Բուշը խնդրելու է Մեդվեդեւին

12/05/2008

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրելու է՝ չեղյալ հայտարարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ նրա նախորդի՝ Վլադիմիր Պուտինի արած կարգադրությունները: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դենիել Ֆրիդը: «Մենք շարունակելու ենք նախագահ Մեդվեդեւին հորդորել՝ չեղյալ հայտարարելու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ նախագահական հանձնարարությունները, կառուցողականորեն աշխատել հակամարտությունների քաղաքական կարգավորման վերաբերյալ Վրաստանի կառավարության նոր նախաձեռնությունների շուրջ, ինչպես նաեւ՝ դադարեցնել պատժամիջոցները Վրաստանի դեմ»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը: Ի դեպ, Դ. Ֆրիդը Ամերիկյան Կոնգրեսին առընթեր գործող Հելսինկյան հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծապես կարեւորում է Ռուսաստանի հետ հարաբերությունները: Օրենսդիրների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիվանագետների` իրար հաջորդած արտաքսումները՝ Ֆրիդն ընդգծել է, որ Բուշի վարչակազմը հակված չէ չափազանց մեծ նշանակություն տալու կատարվածին: «Նման բաներ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում… Տեղի ունեցածը, մեր կարծիքով, ինչ-որ ավելի խոշոր դիվանագիտական տհաճությունների նշան չէ: Դա չի վկայում երկկողմ կապերի անկման մասին»,- հավելել է Ֆրիդը: