Մի քանի տարի շարունակ Երեւանի կենտրոնը վերածվել էր իսկական աղբակույտի: Քաղաքային իշխանությունները լծվել էին էլիտար շենքեր կառուցելու «սուրբ» գործին:
Այն ժամանակ որեւէ պաշտոնյա, այդ թվում, եւ առաջին հերթին` Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ոչինչ չէին ասում մայրաքաղաքի աղտոտվածության մասին: Հիմա էլիտար շենքերի ու պողոտաների շինարարությունը գրեթե ավարտվել է եւ պաշտոնյաները, այդ թվում, եւ առաջին հերթին` Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը սկսել են զանազան մաքրության «ամսյակներ» անցկացնել Երեւանում: Այսօր մայրաքաղաքը գտնվում է «Մաքրության եռամսյակի» փուլում, ինչի մասին ամեն պահի հիշեցնում են Երեւանի փողոցներում փակցված վահանակներն ու Ե. Զախարյանի` գրեթե բոլոր հեռուստաալիքներով հնչող «մտահոգ» հարցազույցները: Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է նախկինում Երեւանի աղտոտվածությունը հանդուրժող քաղաքապետը նախաձեռնել «Մաքուր Երեւան» ակցիան, ավելի ճիշտ` շոուն: Առանձնապես ոչինչ. պարզապես էլիտար շենքերի կառուցումը գրեթե ավարտվել է, եւ հիմա քաղաքապետը փորձում է «մաքրվել»` Երեւանի մաքրության հաշվին: Հընթացս նաեւ լուծելով հետագա պաշտոնավարման եւ տեղական իշխանությունների հետ ունեցած իր խնդիրները: Դա, իհարկե, կատարվում է շատ նուրբ, անուղղակի կերպով:
Օրինակ, նախօրեին հայտարարվեց, որ «Մաքուր Երեւան» ակցիայի շրջանակներում մայրաքաղաքի բուժհիմնարկների տարածքից տեղափոխվել է ոչ ավելի, ոչ պակաս` ուղիղ 44 ավտոմեքենա աղբ, տնկվել է 345 ծառ: Բոլորը մասնակցում են համաքաղաքային այդ «ուբոռկային», որից կոմունիզմի հոտ է գալիս, երբ բոլոր կթվորուհիները, բժիշկները, ուսուցիչները, բանվոր դասակարգը, բոլոր, բոլորը մասնակցում էինգ Բոլոր հեռուստաալիքներով ցուցադրում են ռեպորտաժներ, թե ինչպես են աշակերտները, ուսուցիչները` քաղաքապետի այդ փայլուն գաղափարից խանդավառված` ջանասիրաբար ավլում-մաքրում բակերը, փողոցներըգ Բայց ամենակարեւորն այն է, որ բոլորը տեսնեն, թե Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի սիրտն ինչպես է ցավում մայրաքաղաքի համար: Այնպես է ցավում, որ մաքրության եռամսյակ է հայտարարել, այն դեպքում, երբ նախորդ տարի ընդամենը միամսյակ էր: Եթե այսպես շարունակվի, ապա հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, կլինի «մաքրության կիսամյակ», իսկ արդեն 2010 թ. Երեւանը «կլոր տարի» կլինի մաքրության մեջ:
Աղբահանության հարցն, իհարկե, այսօր մայրաքաղաքի առաջնային հիմնախնդիրներից մեկն է: Այս խնդրով բազմիցս հետաքրքրվել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` դեռեւս վարչապետության ժամանակ: Բայց թե ի՞նչ է նրան զեկուցվել, ինչպե՞ս է նրան խնդիրը ներկայացվել, եւ ինչպիսի՞ հեռուստաքարոզչություն է իրականացվում` բոլորովին կապ չունի խնդրի էության եւ դրա լուծման հետ: Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետը աղբահանության հետ կապված հիմնական մեղքը եւ պատասխանատվությունը բարդում է համայնքների ղեկավարների վրա, երբ իրականում Երվանդ Զախարյանը կոնկրետ այդ խնդրի լուծման ուղղությամբ իր պաշտոնավարման օրոք գրեթե ոչինչ չի արել: Այն դեպքում, երբ թաղապետերը` չնայած ընտրովի լինելուն, գործնականում շատ քիչ լիազորություններ ունեն: Թեկուզ նույն աղբահանության հացում, որի լուծման համար անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար թաղապետերը նույնիսկ չեն կարողանում օգտվել վարկային ռեսուրսներից: Քանի որ քաղաքային կյանքի հետ կապված գրեթե բոլոր լիազորությունները (սկսած` ավտոտնակ հատկացնելուց) տրված են Երեւանի քաղաքապետարանին ու քաղաքապետին: Քաղաքապետարանն էլ` ի դեմս Երվանդ Զախարյանի` պետական նշանակության հողեր է օտարում, տասնյակ աճուրդներ է անցկացնում, օգտվում է կառավարության հատկացրած միջոցներից: Այն դեպքում, երբ դրանց գոնե մի մասը կարելի էր ուղղել որեւէ համայնքի` մասնագիտական համապատասխան տեխնիկա ձեռք բերելու համար: Օրինակ, ըստ համապատասխան ցուցանիշների, 100.000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքի աղբահանության, սանմաքրման, ձնամաքրման աշխատանքների լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է առնվազն 100 մեքենա-սարքավորում: Իսկ նման մասնագիտական օգտագործված տեխնիկայի գները սկսվում են 40-50.000 դոլարից: Թեեւ օգտագործված տեխնիկան էլ ունի իր խնդիրները` պահեստամասերի ձեռքբերման, վերազինման հետ կապված: Առայժմ մեծ շռայլություն է բոլորովին նոր, չօգտագործված տեխնիկայի ձեռքբերումը, ինչը ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում: Այն դեպքում, երբ բնակչության 40-50 տոկոսն է հիմնականում վճարում սանմաքրման, աղբահանության աշխատանքների համար (150-200 դրամ` մեկ շնչին): Բնակչության մի մասը վճարունակ չէ, մյուս մասն էլ պարզապես չի վճարում սանմաքրման աշխատանքների համար: Այս ոլորտում բազմաթիվ անելիքներ կան, ֆինանսական լուրջ միջոցներ են պահանջվում, խնդիրներ, որոնք հրատապ ու լուրջ քայլեր են պահանջում: Սակայն դա չի խանգարում, որ աղբահանության «հողի վրա» գեղեցիկ շոուներ սարքվեն: Օրինակ, մի քանի օր առաջ Երեւանի քաղաքապետը ամոթանք է տվել բոլոր համայնքապետերին (իհարկե, հասկանալի պատճառներով` քարը գցել է Կենտրոն համայնքի ղեկավարի «բոստան», որն, ըստ շրջանառվող լուրերի, կարող է զբաղեցնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը), այն բանի համար, որ մեր օրերում Կոնդ թաղամասում` մայրաքաղաքի կենտրոնում աղբավայր է հայտնաբերվելգ Այ, այ, այ, ինչպիսի ամոթգ Այ, եթե աղբահանությունն իրականացվեր՝ ինչպես Երեւանի քաղաքապետարանի` կանաչ տարածքների ընդլայնման ծրագիրը…: Այցելեք Հրազդանի կիրճ, Դավիթաշենի Տիգրան Պետրոսյան փողոց եւ կտեսնեք, թե Երեւանի քաղաքապետն ինչպե՞ս է «ընդլայնում» կանաչ տարածքները. գազոնների ու ծառաշատ հատվածներում բետոնե հիմքեր են գցվում, նոր օբյեկտներ են վեր խոյանում: Նույնը կարելի է ասել նաեւ համաքաղաքային նշանակության այլ հարցերի հետ կապված. օրինակ` հարյուրավոր «Բոգդան» տիպի եւ «Լազ» մակնիշի գույնզգույն ավտոբուսներ ներկրելով, ցույց է տրվում, թե կարգավորվում են տրանսպորտի հետ կապված խնդիրները, իրականացվում է միկրոավտոբուսային երթուղիների կրճատման գործընթաց: Արդյունքում, այդ ավտոբուսները դատարկ, հաշված թվով ուղեւորներ են փոխադրում, իսկ երթուղային տաքսիներն էլ որպես մշտարթուն քիլերներ՝ շարունակում են իրենց գործը, քանի որ յուրաքանչյուր երթուղային գիծ իր տերն ունի: Ո՞ւմ տրանսպորտային գծերն է համալրում Ե. Զախարյանը, եւ ի՞նչ միջոցներով: Եվ կամ արդյոք «Բոգդաններ» ներկրելով նա լուծո՞ւմ է մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը: Այն դեպքում, երբ ընդամենը մեկ-երկու տարի հետո Երեւանում շարժվելն այլեւս անհնար է դառնալու: Պարզապես հայտնի է, որ Ե. Զախարյանն անձնապես հետաքրքրված է նաեւ տրանսպորտային ուղեւորագծերով, որը նրա բազմաթիվ բիզնեսներից մեկն է միայն:
Հ.Գ. Ի դեպ, արտասահմանյան եւ տեղական բազմաթիվ կազմակերպություններ արդեն մի քանի տարի Երեւանի քաղաքապետարանին են ներկայացնում Սովետաշենի աղբավայրի վերացման, աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագիր: Նախորդ տարի տեղեկատվություն տարածվեց, որ ճապոնական մի ընկերության ծրագիր հավանության է արժանացել: Ճապոնացի մասնագետներն էլ, բնականաբար, իրենց պայմաններն են առաջադրել, սակայն առայժմ սայլը տեղից չի շարժվում: Հայկական կողմը նրանց պահանջները դեռեւս չի բավարարել. ճապոնացիները պարբերաբար այցելում են Երեւան, սակայն ծրագիրն այդպես էլ չի սկսվում: Թերեւս այն պատճառով, որ Սովետաշենի աղբավայրի տարածքը, ըստ հավաստի տեղեկությունների, սեփականաշնորհել է ՀՔԴՄ նախագահ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը (այդ մասին՝ առաջիկայում):