Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից 10 օր անց «ազատ բառապաշարով» հարցազրույցով հանդես եկավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ իր ելույթում Լ. Տեր-Պետրոսյանը մանրամասն վերլուծելով մարտի 1-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարեց, որ կատարվածի հիմնական մեղավորն ու պատասխանատուն Ռ.Քոչարյանն է: «Փաստերի համակողմանի քննությունը ցույց է տալիս, որ մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների եւ Ոստիկանության միջեւ, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպած իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռ.Քոչարյանի վրա»,- հայտարարել էր Լ.Տեր-Պետրոսյանը: Ռ.Քոչարյանն իր պատասխան հարցազրույցում մարտի 1-ի դեպքերի համար Լ.Տեր-Պետրոսյանին սկզբում ուղղակիորեն չի մեղադրում. նա իր մտքերը ձեւակերպում է հարցադրումներ հնչեցնելով: «Ո՞վ էր ավազակախումբ անվանում իշխանություններին եւ կոչ անում կազմաքանդել պետական համակարգը: Ո՞վ ընտրություններից երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ արդեն հաղթել է: Ո՞վ էր դրդում զինվորականներին եւ ոստիկաններին՝ խախտել երդումը: Ո՞վ էր շանտաժի ենթարկում միջազգային կառույցներին եւ դիտորդներին՝ նրանց, ընդհանուր առմամբ, դրական գնահատականների համար»: Հարցերի այս շարքից հետո Ռ. Քոչարյանն ասել էր` «Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին անհրաժեշտ էր արյունը` որպես քաղաքական պայքարը շարունակելու գործիք, ընտրություններին պարտվելուց հետո: Ի դեպ` ուրիշների արյունը»:
Լ.Տեր-Պետրոսյանին սատարող ուժերը, սակայն, համոզված են, որ Հայաստանում ոչ մեկը չի կասկածում, որ այդ արյունոտ իրադարձությունների պատասխանատուն Ռ.Քոչարյանն է: «Ես չեմ կարծում, որ 2004թ. ապրիլին եւ Քոչարյանի երդման օրը (2003թ. ապրիլի 9-ին.- Ա.Ա.) թափած արյան պատասխանատուն էլ Լ.Տեր-Պետրոսյանն է, եւ չեմ կարծում, որ հոկտեմբերի 27-ին թափած արյունը, ինչպես իրենք են փորձում ներկայացնել, պետք էր Լ.Տեր-Պետրոսյանին: Միշտ համոզված եմ եղել, որ այս կարգի գործընթացների հետ Լ.Տեր-Պետրոսյանը կապ չի ունեցել, ավելին, դատապարտել է: Իսկ նման կերպով հակադարձելն ուղղակի սեփական մտածելակերպի սահմաններից եկող պատասխան է: Ցավում եմ Ռ.Քոչարյանի մտածելակերպի փողոցային խոսակցության մակարդակի համար»,- Ռ. Քոչարյանի հայտարարությունները այսպես է մեկնաբանում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ.Սարգսյանը:
Իսկ ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը համոզված է, որ այդ իրադարձությունների համար հավասարապես պատասխանատու են իշխանական բոլոր ուժերն ու կուսակցությունները: «Նախ` ես կարծում եմ, որ դեռեւս շարունակվող այդ իրադարձություններից որեւէ մեկը մաքուր դուրս չի եկել: Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ կոալիցիայի մաս կազմած կուսակցությունները բոլորն էլ, ամեն մեկն իր մեղքի չափով, պատասխանատու է: Թափված արյան համար առաջին հերթին Քոչարյանն է պատասխանատու, որովհետեւ նա էր գործող նախագահը: Եվ քանի որ ինքն էր գերագույն գլխավոր հրամանատարը, միայն ինքը կարող էր կրակելու ձեւով ուժ կիրառելու հրամանը տալ: Շատ երկրներում են ընտրություններ տեղի ունենում, բայց որեւէ տեղ ռազմական ուժ չի կիրառվել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Պատասխանատվությունը թիմային է»,- ասում է Ռ.Խաչատրյանը:
Իշխանական ուժերը, բնականաբար, ունեն տրամաբանորեն հակառակ տեսակետը եւ կարծում են, որ մարտի 1-ի դեպքերը պետք է դիտարկել ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթության մեջ: ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի կարծիքով` մարտի 1-ի իրադարձությունների համար քաղաքական պատասխանատվությունը բարդել հակառակորդի կամ ընդդիմախոսի վրա, նշանակում է` դասեր չքաղել այդ իրադարձություններից: «Գոնե մարտի 1-ի իրադարձությունների համար ընդդիմության ու իշխանության կարծիքները համընկնում են. երկու կողմերն էլ ուզում են անկախ հետաքննություն, թափանցիկ դատավարություն, հասարակության վստահությունը վայելող գործընթաց: Բազմաթիվ իրադարձություններով հարուստ ներքաղաքական կյանքը քաղաքական շահարկումների եւ ելույթների համար առիթներ տալիս է ու կտա: Մենք նույնպես եւ շատ ավելի հիմնավոր կերպով այդ իրադարձությունների քաղաքական մեղքը կարող ենք վերագրել ծայրահեղական դիրքեր որդեգրած ընդդիմությանը»,- ասում է Ա. Աշոտյանը:
Լ.Տեր-Պետրոսյանի ելույթին հաջորդած գնահատականների շարքում առաջինը հնչում էր այն կարծիքը, որ մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատուների մասին խոսելիս՝ չի խոսել Ս. Սարգսյանի մասին: Ելույթում Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Նրա (Ս.Սարգսյանի.- Ա.Ա.) պատասխանատվության չափը կախված է այն դիրքորոշումից, որը նա կդրսեւորի մարտի 1-ի ոճրագործության անկողմնակալ հետաքննության ապահովման գործում: Սարգսյանն իր անմեղությունն ապացուցելու ավելի հարմար եւ շահավետ միջոց չունի, քան համաձայնել այդ ոճրագործության հանգամանքների միջազգային անկախ հետաքննության անցկացմանը…»: Իսկ ետընտրական իրադարձությունների մասին Ռ.Քոչարյանի գրեթե ամենօրյա մեկնաբանությունների արդյունքում ձեւավորվեց այն կարծիքը, թե նախկին նախագահը դեպքերի ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա եւ նորընտիր նախագահին «մաքուր» է պահում: Կոնգրեսում Լ.Տեր-Պետրոսյանի ելույթից հետո սպասվում էր, որ նախագահ Ս.Սարգսյանը փոխադարձ քայլ կանի եւ կպաշտպանի իր նախորդին: Սակայն գործող նախագահը այդ թեմայով դեռեւս ոչինչ չի խոսել: Ինչպե՞ս են մեկնաբանում այս փաստը ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական գործիչները: «Ես տեսել եմ, թե 2003թ. եւ 98թ. նախագահական ընտրություններին Քոչարյանի համար ինչեր է արել Ս.Սարգսյանը: Ռ.Քոչարյանին նա նախագահ դարձրեց թեկուզ բռնազավթման գնով: Իմ տեսանկյունից Ռ.Քոչարյանը դեռ պարտք ունի Ս.Սարգսյանին: Ես կարծում եմ, որ քաղաքական խնդիրներում այդ երկու անհատների գործունեությունը քաղաքական գործչին բնորոշ գործունեություն չէ»,- ասում է Ա. Զ.Սարգսյանը:
Իսկ ՀՀԿ-ական Ա.Աշոտյանը կարծում է, որ յուրաքանչյուր նախագահ կրում է իրավական եւ քաղաքական պատասխանատվություն` միայն իր պաշտոնավարման ժամկետի շրջանակում: Ըստ նրա, Լ.Տեր-Պետրոսյանի տված գնահատականների մի մասը Քոչարյանին ուղղված անձնական վիրավորանքներ էին, այդ պատճառով էլ նախկին նախագահն անձամբ է պատասխանել դրանց: «Հասկանալի էր, որ պարոն Ռ.Քոչարյանը որպես երկրի գործող նախագահ՝ մինչեւ նոր նախագահի պաշտոնավարման արարողությունն իրականացնում էր իրեն վերապահվող ողջ լիազորությունները: Երկրի նորընտիր նախագահ Ս.Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակահատվածի ընթացքում միայն կրում է սահմանադրական շրջանակով ամրագրված իրավունքներն ու պարտականությունները: Իսկ ընդհանրապես, ցանկանում եմ հիշեցնել, որ ընդդիմության այդ հատվածի հնչած քննադատության համապատասխան արձագանք տվել եւ մեկնաբանություններ արել ենք Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի բոլոր անդամներս, այդ թվում նաեւ՝ ձեր խոնարհ ծառան»,- ասաց Ա.Աշոտյանը:
«Ես չեմ կարծում, որ Ս.Սարգսյանը լռում է: Անպայման չէ մարդ ելույթ ունենա, գործողությունները եւս խոսուն են: Իսկ մենք այսօր տեսնում ենք, որ շարունակվում են ձերբակալությունները, շինծու քրեական գործերը, դատավարությունները: Սա ես չեմ համարում լռություն: Միգուցե մարդկային խառնվածքի տարբերության խնդիր այստեղ կա, որ Քոչարյանի մոտ շատ ավելի ագրեսիվ արտահայտվելու պահվածք է, Ս.Սարգսյանի մոտ այդ ագրեսիան արտահայտված չէ: Հնարավոր է նաեւ, որ Ս.Սարգսյանն իր հաճախորդների միջոցով որոշ պատասխաններ տալիս է եւ փորձում հասարակությանը մոլորության մեջ գցել»,- ասում է Ռ.Խաչատրյանը: