Գրավի դիմաց

15/05/2008

Երեկ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 500.000 դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի մերձակայքում ձերբակալված նկարիչ, Նկարիչների միության անդամ Տիգրան Բաղդասարյանը: «Վերաքննիչ դատարանը գրավի կիրառման որոշում է կայացրել: Ես մուծել եմ 500.000 դրամ, որ ինքը չի փախչի, չի խոչընդոտի… Հետո հետ են վերադարձնելու այդ գումարը»,- երեկ ասել է Տ. Բաղդասարյանի որդին` Դավիթը: Հիշեցնենք, որ մի խումբ արվեստագետներ օրեր առաջ բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` իրենց մտահոգությունը հայտնելով մարտի 1-ի իրադարձություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նամակում նշվել էր նաեւ իրենց գործընկերոջ` Տ. Բաղդասարյանի կալանավորման մասին: