«Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես է Հայաստանը կատարում ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Ըստ նրա` բանաձեւի կատարման ընթացքը կլինի այն հիմքը, որից ելնելով էլ «մենք կկայացնենք հետագա որոշումները` ինչպես առաջնորդվել Հայաստանի հետ հարաբերություններում»: Անդրադառնալով բանաձեւի կոնկրետ դրույթներին, Պ. Սեմնեբին ասել է. «Կան էական խնդիրներ, պահանջներ, օրինակ` այն բոլոր հիմնարար ազատությունների վերականգնումը, որոնք սահմանափակվեցին արտակարգ դրության ընթացքում: Խոսքը, մասնավորապես, ցույցերի ու հավաքների ազատության մասին է, ինչպես նաեւ՝ այն մարդկանց ազատ արձակման, որոնք բանտարկվեցին իրենց քաղաքական գործունեության հետ կապված: Կան խնդիրներ, որոնք ավելի շատ գործընթացի մաս են կազմում, օրինակ` երկխոսությունն իշխանության եւ ընդդիմության միջեւ կամ մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը: Մեր տեսակետը հետեւյալն է` ավելի լավ է այս ամենն ավելի շուտ անել»: Նա նաեւ նշել է, որ ԵԽ ԽՎ-ի բանաձեւի կատարման շուրջ բավական երկարատեւ քննարկումներ է ունեցել թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հետ: «Ես մի քանի անգամ զրուցել եմ նոր նախագահի հետ` թե՛ մինչեւ նրա երդմնակալության արարողությունը, թե՛ դրանից հետո: Նա ինձ հավատացրել է, որ կզբաղվի այդ խնդիրներով: Չնայած դրան, ես որեւէ պատրանք չունեմ, որ կարող են լինել մարդիկ, ուժեր կամ կառույցներ, որ այլ կարծիք կունենան: Մնում է սպասել եւ տեսնել` բարձրացված խնդիրները լուծվելո՞ւ են, թե՞ ոչ»,- ասել է Պ. Սեմնեբին: