Երկխոսությունը պետք չէ շտապեցնել

16/05/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Այսօր այն իրողությունների լուրջ հետազոտության խնդիր կա, որոնք ձեւավորվել են մեր հասարակության մեջ հետընտրական գործընթացների արդյունքում, մինչդեռ մեր գիտական, քաղաքագիտական միտքը չի շտապում այդ հետազոտությունն անել»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Բացի այդ, նա անհրաժեշտ է համարում երկրի իշխանությունների եւ ընդդիմության` փոխադարձ հանդուրժող վերաբերմունքը, ինչպես նաեւ` ԵԽ ԽՎ բանաձեւի որոշումն իրականացնելու ուղղությամբ որոշակի քայլերի կատարումը: «Հայաստանում նոր նախագահ է ընտրվել ու ձեւավորվել է նոր կառավարություն: Իմ գնահատականով` կառավարության ղեկավարի ու անդամների` վերջին շրջանում հանրային ակտիվության նկատմամբ հանրության ընդհանուր վերաբերմունքը վատ չէ: Հասարակությունը լավատեսությամբ է սպասում քայլերի իրականացմանը: Ես կարծում եմ` հիմա, ֆուտբոլային լեզվով ասած, գնդակն իշխանությունների դաշտում է: Հասարակությունը իշխանություններից գործնական քայլեր է սպասում»,- հայտարարեց Արամ Սաֆարյանը` չմանրամասնելով, թե հատկապես որտեղից է ինքը տեղյակ հանրության լավատեսության մասին:

Ինչ վերաբերում է ընդդիմության հետ իշխանությունների հարաբերություններին` Ա. Սաֆարյանի համոզմամբ` այս դեպքում իրենք գործ ունեն երկու քաղաքական շերտի հետ. նախ` իշխանություններից հանրության դժգոհ բավական մեծ մասը, որոնց դժգոհությունը փարատելը, Ա. Սաֆարյանի համոզմամբ` կառավարության ուղղակի պարտականությունն է. «Դժգոհողների երկրորդ մասը Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված քաղաքական ուժն է: Նրանք համախմբվել են, ու դա հետագայում վերածվելու է մեկ միացյալ ճակատի: Ու սա իր ամբողջ մտահոգող հանգամանքներով հանդերձ` դրական երեւույթ է: Եթե Հայաստանը ժողովրդավարական պետություն լինելու ցանկություն ունի, ուրեմն այստեղ քաղաքական պայքարը պիտի ընթանա լեգալ եւ բացահայտ, ոչ թե ընդհատակյա ու ծնելի էքստրեմալ դժգոհությունների մթնոլորտում: Ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պիտի լինեն թափանցիկ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ այժմ տեղի չի ունենում երկխոսություն, երբ ընդդիմությունը կարծես համաձայն է դրան, Ա. Սաֆարյանը պատասխանեց, որ երկխոսությունը շտապեցնելու հարկ չկա, քանի որ հիմա խմորումներ են ընթանում: «Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկխոսության կողմնակից են ցանկացած ուժի հետ: Ինչո՞ւ ընդդիմությունը չի պատասխանում այս կոչերին: Կարծում եմ, որ սպասում է ԵԽ ԽՎ բանաձեւի իրականացմանը: Մյուս կողմից էլ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները խնդիր ունեն ընդդիմադիր ընտրազանգվածի հետ աշխատելու ու նրանց կամքն արտահայտելու»,- ասաց նա:

Նախօրեին Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ եթե մինչեւ հունիսի 20-ը քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն, ապա դրանից հետո իրենք նոր գործողությունների շարք կսկսեն, եւ դրա մեկնարկը կտրվի հունիսի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքում: Ա. Սաֆարյանը հրաժարվեց մեկնաբանել ընդդիմության ներկայացուցչի հայտարարությունները` նշելով միայն, որ ամեն ինչ շատ պարզ է` հունիսի 20-ից հետո ԵԽ ԽՎ բանաձեւը կպատրաստվի ու կմտնի նիստի օրակարգ, ու եթե այնտեղ աննպաստ մթնոլորտ ձեւավորվի Հայաստանի նկատմամբ, ու հանկարծ Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից, ընդդիմությունը կսկսի ղեկավարել այդ դժգոհությունից առաջացած շարժումը. «Բայց կարծում եմ` բանը դրան չի հասնի»,- ասաց Ա. Սաֆարյանը: Ի պատասխան հարցին, թե արդյոք ճիշտ չի՞ լինի, որ նախ իշխանությունները համաներում շնորհեն բոլոր քաղբանտարկյալներին եւ հետո միայն սկսեն երկխոսություն ընդդիմության հետ, բանախոսը պատասխանեց, որ դատարանների կայացրած վճիռներից հետո միայն կարելի է խոսել համաներման մասին. «Ի՞նչ իրավական պետության մասին կարող է խոսք լինել, եթե նախքան դատարան մտնելը որեւէ մեկին նախաքննությունից դուրս բերեն: Դա անհնար է»:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությանը` Ա. Սաֆարյանը նշեց, որ դրա մասին խոսելը հիմա վաղաժամ է եւ ավելորդ: Ըստ նրա, պետք է սպասել, մինչեւ իշխանություններն իրենց բոլոր պարտականությունները կատարեն, որից հետո, քաղաքական իրավիճակը կստանա այն տեսքը, որ պետք է ստանար նորմալ քաղաքական մթնոլորտի ձեւավորումից հետո, եւ այդ դեպքում` եթե անհրաժեշտություն առաջանա ինչ-ինչ խնդիրներ լուծելու, այդ առաջարկը կդրվի քննարկման: «Բայց այսօր քննարկել դեռ չլուծած բանաձեւի պահանջները, այն էլ` կոալիցիայի գործնական քայլերը չտեսած, այս մասին խոսելն ավելորդ է»,- ասաց նա:

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում համընդհանուր թանկացումների սոցիալական հետեւանքները թուլացնելու ուղղությամբ: Ա. Սաֆարյանը, ինչպես իշխանության ցանկացած ներկայացուցիչ, իր պարտքը համարեց նախ նշել, որ աշխարհում որոշակի ապրանքների գներ բարձրացել են, ինչը նրա գնահատմամբ` օբյեկտիվ գործընթաց է, ու դրա դեմ պայքարել հնարավոր չէ: «Բայց կա երկրորդ հարցը: Երկրի ներսում անբարեխիղճ բիզնեսմենները փորձում են սրանից առավելագույն օգուտ ստանալ, ու նրանց գների բարձրացումներն ադեկվատ չեն միջազգային պրոցեսներին: Սրա դեմ պիտի պայքարեն կառավարությունը, հատուկ մարմիններն ու Կենտրոնական բանկը: ԿԲ-ի գործառույթների մեջ գրված է` գնագոյացման վերահսկողություն: Եթե չպայքարեն, մեծ խնդիրներ կունենան հասարակության հետ»,- զգուշացրեց Ա. Սաֆարյանը: