Երեքը՝ մեկում

15/05/2008

ԼՂՀ հարցով ՌԴ միջնորդական առաքելության նախկին ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը «Վրեմյա նովոստեյ» թերթում հրադադարի հաստատման 14-ամյակի կապակցությամբ նախօրեին հրապարակած հոդվածում նշել է, թե ժամանակին դժվար է եղել կողմերին հրավիրել մի սեղանի շուրջ, եւ հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը կողմերն առանձին-առանձին են ստորագրել: «Մեկտեղել կողմերի ներկայացուցիչներին` կնշանակեր ժամանակ վատնել եւ կորցնել շանսը, եթե իրադրությունը փոխվեր ռազմաճակատում: Ստիպված տեքստը կրկնեցինք երեք առանձին թղթերի վրա, որպեսզի երեք կողմերն առանձին-առանձին ստորագրեն այն»,- ասել է Կազիմիրովը: Նրա վկայությամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը համաձայնագիրը ստորագրել է Բաքվում, մայիսի 9-ին՝ ռուսաստանցի միջնորդի ներկայությամբ: Հաջորդ օրը Երեւանում պայմանագիրը ստորագրել է Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ղարաբաղյան բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: «Այս երեք թղթերը, որոնցից յուրաքանչյուրի վրա դրված էր մեկ կողմի ստորագրությունը, դարձան ԼՂՀ-ում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնագիր: Այն չէր պահանջում խորհրդարանների կողմից վավերացում, փոխարենը` հավանության էր արժանացել ժողովուրդների կողմից: Չափազանց կարեւոր է, որ լռելյայն համաձայնությամբ համաձայնագիրն անժամկետ է»,- փաստել է Վլադիմիր Կազիմիրովը: