Միջազգային հարաբերությունների վերջին տասնամյակների կարեւորագույն
առանձնահատկություններից մեկը գլոբալիզացիան է: Այն ծագել է ֆրանսիական
«global»՝ «համընդհանուր», «համապարփակ» բառից: Գլոբալիզացիան բազմավեկտոր
երեւույթ է, որն առաջանում է իրար հետ զուգակցվող, իրար փոխլրացնող,
երբեմն միմյանց հակադրվող տնտեսական, քաղաքական եւ մշակութային
գործընթացներից: Ամերիկյան հայտնի տեսաբան Էնդրյու Հեյվուդի սահմանմամբ՝
«գլոբալիզացիան փոխկապակցության ծայր աստիճան բարդ, համաշխարհային
համակարգ է, որի շնորհիվ երկրագնդի մի կետում կատարվող դեպքերը եւ
ընդունված քաղաքական որոշումները ներազդում են նրա մյուս կետում ապրող
մարդկանց վրա»: Այսօր նոր տեխնոլոգիաները՝ կրճատելով տարածությունները,
թափանցիկ դարձնելով ազգային եւ պետական սահմանները, կայծակնային
արագությամբ ընդհանուրի սեփականությունն են դարձնում ամենահրատապ
նորություններն ու իրադարձությունները, ինչպես, օրինակ` Սպիտակի
երկրաշարժը, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, Հարավարեւելյան Ասիայի
տարերային աղետը եւ այլն: Եվ երբ նման կատակլիզմների դեպքում աշխարհը
մեկտեղվում ու դառնում է մարդասիրական գործողությունների պատրաստ մի
ընտանիք, ապա այստեղ գործում են գլոբալիզացիայի չգրված օրենքները: Կլավիշի
հարվածով աստղաբաշխական գումարներ են տեղափոխվում մեկ աշխարհամասի
ֆինանսական շուկայից մյուս աշխարհամասի ֆինանսական շուկան: Սա նույնպես
գլոբալիզացիայի արդյունք է:
Քաղաքագիտական գրականության մեջ ընդունված է գլոբալիզացիայի երեք ձեւաչափ:
Տնտեսական գլոբալիզացիա: Հիմքում ընկած է այն գաղափարը, որ ներկայումս ոչ
մի ազգային տնտեսություն, կոպիտ ասած, առանձին կղզի չէ: Բոլոր երկրների
տնտեսություններն այս կամ այն չափով ներգրավված են համաշխարհային
տնտեսության մեջ: Գլոբալիզացիան ավելի է խորացնում տնտեսությունների
սերտաճումը, ապահովելով ազգային առանձին տնտեսության ինտեգրումը
համաշխարհային գլոբալ տնտեսության համակարգում, որում ամբողջ արտադրական
գործընթացը կրում է միջազգային բնույթ: Տնտեսական գլոբալիզացիայի
պայմաններում տեղի են ունենում ֆինանսական հոսքերի անարգել փոխանցում մի
երկրից մյուսը, ֆինանսական եւ տարադրամային օպերացիաների կտրուկ աճ,
համաշխարհային առեւտրի աննախադեպ վերելք: Միջազգային շուկայում հայտնվում
են նոր տիպի ապրանքներ: Հնարավո՞ր է Հայաստանում գտնել գեթ մեկ ընտանիք,
որը չի օգտվում այդ ապրանքներից` սկսած կենցաղային տեխնիկայից, վերջացրած`
ջինսե հագուստով: Գլոբալիզացիայի առաջամարտիկներ հանդիսացող տրանսնացիոնալ
կորպորացիաները ստեղծում են բարենպաստ պայմաններ, որի շնորհիվ մայր ֆիրման
իր արտադրանքները եւ ծառայությունները` սկսած բարդ տեխնոլոգիաներից ու
մեքենաներից, վերջացրած վերնաշապիկով եւ գուլպայով, մատուցում է ամբողջ
աշխարհով մեկ: Գլոբալիզացիայի այս եւ այլ գործընթացները, որոնց մասնակցում
են զարգացող, իսկ վերջերս՝ նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրները, խիստ
օգտակար կլինեն Հայաստանում գործազրկության եւ աղքատության վերացման
համար: Գլոբալիզացիան պայմաններ է ստեղծում, որպեսզի ապրանքները, որոնք
արտադրվում են աշխարհի տարբեր ծագերում, միաձուլվեն մեկ ընդհանուր հոսքի
մեջ: Այս գործընթացը ստացել է «Մակդոնալիզացիա» անվանումը, որը դարձել է
գլոբալիզացիայի խորհրդանիշ:
Մշակութային գլոբալիզացիա: Առաջին հայացքից՝ այն հանգեցնում է մեզ
շրջապատող հոգեւոր երեւույթների եւ արվեստների միակերպության: Բոլորս
նայում ենք նույն հեռուստածրագրերը, գնում` նույն ապրանքը, հագնում` նույն
հագուստը, երկրպագում` նույն մարզիկին եւ այլն: Այսինքն, ինչպես պնդում են
հակագլոբալիստները, կատարվում է «մշակութային համահարթեցում»: Սակայն
գլոբալիզացիան ընթանում է ազգային մշակույթի հետ ձեռք ձեռքի տված, որի
հետեւանքով ծնվում է ոչ թե մոնոմշակույթ, այլ սոցիալ-մշակութային բարդ եւ
բազմազան մոդել: Կոկա-կոլայի, Մակդոնալդսի եւ MTV-ի դիմաց զարգացած
երկրներն ավելի ու ավելի խորն են ենթարկվում ոչ արեւմտյան կրոնների,
ավանդական բժշկության, ազգային արվեստների, գրականության, երաժշտության,
խոհարարական ազդեցությանը: Մենք` հայերս, հպարտություն ենք ապրում, երբ
մանկությունից մեզ հոգեհարազատ դուդուկի մեղեդին հնչում է աշխարհի բեմերից
եւ հոլիվուդյան պաստառներից, երբ Արշիլ Գորկին դառնում է գեղանկարչության
նոր ուղղության` աբստրակցիոնիստական էքսպրեսիոնիզմի հիմնադիրը, Վիլյամ
Սարոյանը` ամերիկյան նովելի հսկաներից մեկը, իսկ Շառլ Ազնավուրը` շանսոնի
երկնակամարի գիսաստղ: Նման օրինակները եզակի չեն: Իսկ աշխարհով մեկ
տարածված աֆրոասիական եւ լատինաամերիկյան արվեստներն ու արհեստները,
անկրկնելի խոհանոցը, մի՞թե այս ամենը չեն վկայում, որ գլոբալիզացիան
ստեղծում է համաշխարհային մշակույթ` ազգայինի բազիսի վրա:
Քաղաքական գլոբալիզացիա: Առաջին հերթին արտահայտվում է միջպետական
համագործակցության ակտիվացման եւ միջազգային ինստիտուտների հեղինակության
բարձրացման միջոցով: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՆԱՏՕ-ն, Արժույթի
միջազգային հիմնադրամը, Միջազգային տարադրամի ֆոնդը, Համաշխարհային
առեւտրի կազմակերպությունը եւ այլ խոշոր կառույցները կարեւոր դեր են
խաղում ժողովուրդների ու ազգերի մերձեցման, ինչպես նաեւ՝ քաղաքական,
տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլ խնդիրների լուծման
ուղղությամբ: Սակայն միջպետական հարաբերությունների առումով, քաղաքական
գլոբոլիզացիան տարբերվում եւ նկատելիորեն ետ է մնում տնտեսական ու
մշակութային գլոբալիզացիայից:
Բացի վերոհիշյալ երեք ուղղություններից, գլոբալիզացիան առաջադիմության
հուսալի մեխանիզմ է, քանի որ այն ամրապնդում է երկրների ժողովրդավարական
սկզբունքներն ու կառույցները: Իսկ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով
գլոբալիզացիայի լուսանցքում հայտնվածները հաճախ ունենում են
հակաժողովրդավարական վարչակարգ, լճացած տնտեսություն: Նրանց հատուկ է
նացիոնալիզմը, օտարատյացությունը (քսենոֆոբիա), արտագաղթը, առանձին
դեպքերում՝ նաեւ տարածաշրջանային կոնֆլիկտները:
Արդ, գանք հայկական իրականությանը: Եթե մենք ընտրում ենք Արեւմուտքը, ապա
այնտեղ տանող ուղին անցնում է գլոբալիզացիայի միջով, որը Հայաստանը
կհասցնի եվրոպական ինտեգրացման, առանց խաթարելու մեր ազգային ոգին եւ
ինքնատիպությունը, եթե, իհարկե, ինքներս խնամքով վերաբերվենք մեր ազգային
արժեքներին: Գլոբալացման համընդհանուր գործընթացներում ակտիվ
դերակատարություն ունենալու դեպքում մենք ի վիճակի կլինենք ոչ միայն
զարգացնել մեր տնտեսությունը, այլեւ պահպանել ու նոր որակի եւ մակարդակի
մշակութային արժեքներ ստեղծել` հասանելի դարձնելով այն համաշխարհային
հանրությանը: Իսկ պասիվ դերակատարության դեպքում, չունենալով
գլոբալիզացիայի գործընթացներին դիմակայելու որեւէ ռեսուրս, մենք վստահաբար
կկորցնենք նաեւ մեր ունեցած արժեքավորը, ինչո՞ւ չէ, նաեւ ազգայինը: Այստեղ
վերափոխելով Ալեքսանդր Պուշկինի խոսքերը, երեւի ավելորդ չէր լինի մաղթել՝
«Մտնել Եվրոպա եւ մնալ Հայաստան»: