Խորհրդային ռեժիմի անկումից տարիներ անց Ռուսական Կայսրության նոր
կառավարիչն իր հայրենակիցներին տեղեկացնում է, որ հիմա Մոսկվայի համար
առավել կարեւոր է Ռուսաստանի զարգացման «նոր վեկտոր» գտնելը։ Ռուսաստանի
նախագահը նախանշում է նաեւ պաշտոնական Մոսկվայի քաղաքական-գաղափարախոսական
խնդիրը՝ «ազատ, ժողովրդավարական Ռուսաստան պետության զարգացումը»։ Իհարկե,
ՌԴ նախագահի ուղերձը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Օրինակ՝ ԽՍՀՄ
փլուզումից հետո մինչ օրս այդ ե՞րբ է Ռուսաստանը պայքարել պետական
ինքնիշխանության պահպանման համար, եւ ումի՞ց պետք է ազատագրվի ռուս
ժողովուրդը։ Կամ ի՞նչ է նշանակում՝ ժողովրդավարության «ռուսական ձեւ»։ Դա
Ռուսաստանի չինականացումից փրկվելու ուղիների որոնո՞ւմն է, թե՞ Վրաստանի
նման երկրների վրա ճնշում բանեցնելու նոր լծակների ստեղծումը։
Խորհրդային հզորության կարոտախտով վարակված ռուսական քաղաքական վերնախավը
քննարկում է Ստալինի արձանը տեղադրելու հարցը, իսկ կոմունիստների առաջնորդ
Գենադի Զյուգանովը պահանջում է արդարացնել Ստալինին։ Այսպիսով պարզ է
դառնում, որ Կրեմլի առաջին դեմքերը որոշակի ծրագրեր են կազմում եւ ուզում
են վերածնել ստալինյան ժամանակների Ռուսաստանի երբեմնի զորությունը։ Բայց
որքա՞ն արդյունավետ կլինի Պուտինի եւ նրա խորհրդականների այս
ռազմավարությունը նոր քաղաքական աշխարհակարգի պայմաններում, դժվար է ասել։
Տ.Պ.