Շուշիի ազատարողների մասին

12/05/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Արդեն երկրորդ տարին է` մայիսի 9-ը` Շուշիի ազատագրման տարեդարձը բանտում է նշում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:

Իսկ երկու ամսից ավելի ազատազրկված են այն ազատամարտիկներից շատերը, որոնք մեծ ներդրում են ունեցել ինչպես Շուշիի ազատագրման, այնպես էլ Ղարաբաղյան պատերազմի գործում ընդհանրապես: Հաշվի առնելով այս հանգամանքը, երեկ «Եռաբլուրում» ու «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած տոնակատարություններին մասնակցող պաշտոնյաներից ու քաղաքական գործիչներից փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս են նրանք գնահատում այն, որ Շուշիի ազատամարտի հերոսներն այսօր կալանավորված են եւ չեն կարողանում հավուր պատշաճի նշել իրենց հաղթանակը:

Տիգրան Թորոսյան, ԱԺ նախագահ.
«Շատ ցավալի է, որովհետեւ, կարծում եմ` մարդիկ Շուշիում եւ մնացած բոլոր ճակատներում կռվել են հանուն մեր հայրենիքի, իսկ նրանց նկատմամբ պետք է շատ զգույշ վերաբերմունք ունենալ: Մի բանը մյուսով բացատրել չի լինում, կուզենամ, որ ի վերջո ամեն ինչ նորմալ ավարտվի, եւ մեր ընկերները, մեր ազատամարտիկներն այսուհետ բավարարվեն իրենց ունեցած մեծ վաստակով: Քաղաքական խնդիրները նրանց համար չեն: Իրենք Շուշիում կամ այլուր քաղաքական խնդիրներ չէին լուծում: Ափսոս է, որ ճակատում ունեցած մեծ ծառայությունների պարագայում լինում են իրավիճակներ ու իրադարձություններ, որոնք ինչ-որ չափով ստվեր են գցում այդ մարդկանց անցած ճանապարհի վրա: Պիտի մաքրել այդ ստվերը, եւ նրանք պիտի հարազատ մնան այն նպատակներին, հանուն որի կռվել ու հաղթել են»:

Արամ Սարգսյան, Հանրապետություն» կուսակցության նախագահ. «Կարծում եմ` դա այսօրվա իշխանությունների բարոյահոգեբանական իրավիճակի հետեւանք է, բարոյամտավոր ունակության արդյունք է: Դրանով իշխանության ու հասարակության մեջ եղած անջրպետն էլ ավելի են խորացնում: Առավելեւս, երբ այս օրերին նույնիսկ դատավարություններ էլ են դնում: Պրիմիտիվ բան է, չհասկանալ չի կարելի»:

Սամվել Նիկոյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար. «Եթե զուտ բարոյական առումով եք ասում, իհարկե, լավ չեմ զգում, եթե իրավական առումով եք ասում` այնտեղ յուրաքանչյուրի գործողություններին պետք է տրվի իրավական գնահատական: Ես կուզենայի, որ չլիներ այն ամենն, ինչը հիմք հանդիսացավ կալանավորման համար: Այո, այդ մարդիկ պատերազմի ժամանակ հերոսական ջանքեր են գործադրել ու մոտեցրել հաղթանակը: Նրանք հերոսներ են, ես ընդունում եմ, բայց, միեւնույն ժամանակ, պետք է ընդունենք, որ դա արել են հանուն Հայաստանի եւ հանուն հայրենիքի: Ես կարծում եմ, որ կլինի անաչառ մոտեցում, եւ յուրաքանչյուրը պատասխան կտա միայն իր արածի համար: Ես չեմ կարծում, որ որոշ ժամանակ անց կկարողանաք մեկին մատնանշել, ով չարած մեղքերի համար պատասխան է տվել»:

Մանուշակ Պետրոսյան, Համաժողովրդական շարժման անդամ.
«Դա իշխանությունների խայտառակությունն է, իշխանությունների ամոթն է: Նաեւ մեր պատմության խեղաթյուրումը` իբր թե ՀՀ իշխանությունները դեմ են եղել Շուշիի ազատագրմանը: Մեր ազատամարտիկներին անվանում են «ասֆալտի ֆիդայիներ»: Թե՛ մարդկային, թե՛ նյութական այնպիսի միջոցներ էին անհրաժեշտ այդ պատերազմը հաղթելու համար, որ տրամաբանող մարդը չի կարող չմտածել, որ Հայաստան պետությունն է եղել ԼՂՀ թիկունքում կանգնած: ՀՀ ազատամարտիկներն էին այնտեղ արյուն թափում, ամբողջ թիկունքն էր ապահովում, նաեւ մեր ժողովուրդն էր կրում զրկանքները` ամեն ինչ դեպի Ղարաբաղ ուղղելով: Սա լավ առիթ է, եւ ես ուզում եմ ասել, որ մեր ազատամարտի տարիների հետ կապված այդ ցուրտ ու մութ տարիները մտցրեցին, եւ մարդկանց թվում է, թե Տեր-Պետրոսյանին են դրանով ուզում նսեմացնել: Նրա ղեկավարման տարիներն էին ուզում այդպես որակել, բայց իրականում դա լուրջ ոտնձգություն էր ԼՂ ազատամարտի համար մեր ողջ ժողովրդի զոհողություններին: Բայց, միեւնույն է` այդ օրերի ճիշտ պատմությունը գրվելու է հայոց պատմության մեջ»:

Վլադիմիր Գասպարյան, Ռազմական ոստիկանության պետ. «Ես զինվորական եմ եւ հեռու եմ քաղաքականությունից, դիմեք դատախազին ու քաղաքական գործիչներին: Ես զերծ եմ մնում քաղաքական գնահատականներ տալուց»:

Ի դեպ, Վ. Գասպարյանը հետո նաեւ ավելացրել է, որ հետընտրական իրավիճակը հայ ժողովրդի համար «ամոթ» էր:

Վարդան Գրիգորյան, ԺՈՒԿ փոխնախագահ. «Ցավոք սրտի, հայ ժողովուրդն իր պանծալի զավակներին վերջին տարիներին դադարեց գնահատել: Այն, ինչ կատարվեց Շուշիի ազատագրման հերոսների` Ժ. Սէֆիլյանի հետ, դատապարտելի է: Այս իշխանությունները զնդանում պահելով մեր ազատամարտիկներին` ուզում են սրբագրել պատմությունը, եւ, ցավոք սրտի, իրենց չկատարած «քաջագործությունները» ներկայացնել որպես սեփական հաղթանակներ»:

Աղվան Վարդանյան, ՀՀ Սոցիալական ապահովության նախարար, ՀՅԴ անդամ.
«Շատ դժվար է երկու տարբեր մտքեր կապել իրար: Տասնյակ-հազարավոր մարդիկ մասնակցել են Արցախի ազատամարտին, եւ հազարավորները մասնակցել են Շուշիի ազատամարտին: Եվ դա չի կարող նշանակել, որ նրանցից որեւէ մեկը չի կարող հայտնվել բանտում: Դա արդեն իրավական հարթության խնդիր է: Բնականաբար, կա նախաքննություն, եւ իրավապահ մարմինները պետք է այդ հարցերի պատասխանը տան: Անբնական որեւէ բան չեմ տեսնում: Տարիներ առաջ, 10 տարի առաջ եւս եղել են դեպքեր, երբ ազատամարտիկները հայտնվել են բանտում»:

Ստեփան Դեմիրճյան, ՀԺԿ նախագահ.
«Շատ բացասական եմ գնահատում, մեր հիմնական պահանջներից մեկն է` շուտ ազատել բանտարկյալներին եւ վերջ տալ այս հետապնդումներին: Այսօր այս պատերազմի զոհերի հիշատակը մենք պետք է հարգենք գործերով` կերտենք ժողովրդավարական ուժեղ պետություն, որը կապահովի իր քաղաքացիների արժանապատիվ կյանքը»:

Ավետ Ադոնց, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր. «Եկեք նրանց կալանավայրում գտնվելը չկապենք այսօրվա հետ, եւ ձեր հարցադրման հետ ես սկզբունքորեն համաձայն չեմ: Եթե այսօր Շուշիի ազատագրման օրն է, ապա դա չի նշանակում, որ այդ հարցը պետք է բարձրացնել եւ այսօրվա հետ կապել: Եթե մարդ կատարել է հանցագործություն, պետք է պատիժ կրի: Երկու կարծիք չկա»:

Հրաչյա Սարգսյան, «Նոր Ժամանակներ» կուսակցության վարչության անդամ.
«Ես ցավով եմ դա մտաբերում եւ դատապարտում եմ այն անձանց, պետական այրերին, ովքեր նման բանը հանդուրժում են: Դա նախեւառաջ հարված է այն հոգեմտածողությանը, այն տրամադրություններին, որոնք խիստ անհրաժեշտ են հայ ժողովրդին այս կիսապատերազմական իրավիճակում: Այս առումով նման հերոսների նկատմամբ այդպիսի փոքրոգի վերաբերմունքը դատապարտելի է»: