1. Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» ԼՂՀ հակամարտության շուրջ եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։ 2. Ի՞նչ գլխավոր եզրակացությունների կարելի է հանգել Կոսովոյի անկախության ճանաչումից հետո, կարո՞ղ է այն դառնալ բացառություն ընդունված միջազգային կանոններից։ 3. Ձեր կարծիքով՝ միջազգային ո՞ր ինստիտուտները կարող են իրապես նպաստել հայ (ադրբեջանցի) ժողովրդի անվտանգությանը, եւ ո՞րն է հիմա միջազգային միջնորդության՝ հայկական եւ ադրբեջանական կողմերի համար լավագույն ձեւաչափը։ 4. Աշխարհաքաղաքականության նշանակության վերաբերյալ կա երկու կարծիք. հակամարտ կողմերից ոչինչ կախված չէ, եւ կարգավորումը կլինի այն ժամանակ, երբ ձեռք կտա գերտերություններին, իսկ երկրորդ կարծիքն այն է, որ կարգավորումը կախված է միայն հակամարտության կողմերից, եւ կարգավորմանը խանգարող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներն ընդամենը հարմար արդարացումներ են կողմերի համար։ Ձեր կարծիքով՝ այս բացատրություններից ո՞րն է ավելի հիմնավորված։ 5. Ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ ունեն հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները (ղարաբաղյան, աբխազական, հարավօսական, չեչենական, մերձդնեստրյան)։ Այս հարցերն ենք ուղղել հայ եւ ադրբեջանցի փորձագետներին (յուրաքանչյուր կողմից` չորսական հարցվածի), նպատակ ունենալով ներկայացնել ԼՂ հակամարտության կարգավորման մեջ արտահայտվող աշխարհաքաղաքական շահերի ու խնդիրների մասին մեր երկրում եւ Ադրբեջանում եղած կարծիքները: Ստորեւ ներկայացնում ենք առաջին երկու մասնագետների պատասխանները:
«ՌԵԳԻՈՆ» կենտրոն
Կոսովոն կարող է բացառություն չլինել
Մեր հարցերին պատասխանում է Ռազմավարական վերլուծության «Սպեկտրում» կենտրոնի ավագ վերլուծաբան, պահեստի փոխգնդապետ Սերգեյ Սարգսյանը
1. ԼՂՀ հակամարտության շուրջ աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը պարզապես նշանակում է, որ ներկա պահին առկա ստատուս-քվոն հիմնական տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային դերակատարների համար իրապես հնարավոր բոլոր վիճակներից ամենաընդունելին է։ Թվում է՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսմանը միջազգային հանրության իրական եւ գործուն հակազդեցությունը կորոշվի դրանց սրընթացությամբ, կողմերի հարձակողական (պաշտպանական) գործողությունների դինամիկայով եւ վերջնական արդյունավետությամբ։ Իսկ դրա վեկտորն ուղղված կլինի նրան, որ իրադրությունը բերվի աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռության (մատչելի) հնարավոր ամենաիրական եւ նվազ ծախսատար վիճակին։ Դա կարող է լինել կամ «հինը», հիմա գոյություն ունեցողը, կամ մի ինչ-որ նոր վիճակ։ Հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների համար շահերի հավասարակշռության մի քանի ընդունելի վիճակների առկայության ըմբռնումը խթանում է հակամարտության բոլոր կողմերին՝ գնահատելու վիճակի զարգացման հնարավոր սցենարները եւ իրագործելու իր համար ամենաընդունելի տարբերակը։ Ներկա պահին դա հանգում է հետեւյալին. Ադրբեջանը կուտակում է հարձակողական ռազմական կարողություններ՝ գնելով ծանր զինատեսակներ եւ բարեփոխելով սեփական ուժային կառույցները, իսկ Հայաստանը եւ ԼՂ-ն ամրապնդում են իրենց պաշտպանական կարողությունները եւ մշակում պասիվ պաշտպանությունից ակտիվի անցնելու սցենարներ։
2. Հասկանալի է, որ միջազգային հանրությունը ձգտում է յուրաքանչյուր «բացառիկ» հակամարտության համար ստեղծել այն լուծելու «բացառիկ» տեխնոլոգիա՝ հասնելու համար «բացառիկ» արդյունքների, քանի որ այդ հակամարտություններում բոլոր աշխարհաքաղաքական դերակատարները, էլ չխոսելով հարեւան երկրների մասին, ունեն տարբեր շահեր։ Իսկապես, Կոսովոյի անկախության ճանաչումը կարող է դառնալ բացառություն, բայց բանն այն է, որ հազիվ թե այն դառնա բացարձակ բացառություն. ելնելով աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման միտումներից՝ կլինեն եւ ուրիշները։
3. Նրանք, որոնք իրոք մասնագիտանում են Հարավային Կովկասի խնդիրներում, որոնք ունեն բարձր միջազգային հեղինակություն եւ միավորում են պետություններին ըստ ոչ էթնիկական կամ դավանական սկզբունքների։ Այսօրվա դրությամբ այդպիսիք կարող են լինել ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ն, ՆԱՏՕ-ն եւ ՇՀԿ-ն: Եթե նույնիսկ նրանց միջեւ կա թվացյալ կամ իրական շահերի բախում, նրանց հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանային իրավահավասար համագործակցության զարգացումն է, տեւական խաղաղության հաստատումը։ Ելնելով այս սկզբունքներից՝ ԼՂ հակամարտության զարգացման ներկա փուլում խնդրի լուծման համար միջնորդության ամենահարմար կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։
4. ԼՂ հակամարտության նման ցանկացած խնդրի կարգավորումը կախված է ինչպես ռազմաքաղաքական, տնտեսական կարողությունների հավասարակշռությունից եւ հասարակությունների բարոյահոգեբանական վիճակից, բուն հակամարտող կողմերի պետական կառավարման ունակություններից եւ պրոֆեսիոնալիզմից, այնպես էլ հիմնական աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային դերակատարների համար հակամարտության խնդրի չլուծվածության նշանակությունից։ Եթե հակամարտության կողմերի միջեւ պահպանվում է ուժերի հավասարակշռություն, երբ հակամարտությունը՝ իրականում, այլ ոչ թե կողմերի պատկերացումներում, սպառնալիք չէ տարածաշրջանային եւ գլոբալ դերակատարների համար, ստատուս-քվոն կարող է պահպանվել երկար ժամանակ։ Հետագայում աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը կարող է լիովին կամ մասամբ փոխհատուցվել հակամարտության կողմերի միջեւ ուժերի հավասարակշռության համապատասխան փոփոխությամբ։ Բայց դինամիկ աշխարհաքաղաքական գործընթացների պայմաններում հանուն սեփական շահերի պաշտպանության այդպիսի ակտիվ քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է իրականացնել արդյունավետ բազմատարբերակային տարավեկտորային ռազմավարական վերլուծություն եւ կանխատեսում։ Հակամարտության այն կողմը, որը կկարողանա կրճատել տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացներին սեփական արձագանքի ժամանակը, ի վիճակի կլինի իրականացնել հաջող արտաքին եւ ներքին քաղաքականություն եւ նվազեցնել սեփական կախվածությունը արտաքին աշխարհաքաղաքական գործընթացներից։
5. Որպես այդ հակամարտությունների վրա վճռական ազդեցություն ունեցող ընդհանուր հատկություններ՝ կարելի է նշել էթնիկ եւ դավանական բաղադրիչի առկայությունը։ Շատ ավելի շատ են ԼՂ հակամարտության տարբերությունները մյուսներից: Այսպես` ԼՂՀ-ի դուրս գալը ԽՍՀՄ-ի եւ Ադրբեջանի ԽՄ կազմից ուղեկցվել է բոլոր անհրաժեշտ իրավաբանական եւ իրավական պրոցեդուրաների կատարմամբ։ ԼՂՀ-ն ունի կայացած պետության ավելի շատ հայտանիշեր։ Բոլոր գործող հակամարտություններից միայն ԼՂՀ-ում չեն տեղակայված միջազգային մանդատ ունեցող խաղաղապահ ուժեր։ Լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ հակամարտությունը կվերածվի բաց միջպետական բախման։ ԼՂ հակամարտության գոտում հակադրության գիծն ինժեներատեխնիկական իմաստով առավել հագեցածն է։ Ակտիվորեն շարունակվում է դիպուկահարների պատերազմը։ ԼՂՀ հակամարտությունը բազմաէթնիկ է նվազագույն չափով։ Հակամարտության գոտում տեղի է ունեցել բռնի տեղահանում՝ հայ բնակչության՝ Ադրբեջանից, իսկ ադրբեջանցի բնակչության՝ ՀՀ-ից։ Չդիտարկելով այս խնդրի հումանիտար ասպեկտը՝ անհրաժեշտ է նշել, որ պոտենցիալ «հինգերորդ շարասյան» բացակայությունը կանխորոշել է այն, որ այստեղ պարտիզանական գործողություններ չեն վարվում, իսկ հետախուզական-դիվերսիոն գործունեությունն ունի համեմատաբար թույլ դրսեւորում։ Չկան ուղիղ բանակցություններ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ։ Գործնականում հակամարտող կողմերի միջեւ չկան ոչ մի տեսակի շփումներ պետական եւ հասարակական մակարդակներում։ ԼՂՀ հակամարտությունը գտնվում է 3 պետությունների սահմանների հատման տեղում։