Ֆիզիկոսի բուժման մեթոդը

16/05/2008

Ամերիկահայ ֆիզիկոս Ջորջ Աշկարը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե քաղցկեղը բուժելու համար հարկավոր է բուժել հիվանդության պատճառը, ոչ թե դրա հետեւանքը:

Ըստ նրա` այս հիվանդությունը հարկավոր է բուժել ոչ թե բժշկական տեսանկյունից, այլեւ քիմիական, քանի որ «հիվանդությունն առաջանում է քիմիական միացության» հետեւանքով: «Հիվանդության պատճառը բակտերիան է, իսկ վնասված բջիջը` հետեւանքը: Եթե բակտերիան մաքրենք, հիվանդը կբուժվի, իսկ եթե վնասված բջիջը մաքրենք, ապա միայն հիվանդության սիմպտոմը կվերանա: Հարկավոր է գտնել այս հիվանդության ճիշտ բուժումը: Քաղցկեղն առաջանում է, երբ փրոմոտորը` փշրված բջիջը, քիմիական միացությամբ միանում է առողջ բջջին»,- ասաց Ջորջ Աշկարը` վստահեցնելով, որ մարդու մոտ փրոմոտորն առաջանում է արհեստական ու բնական եղանակով: Այն հիմնականում առաջանում է սթրեսային պայմաններում: Սակայն, ըստ նրա` փրոմոտորն ու առողջ բջիջն իրար հենց այնպես չեն կարող միանալ: «Այստեղ մեծ նշանակություն ունի կանցերոգենի դերը: Սակայն մարդու մեջ դրա քանակը պետք է հազարից ավելի լինի, այլապես քիմիական ռեակցիա չի կայանա ու քաղցկեղ չի առաջանա»,- ասաց նա: Ջ. Աշկարի խոսքերով, կանցերոգենը` քաղցկեղի պատճառը, առկա է բոլորի օրգանիզմում, հետեւաբար, մարդու մարմնի որ մասում փրոմոտոր է արտադրվում, այդտեղ էլ` քիմիական ռեակցիայի հետեւանքով առաջանում է հիվանդությունը: Ջ. Աշկարն առաջարկում է քաղցկեղի բուժման իր եղանակը, որն, ըստ նրա, միակ հիմնավոր եղանակն է: «Ես չեմ բուժում, միայն առաջարկում եմ բուժման իմ տարբերակը, որը միշտ դրական արդյունք է տվել: Բուժելու համար հարկավոր է մարմնի ամենահարմար մասում, իմ հետազոտությունները ցույց են տվել, որ դա ոտքի սրունքի ետնամասն է, ծեծած սխտոր դնել, որը մաշկի վրա անցք է բացում»,- ասաց ֆիզիկոսը` հավելելով, թե դրանից հետո հարկավոր է անցքի մեջ չոր սիսեռ դնել ու այն փոխել յուրաքանչյուր 12 ժամը մեկ: Նրա խոսքով, սիսեռը միակ միջոցն է, որ մարդու օրգանիզմից դուրս է մղում բոլոր վնասակար նյութերը: Եվ քանի որ, ըստ նրա` դրա միջոցով մարմնից դուրս են մղվում վնասակար նյութերը, այլ միկրոբ կամ վարակ օրգանիզմ չի կարող ներթափանցել: Ի դեպ, Ջ. Աշկարի հավաստմամբ, այս մեթոդով կարելի է բուժել ոչ միայն քաղցկեղ, այլեւ` ռեւմատիզմ, թունավոր անգինա, ՁԻԱՀ/ՄԻԱՎ, բրոնխիալ ասթմա ու այլ հիվանդություններ:

Ըստ ֆիզիկոսի` տղամարդու մոտ քաղցկեղի առաջացման ամենահավանական տեղը թոքերն են, իսկ կանանց մոտ` կրծքերը: Նրա խոսքով, քաղցկեղն ունի եւ թերություններ, եւ, պարզվում է նաեւ` առավելություններ: Ըստ նրա, վատ կողմն այն է, որ հիվանդությունը նախնական ախտանիշ չունի: «Հիվանդը չի կարող նախապես իմանալ, քանի որ այն իր մասին ասում է միայն օրգանիզմում լավ տեղ գտնելուց հետո միայն: Իսկ լավ կողմն այն է, որ ժառանգաբար չի անցնում եւ վարակիչ չէ»,- ասաց Ջ. Աշկարը` վստահեցնելով, թե փոքր տարիքի երեխաների մոտ հանդիպող հիվանդությունը ժառանգականության հետեւանքով չէ: «Այս հիվանդությունը երեխային փոխանցվում է հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ»,- ասաց նա` նկատելով, որ բոլորի օրգանիզմում կա հիվանդության պատճառ հանդիսացող կանցերոգենը, դրա համար էլ, յուրաքանչյուրի մոտ հիվանդանալու հնարավորությունը մեծ է: «Բայց այս դեպքում, արդեն, կարեւոր է դրա դեմ ճիշտ միջոցներով պայքարել»,- ավելացրեց նա:

Ի դեպ, նշենք, որ քաղցկեղի հիվանդության հետազոտությամբ Աշկարը սկսել է զբաղվել 80-ականներից, երբ բուժել է մոր ռեւմատիզմը: Նրա հավաստմամբ, այդ նույն մեթոդով էլ սկսել է ուսումնասիրել այս հիվանդության բուժման եղանակները: ԱՄՆ-ում, Ջ. Աշկարի առաջարկած բուժման եղանակով շատերն են բուժել: Սկզբում նա ինքն է բուժել, հետո ԱՄՆ կառավարությունը մեղադրել է նրան չլիցենզավորված բուժման մեջ ու ձերբակալել է, հետո` բավարար հիմքեր չեն գտել ու ազատ են արձակել: Ջ. Աշկարի հավաստմամբ, Հայաստանում այս մեթոդով բուժվել է 300-400 մարդ, սակայն 8-ը մահացել է: «Դա շատ ցավալի է, բայց նրանք մահացել են իրենց մեղքով, քանի որ այս բուժման հետ մեկտեղ քիմիաթերապիա են ընդունել, որը հակացուցված է»,- նշեց ֆիզիկոսը, ում հետ ոչ ոք Հայաստանում չի ցանկանում համագործակցել: «Ես Առողջապահության նախարարություն եմ դիմել դեռեւս 1980-ականներին, երբ եկել էի Հայաստան, սակայն ինձ մերժել են: Այժմ էլ ինձ հետ համագործակցել չեն ցանկանում` պատճառաբանելով, որ դա բժշկության մեջ ոչ ընդունված բուժման մեթոդ է»,- ասաց Ջ. Աշկարը: