Գաղտնիքը նրանում է, որ գաղտնիկ չկա

15/05/2008 Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ռուսաստանում իշխանության առանցքային դեմքերի փոխատեղության գործընթացն ավարտվեց: Դմիտրի Մեդվեդեւը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը, իսկ մեկ օր անց նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատվեց ՌԴ վարչապետի պաշտոնում:

Արտաքին աշխարհի եւ մասնավորապես Արեւմուտքի համար այս փոփոխության արդյունքում դեռ մինչեւ գործընթացի ավարտն անթաքույց կարեւորվում էր այն, թե նոր նախագահի արտաքին քաղաքականությունը որքանով տարբեր կլինի իր նախորդի տարեցտարի ավելի ընդգծված եւ ՌԴ-ի համար ավանդական կայսերապետական արտաքին քաղաքական կուրսից:

Հարկ է նշել, որ հայտնի չէ, թե ինչ հիմնավոր պատճառներով, բայց, այնուհանդերձ, Արեւմուտքում եւ մասնավորապես ԱՄՆ-ում ՌԴ նոր նախագահը լիբերալ համարում ունի: Ըստ որում` «լիբերալ» ասելով՝ նկատի են ունենում ոչ թե նրա հայացքները տնտեսական քաղաքականության բնագավառում, այլ հավանական հանդուրժողությունն ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության նկատմամբ: Թեպետ սկզբունքորեն, գոնե առայժմ, իրական հիմքեր չկան կարծելու, թե Մեդվեդեւի քաղաքականությունը կտարբերվի իր նախորդից: Միակ հրապարակային հակասությունը, որ անցած տարիներին դրսեւորվել է ՌԴ ներկա եւ նախկին նախագահների համատեղ գործունեության ընթացքում, «Յուկոս» ընկերության շուրջ ծավալված գործընթացներն էին եւ այդ ընկերության նախագահ Միխայիլ Խոդորկովսկու կալանավորումն ու նրա հետագա դատավարությունը` հայտնի հետեւանքներով: Այն ժամանակ, դեռ միայն առաջին փոխվարչապետ Մեդվեդեւը հրապարակավ անհամաձայնություն հայտնեց այդ կապակցությամբ, համարելով, որ «Յուկոսի» շուրջ սկսված պրոցեսները վնասելու են ՌԴ հեղինակությանը միջազգային բիզնեսի շրջանակներում: Որեւէ այլ անհամաձայնություն Վ. Պուտինի քաղաքականության առնչությամբ ՌԴ ներկա նախագահի կողմից չի դրսեւորվել:

Եվ, այնուհանդերձ, պաշտոնը ստանձնելուն զուգահեռ՝ արդեն իսկ կան Կրեմլի նոր ղեկավարի մոտեցումները պարզաբանելու նպատակ հետապնդող դրսեւորումներ: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը հայտարարել է, որ նախագահ Բուշը նամակ է հղել Մեդվեդեւին` առաջարկելով չեղյալ համարել ՌԴ-ի կողմից Աբխազիայի նկատմամբ տնտեսական սանկցիաները վերացնող Պուտինի վերջերս ստորագրված հրամանագիրը, վերականգնել նախկին վիճակը եւ բանակցություններ սկսել Վրաստանի հետ ռուս-վրացական հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Սա, անշուշտ, չի նշանակում, թե Վաշինգտոնում անհապաղ դրական արձագանք են սպասում ՌԴ նոր ղեկավարից: Նախաձեռնությունն ավելի շուտ փորձնական քայլ է` նոր նախագահի կողմնորոշումները հասկանալու եւ անհրաժեշտ հետեւություններ անելու համար: Իհարկե, չի բացառվում, որ այդ քայլն արվել է ԱՄՆ նախագահի հովանավորյալ Վրաստանի ղեկավարի խնդրանքով:

Ժամանակին անգլիական հայտնի քաղաքական գործիչներից մեկը կարծիք էր հայտնել, թե ՌԴ-ի քաղաքականությունն արտաքին աշխարհում տպավորություն է թողնում, թե ռուսները ռեզերվում միշտ գաղտնի քայլեր ունեն պահած, մինչդեռ ՌԴ-ի ամբողջ գաղտնիքը հենց գաղտնիքի բացակայությունն է: Եվ իշխանական դաշտում տեղի ունեցած փոխատեղումները գոնե առայժմ իշխանության փոփոխություն չեն նշանակում: Այլ բան, եթե Մեդվեդեւը նախագահ ընտրվեր առանց Վ. Պուտինի աջակցության, եւ նախկին նախագահն էլ կրկին կարեւոր դերակատարություն չստանձներ իշխանական բուրգում: Ինչպես եղավ 1999թ., երբ Բ. Ելցինն իշխանությունը սահմանված ժամկետից շուտ իր հաջորդին հանձնելով՝ ուղղակի անցավ վաստակած հանգստի: Վ.Պուտինի դեպքում ամեն ինչ ճիշտ հակառակն է: Պետդումայում ունեցած ելույթով նախկին նախագահը ցույց տվեց, որ մտադիր է հիմնավորապես եւ երկար ժամանակով զբաղեցնելու վարչապետի պաշտոնը: Ըստ որում, ոչ թե նախագահի կողմից նշանակված եւ Պետդումայի համաձայնությունը ստացած վարչապետ, այլ իբրեւ նույն Պետդումայում որակյալ կամ սահմանադրական մեծամասնություն ունեցող կուսակցության ղեկավար, որը հենց այդ պատճառով էլ նշանակվել է կառավարության նախագահ: Միաժամանակ ակնհայտ դարձավ, որ նոր վարչապետը թիկունքում ունի ոչ միայն որակյալ մեծամասնություն կազմող «Եդինայա Ռոսիայի», այլեւ Ժիրինովսկու գլխավորած լիբերալ-դեմոկրատների եւ Սերգեյ Միրոնովի «Արդար Ռուսաստան» կուսակցության անվերապահ աջակցությունը: Պուտինի գլխավորած կառավարության հաստատման օգտին տրված ընդհանուր 450-ից 392 կողմ ձայները ռեկորդային էին հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ: Առ այսօր ոչ մի կառավարություն Պետդումայում վստահության այդպիսի քվե չի ստացել: Սա վկայում է նոր վարչապետի մեծ ժողովրդականության եւ քաղաքական էլիտայում ունեցած բարձր հեղինակության մասին: Անկախ նրանից, թե որքանով է Վ. Պուտինն արեւմտյան չափանիշներին համապատասխան ժողովրդավար, կամ էլ ընդհանրապես այդպիսին չէ: Բոլոր դեպքերում փաստ է, որ գրեթե 9 տարի առաջ, 1999թ. օգոստոսին Անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) պետի պաշտոնից վարչապետ նշանակվելով, նրան հաջողվել է հասնել մի շարք անուրանալի ձեռքբերումների: Առաջին եւ ամենակարեւոր արդյունքը Հյուսիսային Կովկասում (ոչ միայն Չեչնիայում) փաստացի պատերազմը ռուսական զենքի հաղթանակով ավարտելն էր եւ ավանդաբար անհնազանդ տարածաշրջանը իբրեւ ՌԴ-ի անբաժանելի մաս կրկին ամրագրելը: Տնտեսության բնագավառում նախկին նախագահին կամ արդեն ներկա վարչապետին հաջողվել է իր թիմում շարունակական եւ բավականին արդյունավետ փոփոխություններ իրականացնելով՝ փակել «Փարիզյան ակումբի» պարտքը (15 մլրդ դոլար), իրականացնել մնացած արտաքին պարտքի ՌԴ-ի համար շահավետ վերակառուցում: Անցած 8 տարիներին երկրի բյուջեն մեծացել է 10 անգամ, 9 անգամ բարձրացվել են աշխատավարձերը եւ թոշակները, 40 անգամ աճել են պետության ոսկու եւ վալյուտային պաշարները, վերականգնվել է հիմնական եկամտաբեր ոլորտներից մեկը` ռազմաարդյունաբերական համալիրը: Սկսվել եւ շարունակվում է բանակի արդյունավետ ռեֆորմը: Անկասկած, այս հաջողությունները շատ բանով պայմանավորված են եղել անցած տարիներին միջազգային շուկայում նավթի եւ գազի աննախադեպ բարձր գներով, իսկ ՌԴ-ն այսօր էլ մնում է այդ էներգակիրների հիմնական արտահանողներից մեկը: Բայց միաժամանակ փաստ է, որ բնական ռեսուրսների արտահանումից ստացված եկամուտները բավական արդյունավետ են օգտագործվել, եթե այսօր խոսք է գնում մինչեւ 2020թ. բավական հավակնոտ ծրագրերի իրականացման, եւ, ի վերջո, ՌԴ-ում ինովացիոն տնտեսության ստեղծման մասին, որը հենված է լինելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ ոչ սոսկ ռեսուրսային բազայի շահագործման վրա:

Այս հանգամանքներն աննախադեպ ամրապնդում են նոր վարչապետի դիրքերը թե՛ անձնական հեղինակության առումով, թե՛ կառավարման համակարգի լծակներին տիրապետելու ու նախկին ազդեցությունը պահպանելու տեսանկյունից: Մանավանդ որ` երկրի սահմանադրությամբ նախագահի ժամկետից շուտ հրաժարականի պայմաններում, նրա լիազորություններն անցնում են հենց վարչապետին: Վերոհիշյալ իրողությունները ցույց են տալիս, որ ընդհանուր կառավարման համակարգի, այդ թվում եւ՝ երկրի արտաքին քաղաքական կուրսի ձեւավորման վրա Պուտինի ազդեցությունը շարունակելու է լինել էական, եթե ոչ որոշիչ: Նախագահի եւ վարչապետի համագործակցված աշխատանքի պայմաններում, հասկանալի է, որ խնդիրներ չեն առաջանա: Բայց հակասությունների ի հայտ գալու դեպքում անգամ ակնհայտ է, որ կառավարության սպիտակ տունը լինելու է իշխանության ոչ պակաս ազդեցիկ կենտրոն, քան Կրեմլը: