Պուտինի կաբինետը պատրաստ է

15/05/2008

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ հրապարակել է կառավարության նոր կազմը, որում փոխվարչապետների թիվը հինգից հասցվել է յոթի: Արդյունքում` նախագահի նախկին օգնական Իգոր Շուվալովը նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովի հետ հավասար դարձել է առաջին փոխվարչապետ, նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Սերգեյ Սոբյանինը կառավարության աշխատակազմի ղեկավար է դարձել փոխվարչապետի կարգավիճակով, իսկ վարչակազմի նախկին փոխղեկավար Իգոր Սեչինը դարձել է արդյունաբերության համար պատասխանատու փոխվարչապետ: Կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են փոխվարչապետներ Ալեքսանդր Ժուկովը եւ Ալեքսեյ Կուդրինը, որը նաեւ գլխավորելու է Ֆինանսների նախարարությունը, ինչպես նախորդ 8 տարիներին: Պուտինն ասել է, որ Ժուկովը կղեկավարի ազգային նախագծերի իրականացումը: Սերգեյ Իվանովը կորցրել է առաջին փոխվարչապետի կարգավիճակը եւ մնացել որպես նախարարների կաբինետի ղեկավարի «հասարակ» տեղակալ: Կառավարության նոր անդամներ են դարձել Պովոլժիեում նախագահի նախկին լիազոր-ներկայացուցիչ Ալեքսանդր Կոնովալովը, ով արդարադատության նախարար է դարձել Վլադիմիր Ուստինովի փոխարեն: Նախագահի վարչակազմի նախկին անդամ Իգոր Շչեգոլեւը դարձել է կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարար: Ավելի վաղ այդ գործառույթները բաժանվել էին կապի նախարար Լեոնիդ Ռեյմանի եւ մշակույթի ու զանգվածային հաղորդակցությունների նախարար Ալեքսանդր Սոկոլովի միջեւ: Մշակույթի նոր նախարար է դարձել Ֆրանսիայում նախկին դեսպան Վիկտոր Ավդեեւը:

Կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը, արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն, կրթության եւ գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն, գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Գորդեեւը, տարածաշրջանային զարգացման նախարար Դմիտրի Կոզակը, բնական պաշարների նախարար Յուրի Տրուտնեւը, տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Տնտեսական զարգացման նախարար է դարձել Էլվիրա Նաբիուլինան, ով ավելի վաղ գլխավորում էր Տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությունը: Առեւտրի ոլորտում պետական քաղաքականության գործառույթներն իրականացնելու է Արդյունաբերության եւ առեւտրի նոր նախարարությունը, որը գլխավորելու է արդյունաբերության եւ էներգետիկայի նախկին նախարար Վիկտոր Խրիստենկոն: Էներգետիկայի ոլորտում պետական քաղաքականությամբ զբաղվելու է Էներգետիկայի առանձին նախարարությունը, որը գլխավորել է «Ատոմշինէքսպորտի» նախկին նախագահ Սերգեյ Շմատկոն: Ի դեպ, ստեղծվել է ԱՊՀ գործերի գործակալություն, եւ վերացվել են մի շարք գործակալություններ: