտավանությունը` ոգու խաբուսիկ գրգիռն է: Բավական է այդ գրգիռը մեղմել, եւ դրսեւորվում են բնավորության ճշմարիտ հատկանիշները: Կրքերը եւ հոգսերը ծագում են գիտակցության ունայնությունից: Հաղթահարիր ունայն գիտակցությունը քո մեջ, եւ քեզանում կդրսեւորվի ճշմարիտ գիտակցությունը:

***

Եթե կուշտ ուտելուց հետո մտածես կերակրի մասին, ապա նույնիսկ ամենաընտիր ուտելիքները ախորժակդ չեն բացի: Եթե տռփանքը բավարարելուց հետո մտածես սիրային հաճույքների մասին, ապա դրանց տրվելու ցանկություն չի առաջանա: Այդ պատճառով էլ մարդիկ հաճախ ափսոսում են իրենց գործած արարքների համար՝ միայն դրանք գործելուց հետո: Սակայն բավական է հրաժարվել այն բանի գայթակղությունից, ինչը մենք կանխատեսում ենք մեր երեւակայության մեջ, եւ մեր մտադրությունները կդառնան անհողդողդ, իսկ մեր արարքները՝ անբասիր:

***

Մեծատոհմիկի կառքում նստած՝ անկարելի է չերազել լեռնային բարձունքների անտառների մասին: Ապրելով անտառային առվակի մոտ՝ անկարելի է չմտածել կայսրի պալատում ծառայողների հոգսերի մասին:

***

Մի տենչա հաջողություն աշխարհում: Մոլորության մեջ չընկնելը` արդեն հաջողություն է: Մի փնտրիր մարդկանց գթասրտությունը: Չարժանանալ նրանց ատելությանը՝ արդեն գթասրտություն է:

***

Բանել՝ առանց զրկանքներից սարսափելու. ահա մեծագույն արիությունը: Սակայն եթե չափազանց չարչարես քեզ, չես իմանա ոչ իսկական հանգստություն, ոչ իսկական բերկրանք: Պահպանել ողջախոհությունը. ահա մեծագույն արիությունը: Սակայն եթե չափազանց հոգաս քո համբավի մասին, չես կարողանա օգնել մարդկանց:

***

Սոսկ հրաժարվելով փառքի, հարստության եւ իշխանության մասին մտքերից, կարող ես ազատվել ստորությունից: Սոսկ հրաժարվելով բարության, մարդասիրության եւ պարտքի մասին մտքերից, կարող ես հաղորդակից լինել իմաստությանը: