Միայն գեղեցիկ խոսքեր

16/05/2008

Երեկ մեկնարկած «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակության եւ ինովացիայի երկօրյա համաժողովի» ընթացքում հիմնականում արծարծվել են Հայաստանում ՏՏ մրցունակության խթանմանը, ՏՏ կլաստերի զարգացմանը, այդ ոլորտի հեռանկարներին ու խնդիրներին վերաբերող թեմաները:

Համաժողովի բացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշել է, որ ՏՏ ոլորտը Հայաստանի կառավարության կողմից դիտարկվում է որպես տնտեսության համար առանձին ոլորտ, որը սերտորեն առնչվում է տնտեսության բոլոր հատվածների հետ: Նա հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունն իր առջեւ նպատակ է դրել հնարավորինս արագ կերպով իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների փոխանցումը տնտեսության ամենատարբեր ոլորտներ. «Դա նշանակում է, որ էապես կկրճատվի ՏՏ մասով Հայաստանի եւ զարգացած երկրների միջեւ առկա անջրպետը»,- նշել է նա` ավելացնելով, որ այս ուղղությամբ իրականացվող եւ դեռեւս իրականացվելիք միջոցառումներից են Գյումրիում տեխնոպարկի ստեղծումը, հանրապետությունում անցկացվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակը, «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրականացումը, ինչպես նաեւ երկրում ինտերակտիվ կրթության համակարգի ներդրումը, որի արդյունքներն արդեն կան. նախարարի հավաստմամբ` դրանք ներկայումս ներդրվում են Սյունիքի մարզում: Ընդհանուր առմամբ` Ն. Երիցյանի կարծիքով` ՏՏ ոլորտի զարգացման համար առաջադրված նպատակներին հասնելու համար կարեւոր է պետական եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցությունը: Իսկ դրա հաջող արդյունքները, նախարարի պնդմամբ` արդեն ակնառու են: Նա նշել է, որ իրենք պետք է հասնեն իրենց նպատակին, այն է` շահագրգռել մասնավոր հատվածին` մասնակցելու ազգային ծրագրերի իրականացմանը։ «Սա է լինելու այն ուղին, որով մենք գնալու ենք եւ ՏՏ ոլորտի զարգացումը հասցնելու ենք մեր պատկերացումներին: Այս ոլորտում Հայաստանի ունեցած համեմատական առավելությունները պետք է շոշափելի լինեն: Խթանները ստեղծվելու են, իսկ դրանց ստեղծման ուղղությամբ լրջորեն պետք է աշխատենք»,- նշել է Ն. Երիցյանը:

Համաժողովին ներկա են գտնվել նաեւ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» («CAPS») ծրագրի ղեկավար Հելյի Ալեքսանդրը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնտեսական զարգացման գրասենյակի տնօրեն Ռոլֆ Անդերսենը, որոնք նշել են, որ Հայաստանում մեծ ներուժ կա ՏՏ ոլորտում մրցակցության ավելացման համար: Իսկ երկրում ՏՏ ոլորտի զարգացումն էականորեն դրական կանդրադառնա զբաղվածության, նորարարությունների ստեղծման, կրթության եւ ընդհանրապես բոլոր ոլորտների վրա: Ռոլֆ Անդերսենը հայտարարել է, որ Հայաստանը գլոբալ առումով պետք է դառնա մրցունակ. «Երկիրն այսօր ԱՊՀ եւ Մերձավոր Արեւելքում առաջատար դիրքերում է: Վերջին շրջանում Հայաստանում ՏՏ ոլորտում հսկայական ներդրումներ են իրականացվել, որոնց շուրջ 70 տոկոսը` ԱՄՆ կառավարության կողմից: Հայաստանյան ՏՏ ոլորտի արտադրանքը գերակշիռ մասով արտահանվում է ընդհանուր առմամբ շուրջ 23 երկրներ»:

Համաժողովի ընթացքում մասնագետների կողմից կարեւորվել է հանրապետությունում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Դա էականորեն կկրճատի քաղաքացու եւ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների միջեւ շփումը, ինչն էլ, իր հերթին, ուղղակիորեն կանդրադառնա կոռուպցիայի կրճատման վրա: Մասնագետների հավաստմամբ` էլեկտրոնային համակարգից օգտվելը կնպաստի ծախսերի կրճատմանը, ժամանակի խնայողությանը եւ աշխատանքներն առավել հեշտ ու արագ իրականացնելուն: Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը երկրում անմիջականորեն ենթադրում է համակարգչի կիրառում առօրյայում` կոմունալ վճարումներ իրականացնելիս, անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկանքներ ներկայացնելիս եւ այլն: Այսպիսով, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կարեւորել են բնակչության գիտելիքների բարձրացումն այս ոլորտում:

Հ.Գ.
Մինչ Երեւանում անցկացվող համաժողովի ընթացքում հնչում էին ՏՏ ոլորտին վերաբերող նման գեղեցիկ հայտարարություններ, ՏՏ ոլորտում մասնագիտացած «Business Software Alliance» կազմակերպությունը երեկ հրապարակել է մի զեկույց, որում Հայաստանը գլխավորում է աշխարհի այն երկրների ցուցակը, որտեղ մեծ տարածում ունեն համակարգչային ապօրինի ծրագրերը: «Սեւ ցուցակում» Հայաստանին հետեւում են Բանգլադեշը եւ Ադրբեջանը: Ապօրինի ծրագրերը ամենաքիչ տարածումն ունեն Միացյալ Նահանգներում, Լյուքսեմբուրգում եւ Նոր Զելանդիայում: