Պատրաստվում են պրակտիկ քայլերի

15/05/2008

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի վերաբերյալ ընդունած հայտնի բանաձեւում մատնանշված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն ավարտել է իր հիմնական աշխատանքը, եւ երեկ նրանց կողմից կազմված առաջարկությունների փաթեթը խմբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը փոխանցել է Սերժ Սարգսյանին:

Խմբի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ավետ Ադոնցն` անդրադառնալով «քաղբանտարկյալների» խնդրին, «Ազատությանն» ասել է. «Գիտեք, ես չեմ կարող ֆիքսել, որ մեզ մոտ քաղբանտարկյալ կա, ես չեմ կարող գնահատել, որ քաղաքական բանտարկյալ կա: Բայց եթե կա մի մարդ, որը քաղաքական հայացքների համար պատժված է կամ ձերբակալված է, ապա այդ մարդը պետք է անհապաղ բաց թողնվի: Մեխանիզմները մանրամասն քննարկվել են, բավական ակտիվ փոխգործակցության մեջ ենք եղել Դատախազության հետ, եւ ես կարծում եմ, որ մոտ ապագայում դուք կտեսնեք պրակտիկ դրա քայլերը»: Ըստ նրա` ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունից աշխատանքային խմբում ընդգրկված գործընկերների՝ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ իրենց ներկայացրած առաջարկություններից է, մասնավորապես, քաղաքական երկխոսության համար Հասարակական պալատի կամ նախագահին կից Հասարակական խորհրդի ստեղծումը, որտեղ հրավիրված կլինեն խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները:

Խորհրդարանական ընդդիմության դերակատարման մեծացման համար նույնպես, ըստ Ադոնցի` «ներկայացվել են բավականին հստակ եւ պրակտիկ առաջարկություններ, որպեսզի ԱԺ ընդդիմությունն ավելի ակտիվ ներգրավված լինի, եւ ավելի ուժեղացվի խորհրդարանական ընդդիմության տեղն ու դերը խորհրդարանում»:

Հարցին` արդյոք աշխատանքային խումբը կհասցնի՞ մինչեւ հունիս ամսվա վերջը (Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունիսի վերջին կայանալիք նստաշրջանում քննարկվելու է բանաձեւի կատարման հարցը) ոչ միայն իր առաջարկները ներկայացնել, այլեւ ականատես լինել արդյունքներին, Ա. Ադոնցը պատասխանել է. «Մենք ականատեսը կլինենք բանաձեւի կետերի կատարման, բայց բանաձեւում կան նաեւ կետեր, որոնք պահանջում են նախապատրաստական աշխատանք եւ, ինչո՞ւ ոչ` երկարաժամկետ աշխատանք: Օրինակ` անկախ հետաքննությունը: Այո, ես ավելի քան վստահ եմ, որ մինչեւ հունիսյան նիստը կստեղծվի անկախ հետաքննություն վարող հանձնաժողովը, բայց դա չի նշանակում, որ այդ անկախ հանձնաժողովը հունիսի 24-ին կամ 25-ին կայանալիք Խորհրդարանական վեհաժողովին ինչ-որ բան կունենա ասելու: Այդ հանձնաժողովն ամիսներ պետք է աշխատի, որպեսզի եզրակացությունը մշակվի եւ ձեւավորվի»:

Ավետ Ադոնցի կարծիքով, դա կլինի խորհրդարանական հանձնաժողով, որը կունենա հետեւյալ ձեւաչափը. ԱԺ բոլոր խմբակցությունները, անկախ պատգամավորները, միջազգային փորձագետներ, արտախորհրդարանական ուժերի փորձագետներ. «Եվ, իհարկե, այդ հանձնաժողովի աշխատանքը միջազգային հանրության մոնիտորինգի տակ կլինի»,- վստահեցրել է նա:

Ինչ վերաբերում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքին, ապա ապրիլի 28-ից ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հեղինակած՝ փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, որը մշակվել է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ համատեղ, իսկ ապրիլի 25-ին ուղարկվել է եվրոպական փորձաքննության: Փորձաքննության եզրակացությունը ստանալու դեպքում, մայիսի 19-ին սկսվող քառօրյայում նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման կդրվի, եւ չի բացառվում, որ հունիսի առաջին կեսին փոփոխություն-լրացումներն ընդունվեն: