Նախկինում մեզ մոտ շատ փոքր էր տուրիզմի շուկան: 1997 թվից գործող
«Aquarius travel» գործակալության սկզբնական նպատակը ներգնա տուրիզմ
կազմակերպելն էր, ասել է թե՝ հյուրեր ընդունելը: Աստիճանաբար հայկական
շուկան ձեւավորվեց, ձգտումն արտաքին աշխարհի հանդեպ մեծացավ, ինչը խթանեց,
որ գործակալությունները նաեւ զբաղվեն արտագնա տուրիզմով: «Aquarius
travel» ՍՊԸ-ի արտագնա բաժնի մենեջեր Հրայր Կարապետյանի կարծիքով` այսօր
Հայաստանն ավելի շատ զբոսաշրջիկ ընդունում է, քան ուղարկում է: Ընդ որում,
մեր տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների 80%-ը զբոսաշրջիկ ընդունողի
կարգավիճակով է գործում: Հ. Կարապետյանի աշխատանքային փորձը ցույց է
տալիս, որ տուրիզմի զարգացման ամենամեծ խոչընդոտը պետական հոգածության
բացակայությունն է, մասնավորապես՝ ճարտարապետական կառույցների,
ճանապարհաշինության առումով: Նրա հավաստմամբ՝ զբոսաշրջիկներին շատ
հիասթափեցնում է մեր ճանապարհների անմխիթար վիճակը, բացի այն, որ գլխավոր
մայրուղիները վանող տեսք ունեն, շատ ավելի կարեւոր են ճարտարապետական
շինություններ տանող ճանապարհները, որովհետեւ տպավորությունները
հիասթափեցնում են զբոսաշրջիկներին: Բացի դա, սպասարկումը զբոսաշրջիկներին
դեռեւս չի համապատասխանում քաղաքակիրթ երկրներին հատուկ սպասարկման
չափանիշներին:
«Արմենիա-մարիոթ» հյուրանոցային համալիրի մենեջեր Հարություն Ամիրյանի
կարծիքով՝ տուրիզմի զարգացման լուրջ խնդիրներից մեկն այն է, որ մենք
բավարար քանակությամբ հյուրանոցներ չունենք: Զբոսաշրջիկների այն հոսքը,
որն ակնկալվում է՝ մեր հյուրանոցները չեն կարողանում բավարարել: Վերջին
երկու տարվա ընթացքում զբոսաշրջիկների ներհոսքը կրկնակի անգամ ավելացել է:
Հայաստանում պետք է լինեն թե՛ շքեղ, թե՛ միջին կարգի հյուրանոցներ,
որպեսզի զբոսաշրջիկն ընտրության հնարավորություն ունենա: Իսկ ահա Առեւտրի
եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանն օրերս մամուլում ասել
էր, թե հյուրանոցային սեկտորը Հայաստանում գերհագեցած է եւ նոր
հյուրանոցների կարիք չկա: Զբոսաշրջության հիմնական խնդիրներից մեկն էլ
հայաստանյան օդային տրանսպորտն է: Հայաստան բերող ավիաընկերությունները
շատ թանկ գներ են սահմանում, իսկ օտարերկրացիներն այլ երկրներ
ճանապարհորդելիս այնքան գումարներ չեն ծախսում, որքան Հայաստան գալու
ժամանակ: Այնպես որ, նրանց համար այստեղ ապրելն այնքան թանկ չէ, որքան
գալ-գնալը:
Հյուրանոցի մեկ օրն արժե 150-300 դոլար
Տուրիստական օպերատորները միավորվելով որոշել են պետության ուշադրությունը
հրավիրել այս բնագավառի կարեւորության վրա: Հայաստանի Ներգնա
Տուրօպերատորների միության (ՆՏՄ) հիմնական նպատակն է ներկայացնել եւ
պաշտպանել զբոսաշրջության ինդուստրիայի շահերը, իսկ ավելի ստույգ՝
տուրօպերատորների շահերը: ՆՏՄ-ն անցկացնում է մոնիտորինգ եւ հետազոտում է
ցանկացած խնդիր, որոնք ունեն իրավաբանական, տնտեսական, տեխնիկական բնույթ
եւ վերաբերում են զբոսաշրջության ինդուստրիային: Միությունը ներկայացնում
է զբոսաշրջության շահերը պետական եւ կառավարական կառույցներին եւ
արտահայտում է միության անդամների խնդիրները: Միության անդամներից են
տուրիստական այնպիսի ֆիրմաներ, ինչպիսիք են՝ «Armen tour Travel»,
«Armenia Travel+M», «Avarayr Tour Company», «First Travel and Service»,
«GMX», «Menua Tours», «Nueva Vista», «Princess Maneh», «SATI»,
«Sputnik» եւ այլն, շուրջ 14 հայտնի ֆիրմաներ: ՆՏՄ-ի գործադիր տնօրեն
Արայիկ Վարդանյանն ասում է, որ օրենսդրական դաշտը խանգարում է պատշաճ
մակարդակով զբոսաշրջություն կազմակերպել Հայաստանում: Հիմնական խնդիրներից
են՝ կադրերի պատրաստումը, ճանապարհների անհարմարավետ իրավիճակը, պատմական
հուշարձանների մերձակայքում տիրող իրավիճակը եւ այլն: Զբոսաշրջիկ բերելը
պայմանավորված է տուրիստական փաթեթով, որի մեջ ներառված են երկու
կոմպոնենտներ՝ հյուրանոցների եւ ավիաընկերությունների ծառայությունները:
Զբոսաշրջիկն այդ փաթեթի համար շատ թանկ գին է վճարում, եւ Հայաստան գալը
նրա համար շքեղություն է: Եթե Հայաստան գալու համար զբոսաշրջիկը վճարում է
նվազագույնը 1500 դոլար, ապա այդ գումարով կարող է երկու անգամ գնալ
Իսպանիա կամ այլ երկիր: Համաշխարհային մասշտաբի տուրիստական շուկայի գների
համեմատ Հայաստան գալն անմատչելի է, քանի որ 500-600 դոլարով մարդիկ կարող
են գնալ ցանկացած երկրում հանգստանալու՝ ներառյալ ավիատոմսը, հյուրանոցը,
սնունդը: «Հայաստան գալը տուրիստական շուկայում շատ թանկ է,- ասում է Ա.
Վարդանյանը: -Հայաստան գալու համար մոտ 1500 դոլար վճար է սահմանվում,
բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ զբոսաշրջիկը, տուրիստական
փաթեթի համար վճարելուց զատ, գալիս է հուշանվերներ գնելու, խանութներից
որոշակի գնումներ կատարելու, իսկ դրա համար բավականին գումարներ է
ծախսում: Այսօր մենք ինչո՞վ ենք հրապուրում զբոսաշրջիկին, որպեսզի
շահագրգռված լինի Հայաստան գալ, պարզվում է՝ ոչնչով: Բավարար քանակությամբ
2-3 աստղանի հյուրանոցներ չունենք, իսկ դրանք մասսայական տուրիզմի
կարեւորագույն անհրաժեշտությունն են: Մարդիկ կառուցում են 5 աստղանի
հյուրանոցներ, որտեղ մնալու օրական գինը սահմանում են 200-300 դոլար (եւ
ավելի), իսկ զբոսաշրջիկն այդ գումարը չի համաձայնում վճարել, որովհետեւ
մեծ գումար է»: Ըստ պրն Վարդանյանի, մարզերում տիրող իրավիճակը
զբոսաշրջություն կազմակերպելու խոչընդոտներից մեկն է, քանի որ մարզերում
հյուրանոցներ գրեթե գոյություն չունեն: Միակ հյուրանոցում, որն
Ալավերդիում կառուցել են Թուֆենկյանները, շատ թանկ գներ են սահմանված:
Հյուրանոցում վճարում են 100-150 դոլար, որն այնքան էլ չի տարբերվում
երեւանյան գներից: «Ալավերդի, Սանահին կամ Հաղպատ ավտոբուսով մեկնելը
զբոսաշրջիկի համար հոգնեցուցիչ է, որովհետեւ մեկ օրում գնալ, շրջել եւ
վերադառնալ Երեւան՝ միայն գիշերելու համար, ձեռնտու չէ: Մինչդեռ
հյուրանոցային պայմանների դեպքում օտարերկրացին ինքը կորոշի, թե որտեղ եւ
որքան մնա: Նա մեկ օրվա ընթացքում չի հասցնում իր նախընտրած վայրերում
լինել եւ ժամանակի առումով ազատ չէ, որովհետեւ նույն օրը գիշերելու համար
պիտի վերադառնա Երեւան: Հյուրանոցը նույնպես բիզնես է, եւ տարբեր
երկրներում տարբեր ձեւերով շահագործում են մարզային հյուրանոցներ, օրինակ՝
այն ներդրողներին, ովքեր հյուրանոցային բիզնեսում ներդրումներ են
կատարում, տալիս են հարկային արտոնություններ, ասենք՝ մեկ տարով հարկային
զեղչեր են սահմանում կամ ընդհանրապես ժամանակավոր ազատում են հարկային
պարտավորություններից»:
Վրաստանը վերացրել է վիզային ռեժիմը
Մեր տարածաշրջանում յուրաքանչյուր երկիր յուրովի է խթանում զբոսաշրջության
ոլորտին, օրինակ՝ Վրաստանը վերջերս վերացրեց ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ
Եվրամիության երկրների համար վիզային ռեժիմը: «Մեզ մոտ վիզայի համար
լիբերալ սիստեմ է գործում,- ասում է պրն Վարդանյանը,- օրինակ՝
օդանավակայանում կարելի է 30 դոլար մուծել եւ 21 օր մնալ Հայաստանում,
բայց ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ վճարը թանկացել է, արդեն պիտի
վճարեն 60 դոլար: Նվազեցնելու կամ ընդհանրապես այդ մուծումից ազատելու
փոխարեն, դեռ մի բան էլ ավելացնում են: Սա տուրիզմին վնասում է»: Պրն
Վարդանյանի հավաստմամբ՝ տուրիզմը զարգացած է Թուրքիայում, ընդ որում,
այնտեղ պետությունը կառուցել է թվով մոտ 20՝ 2-3 աստղանի հյուրանոցներ,
որպեսզի տուրիզմը զարգանա: Այդ ոլորտը մեծ ներդրումներ եւ գումարներ է
բերում պետությանը: Այնինչ մեր պետությունը, որ ենթադրում է այս տարի
տուրիստների հոսքն ավելացնել նախորդ տարվա համեմատ՝ 20-25 տոկոսով՝ մինչեւ
300 հազար մարդու, տուրիզմի զարգացման համար պետբյուջեից ամեն տարի
հատկացնում է 20 մլն դրամ: Ա. Վարդանյանի գնահատմամբ՝ տուրիզմը նաեւ
արտադրություն է, որովհետեւ իր ետեւից բերում է արտադրության նոր ճյուղեր:
Հարցիս, թե ինչո՞ւ մեր տնտեսվարող սուբյեկտները հակված չեն 2-3 աստղանի
հյուրանոցներ կառուցել, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Որովհետեւ հյուրանոց
կառուցելը շատ թանկ հաճույք է եւ հյուրանոցն անմիջապես եկամուտ չի բերում:
Ներդրողը հաշվարկում է, թե իր գումարն ինչ ժամանակահատվածում կվերականգնվի
եւ, քանի որ շատ մեծ հարկեր են սահմանված հյուրանոց կառուցելու ընթացքում,
ներդրողը տրամաբանում է, որ իր ներդրած գումարները 5-10 տարի անց նոր ետ
են վերադառնալու: Իսկ պետական միջոցներով հյուրանոցներ կառուցելը մեր
բյուջեի գումարներով անհնար է: Նաեւ պետք է տուրիզմի նկատմամբ հարկային
քաղաքականությունը փոխել»:
Հայաստանում խաբում են զբոսաշրջիկին
Նույն հարկային քաղաքականությունը խոչընդոտում է անգամ տուրիստական
ավտոբուսներ ներկրելու գործընթացին: Տուրիստական ավտոբուս ներկրելիս շատ
մեծ հարկեր են վճարում եւ որպեսզի ինչ-որ չափով այդ հարկերից խուսափեն,
ներկրողները բերում են ցածրակարգ ավտոբուսներ: Ընդ որում, ավտոբուսի
նստարանը կամ տարբեր այլ մասերն առանձին են բերում եւ այստեղ են մի կերպ
ավտոբուս դարձնում, որոնք էլ չեն համապատասխանում տուրիստական
ավտոբուսների ստանդարտներին: Պրն Վարդանյանի կարծիքով՝ նույնիսկ պետք է
արգելվի այդ ավտոբուսների շահագործումը տուրիստական ավտոբուսների անվան
տակ: Հայաստանում գոյություն ունեն շուրջ 4000 տուրիստական ֆիրմաներ: Ըստ
Ա. Վարդանյանի, կան տուրիստական այնպիսի ֆիրմաներ, որոնք հարկային դաշտից
դուրս են գործում եւ տուրիստներին սպասարկում են անգամ քաղաքային
տրանսպորտային միջոցներով: ՆՏՄ գործադիր տնօրենն ասում է. «Այդ տեսակ
գործունեությունը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի զբոսաշրջիկների
սպասարկման հնարավորությունների իմիջի հարցում: Այդ ֆիրմաներն անօրինական
են, գրանցված չեն, հարկեր չեն մուծում եւ՝ ավելին, խաբում են
զբոսաշրջիկին: Գիդեր են օգտագործում, որոնք չգիտես ովքեր են, եւ աստված
գիտի, թե ինչեր են պատմում Հայաստան եկող զբոսաշրջիկներին»: Հետաքրքիր է,
որ զբոսաշրջության օրենսդրական դաշտը չի պարտադրում զբոսաշրջությամբ
զբաղվող ֆիրմաների լիցենզավորումը. լիցենզավորվում են միայն հյուրանոցներն
ու գիդերը: Զբոսաշրջություն կազմակերպող ֆիրմաները կամ անհատներն
ընդհանրապես պետության կողմից որեւէ կերպ չեն վերահսկվում, իսկ այս
պարագայում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, կազմակերպչական եւ
սպասարկման թույլ հնարավորությունների պատճառով, հիասթափվում են
Հայաստանից եւ դրսում վարկաբեկում են Հայաստանի տուրիստական իմիջը: