Անցկացվելու է «DigiTec Business» ֆորում

16/05/2008

Ներքին եւ արտաքին բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ «DigiTec Business» ֆորումը կանցկացվի հունիսի 26-27-ը: Այդ մասին երեկվա ասուլիսում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով, ֆորումի նպատակն է՝ նպաստել բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը, եւ տրամադրել նորարարական ծրագրեր եւ տեղեկատվական հնարավորություններ` բիզնեսի ավտոմատացման համար: Ըստ նրա` այսօր շատ գործարարներ են օգտագործում ՏՏ-ները, իսկ ոմանք էլ նույնիսկ գաղափար չունեն, թե ինչքան օգտակար կարող են լինել ՏՏ-ները բիզնեսում: Իսկ Գործարարների ու արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ գործարարը շատ լավ է գիտակցում, որ մրցակցությունում մասնակցելու համար կարեւոր է ՏՏ-ների օգտագործումը: Ի դեպ, «DigiTec Business» ֆորումի շրջանակներում կներկայացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված են լինելու բանկային, լեռնաարդյունաբերական, զբոսաշրջության, առողջապահական, կրթական, կոմերցիոն, շինարարական եւ տրանսպորտային ոլորտներում գործող ընկերությունները, որոնք տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ավտոմատացման հարցում ներկայացնելու են իրենց որոշումները: