Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակությանը պարբերաբար հիշեցնում է իր մասին: Դա սովորաբար կատարվում է այն պահին, երբ տնտեսական կյանքում արտառոց միջադեպեր են գրանցվում: Մայիսի սկզբին գազի լիցքավորման գների աճն ու հետագա նվազումը հարմար առիթ է, որ հանձնաժողովը հիշեցնի իր գոյության մասին: Մեր փոքր տնտեսական շուկան նման խրոխտ անունով հանձնաժողովին չի կարող մեծածավալ աշխատանք ապահովել: Փոքր շուկա ունեցող երկրներում տնտեսական մրցակցություն կոչվածը համարյա անհնար երեւույթ է: Խոշոր գործարարները տնտեսության մի քանի ոլորտ են զբաղեցնում: Իսկ առանձին մեծածավալ ոլորտներ «պատկանում» են մի քանի գործարարի: Խոշոր ոլորտ ասածը, օրինակ, գյուղմթերքների մթերումն է (վերամշակման կամ արտահանման նպատակով), շինանյութերի արտադրությունը կամ ներմուծումը եւ այլն: Արտադրող ու ներմուծող բոլոր գործարարները բնականաբար իրար գիտեն ու նրանց գործարար կյանքում ամեն ինչ հնարավոր է, բացառությամբ տնտեսական մրցակցություն կոչվածից: Հետեւաբար, այդ մրցակցության պաշտպանությանը կոչված հանձնաժողովի համար իրավամբ դժվար է գործունեության ոլորտ գտնելը: Փոքր տնտեսական շուկա ունեցող երկրում տնտեսության բոլոր ոլորտները հնարավորության դեպքում մոնոպոլիզացվում են: Այս մտքի հետ չհամաձայնողները սովորաբար հիշեցնում են, որ 90-ականների առաջին կեսին տնտեսությունը շատ ավելի մասնատված էր: Բենզին, օրինակ, ներմուծում էին 30-40 ընկերություններ: Այսօրվա հետ համեմատած՝ նույն պատկերն էր հիմնական սննդամթերքի ներկրման ոլորտում: Բարեփոխումների առաջին էտապում տնտեսական կյանքն իսկապես ավելի աշխույժ էր: Նույն ոլորտում բազմաթիվ ընկերություններ ու սեփականատերեր էին գործում: Մասամբ արատավոր, մասամբ բնականոն գործընթացների արդյունքում ոլորտները հերթով մոնոպոլիզացվեցին: Առաջին էտապում խոշոր սեփականատերեր չկային, եւ ոչ մի գործարար իր միջոցներով չէր կարող սպասարկել շուկան ամբողջությամբ: 90-ականների կեսերին ոչ ոք ֆինանսապես ի վիճակի չէր միայնակ ներկրել շաքարավազ կամ ալյուր՝ պահանջարկի ամբողջական ծավալի չափով: Մոտավորապես 2000-ից առանձին անհատներ, միայնակ կամ մեկ-երկու գործընկերոջ հետ, ֆինանսապես արդեն ի վիճակի են այդ մասշտաբի գործարքների: Նման մոնոպոլիաների ձեւավորումը կատարվեց պետության բացահայտ կամ լռելյայն համաձայնությամբ: Պետական պաշտոնյաների համար շատ ավելի հեշտ է բանակցել սակավաթիվ խոշոր գործարարների հետ ու նրանց հետ փոխհամաձայնության գալ մուծվելիք օրինական ու անօրինական հարկերի շուրջ: Սա շատ ավելի շահութաբեր ու պակաս աշխատատար է, քան տնտեսական ճկուն քաղաքականություն մշակելը, տնտեսական պատշաճ օրենսդրություն ընդունելը, հարկային ու մաքսային մարմիններն օրենքի շրջանակում աշխատեցնելու փորձը: Հետեւաբար, այսօր կարելի է արձանագրել, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր առջեւ անիրագործելի խնդիր է դրել: Հանձնաժողովը փորձում է պարզել՝ արդյո՞ք առկա են հակամրցակցային համաձայնություններ ավտոգազալիցքավորման շուկայում: Հանձնաժողովը հարկավ գիտի, որ ոլորտում «երկու զույգ, մի կենտ» սեփականատեր է գործում: Բայց փորձում է հասարակությանը համոզել, որ իրեն կհաջողվի մտնել մատի ու մատանու արանքը՝ հաստատել կամ հերքել հակամրցակցային համաձայնության փաստը: Տնտեսական փոքր շուկա ունեցող երկրներում նման գործելաոճն արդյունավետ չէ: Այսօր, երբ հանձնաժողովի աշխատանքները դեռ ավարտված չեն, պայծառատեսի շնորհ ունենալ պետք չէ՝ միանշանակ պնդելու համար, որ հակամրցակցային պայմանավորվածության փաստ չի հայտնաբերվի: Ոչ ոք իր անձի ու իր բիզնեսի դեմ տվյալներ չի տրամադրի: Ավելին, այս օրերին սեփականատերերն իրենց «օբյեկտներին» թույլ կտան գնագոյացման տարբեր հաշվարկներ կիրառել: Գազալցակայաններում առաջիկա օրերին գները մի քանի դրամով իրարից կտարբերվեն: Անգամ մայրաքաղաքում ու մերձակայքում: Սա ամենեւին էլ չի նշանակում, որ պետությունը լծակներ չունի ստեղծված իրավիճակը շուկայական մեթոդներով կառավարելու համար: Այն երկրներում, ուր խոշոր սեփականատերերն իրենց ֆինանսական միջոցներով ի վիճակի են ամբողջական ոլորտներ մոնոպոլիզացնել, սովորաբար տնտեսական այլ քաղաքականություն է վարվում: Տվյալ ոլորտների համար շահույթի առավելագույն սահման է որոշվում: Պետությունը պարզապես հսկում է, որ այդ մենաշնորհված ոլորտներում սեփականատերերը գերշահույթ չստանան իրենց մենաշնորհային դիրքը չարաշահելով: Այնինչ մենք գերադասում ենք ձեւացնել, թե չգիտենք՝ որ ոլորտներն են մենաշնորհված, եւ ովքեր են դրանց տերերը: Հասարակությունը զարմացավ, որ գազի լիցքավորման գները երթուղայինների փոխադրավարձի թանկացման չհանգեցրեց: Մի քանի օր հետո քաղաքային իշխանությունները հայտարարեցին, որ երթուղային առանձին գծերի սեփականատերեր դիմել են փոխադրավարձը բարձրացնելու խնդրանքով: Միաժամանակ հասարակությանը հանգստացնելու նպատակով՝ պաշտոնապես նշվեց, որ սակագնի հնարավոր աճի դեպքում դրանք կփոխհատուցվեն այլ աղբյուրներից: Այսինքն, մեր շահերից ելնելով՝ թույլ չեն տա մեծացնել փոխադրավարձը, մի տեղից փող կճարենք ու կտանք այդ գծատերերին: Իշխանությունները փող միայն մեկ աղբյուրից կարող են ճարել՝ պետբյուջեից: Ու Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակությանը հավաստի տվյալներ չի ներկայացնի ոչ գազալիցքավորման, ոչ ուղեվարձի, ոչ այլ ոլորտի գնագոյացման մասին: Պետությունն էլ չի փորձի սահմանել առավելագույն շահույթի չափն այդ ոլորտներում: Փոխարենը՝ մի քանի գործարարի լրավճար կտան մեր մուծած հարկերից գոյացած բյուջեից: Ցեմենտի արտադրության ոլորտում դրա նախադեպն արդեն կա: