17,4 միլիարդ դոլար են գտել աղբակույտերում

15/05/2008

Անգլիայում եւ Ուելսում ամեն տարի աղբակույտեր է ուղարկվում ավելի քան 3,5 միլիոն տոննա մթերք, որի արժեքը մոտավորապես 17,4 միլիարդ դոլար է: Այս եզրակացությանն են հանգել Մեծ Բրիտանիայի թափոնների եւ պաշարների հետազոտման կառավարական կազմակերպության (WRAP) աշխատակիցները:

WRAP-ի աշխատակիցները կատարել են նման կարգի առաջին հետազոտությունը եւ պարզել, որ դեն նետված սննդամթերքի 60 տոկոսը նույնիսկ փաթեթից բացված չէ: Ըստ որում, գրեթե 2 միլիարդ դոլար ընդհանուր գումարի ապրանքների պիտանելիության ժամկետը լրացած չի եղել: Հետազոտողները հաշվարկել են, որ բրիտանական միջին ընտանիքը տարեկան աղբակույտեր է ուղարկում այն մթերքների 18 տոկոսը, որը գնում է: Երեխաներ ունեցող ընտանիքներում այս ցուցանիշն ավելի բարձր է՝ ձեռք բերված պարենի 27 տոկոսը: Այս եզրակացություններն արվել են 2138 ընտանիքների աղբարկղների պարունակության հետազոտման հիման վրա:

WRAP-ի աշխատակիցները նաեւ պարզել են, որ ամենից հաճախ աղբարկղերում հայտնվում են սալաթ, մրգեր եւ հաց: Դեն նետված մթերքների մեջ հացաբուլկեղենն ըստ քաշի կազմում է մինչեւ 19 տոկոս, իսկ բանջարեղենը՝ 18 տոկոս: Մսամթերքին եւ ձկնամթերքին բաժին է ընկնում սննդային աղբի ընդհանուր արժեքի 18 տոկոսը, իսկ կիսաֆաբրիկատներին՝ 21 տոկոսը: Բրիտանիայում տարեկան նետվում է 5500 ամբողջական հավ, 440.000 կիսաֆաբրիկատների փաթեթ, 1,3 միլիոն յուղորդի չբացված տուփ:

WRAP-ի ղեկավար Լիզ Գուդվինի խոսքով, այդ սննդային թափոնները «մեծ ազդեցություն են գործում շրջակա միջավայրի վրա»: Բանն այն է, որ չօգտագործված մթերքների մեծ մասը չտեսակավորված աղբի հետ ստացվում է քաղաքային աղբակույտեր, այլ ոչ թե սննդային թափոնների համար հատուկ աղբարկղեր, որոնց պարունակությունը պետք է ուղարկվի երկրորդային վերամշակման: Մթերքները նեխելիս անջատվում է մեթան, որն ուժեղացնում է ջերմոցային էֆեկտի գործողությունը:

Միացյալ Թագավորության շրջակա միջավայրի նախարար Ջոան Ռադոկը նշում է, որ այս հետազոտության արդյունքները «շշմեցնում են»՝ հատկապես հաշվի առնելով, որ Երկրագնդի շատ բնակիչների առջեւ ծառացած է պարենի պակասի խնդիրը:

«Ամենից շատ ինձ ապշեցրել է այն, որ մենք մթերքների հետ միլիարդներ ենք դեն նետում այն դեպքում, երբ մթերքների գներն աճում են, եւ ընդհանրապես մենք ջանում ենք ավելի ամուր ձգել գոտիները,- կրկնում է նրան Լիզ Գուդվինը: -Հետեւաբար, դա տնտեսական եւ սոցիալական հարց է: Դա նաեւ ցույց է տալիս, որ մենք քիչ ենք գնահատում մթերքները»: