Ինչպես հայտնի է, Արեւմուտքի եւ Հայաստանի արմատական ընդդիմության միջեւ հարաբերությունները վերջնականապես փչացան այն պահից, երբ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Գերդ Արենսը նախագահական ընտրությունների ավարտից ընդամենը հաշված ժամեր անց հրապարակեց առաքելության նախնական զեկույցը: Այդ փաստաթղթում, ի զարմանս միջազգային դիտորդական հենց այդ առաքելության հետ լրջագույն հույսեր կապող ընդդիմության, արձանագրվեց մի դրույթ, որը խորը հիասթափություն առաջացրեց արմատական ընդդիմության ճամբարում: Զեկույցում ընտրական գործընթացների վերաբերյալ տեղ գտած «Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշերի համաձայն» եզրակացությունը միանգամից խառնեց ընդդիմության խաղաքարտերը, բայցեւ բացահայտեց արեւմտյան կառույցների հետընտրական իրական նպատակները: Այդ օրվանից սկսած՝ ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքներում եւ մամուլում Արեւմուտքն ու միջազգային վերոնշյալ կառույցները սկսեցին մեղադրվել «երկակի ստանդարտներով» առաջնորդվելու, «ռասիզմ եւ ֆաշիզմ» խրախուսելու, «Հայաստանում նոր Սադամ Հուսեյնի» ձեւավորմանն աջակցելու եւ այլ ծանր մեղքերի մեջ: Արեւմուտքի նկատմամբ կարծր վերաբերմունքն էական փոփոխության չենթարկվեց նաեւ ԵԽ ԽՎ-ի` հայաստանյան հետընտրական գործընթացներին վերաբերող թիվ 1609 հայտնի բանաձեւի ընդունումից հետո: Նույնիսկ հակառակ միտումը նկատվեց. Լեւոն Տեր-Պետրոսյանի Համաժողովրդական երկրորդ կոնգրեսում տրված բնորոշմամբ «փաստաթղթից փաստաթուղթ թափառող այն չարաբաստիկ ձեւակերպումը», որ «ընտրությունները հիմնականում անցկացվել են ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշերի համաձայն», ոչ միայն, փաստորեն, «միանգամից եւ անվերապահորեն լեգիտիմացրեց Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները», այլեւ, ըստ էության, հիմնավորեց հետընտրական շրջանում իշխանությունների բռնի գործողությունները: Ու թեեւ տրված քաղաքական գնահատականների առումով Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի «հակաարեւմտյան» հատվածն առաջին հայացքից առանձնապես չէր տարբերվում մինչ այդ հնչած գնահատականներից, այնուհանդերձ, ելույթում կար մի շեշտադրում, որը թերեւս առանձին ուշադրության է արժանի: Բանն այն է, որ իր խոսքում Լ. Տեր-Պետրոսյանն առանձնակի անհրաժեշտ համարեց նշել, թե «արեւմուտք» ասելիս՝ կոնկրետ ում նկատի ունեն արմատական ընդդիմության առաջնորդները: «Արեւմուտք ասելով՝ ես առաջին հերթին նկատի ունեմ եվրոպական կազմակերպությունները, Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն, որոնց անդամակցել է Հայաստանը եւ համապատասխան պարտավորություններ ստանձնել նրանց առջեւ»,- հայտարարեց ՀՀ առաջին նախագահը՝ հնարավորինս կոնկրետացնելով ընդդիմության քննադատության «թիրախը»: Կարծես միայն «ձեռքի հետ» արված այս պարզաբանումն ավելի քան հետաքրքրական երանգներ է հաղորդում ընդդիմության աշխարհաքաղաքական նախապատվություններին: Առաջին հստակեցումն, ըստ էության, առնչվում է ԱՄՆ-ին: Լ. Տեր-Պետրոսյանը, ինչպես կասեր Վ. Պուտինը, որոշեց «կոտլետներն առանձնացնել ճանճերից»` ԱՄՆ-ը պարզապես տարանջատելով Եվրոպայից: Սակայն չափից դուրս պարզունակ կլիներ մտածել, որ ԱՄՆ-ին այսպիսի «քարտ բլանշ» մատուցելը պայմանավորված է միայն ՀՀ անցած ընտրական գործընթացների եւ հայաստանյան նոր վարչախմբի հանդեպ ԱՄՆ վարչակազմի դրսեւորած համեմատաբար ավելի հետեւողական եւ շարունակական կոշտ դիրքորոշմամբ: Առավել եւս, որ ամերիկյան դիրքորոշումներն ընտրությունների վերջնական արդյունքների փաստացի ճանաչման առումով առանձնապես չեն տարբերվում նույն եվրոպական կառույցների մոտեցումներից: Այս պարագայում իրականությանն ավելի մոտ են այն վերլուծությունները, որ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած արմատական ընդդիմությունը, մշտապես քննադատական ճնշման տակ պահելով եվրոպական կառույցներին, միաժամանակ՝ աշխարհաքաղաքական այլընտրանքային կամուրջներ է գցում արեւմտյան բեւեռի մյուս թեւի` ԱՄՆ-ի հետ: Միաժամանակ, Լ. Տեր-Պետրոսյանը չի թաքցնում, որ ի վիճակի է որոշակի ազդեցություն ունենալ նաեւ ամերիկյան տնտեսաքաղաքական դիրքորոշումների վրա: Դրա վառ ապացույցն է ընդդիմադիրների վերջին կոնգրեսում ՀՀ առաջին նախագահի հնչեցրած կոչն ԱՄՆ կառավարությանը՝ չդադարեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը Հայաստանում: Առաջին հայացքից թվում է, թե Լ. Տեր-Պետրոսյանի այս քայլը զուտ ներքին սպառողին է ուղղված եւ միտված է երկրի ներսում լրացուցիչ քաղաքական եւ PR դիվիդենտներ ձեռք բերելուն: Սակայն, կարծում ենք, որ «ամերիկյան դաշտում» խաղացող ընդդիմության առաջնորդն իր այդ կոչով անգնահատելի ծառայություն մատուցեց նաեւ ԱՄՆ վարչակազմին: Վերջինս հիանալի հնարավորություն ստացավ, ինչպես ասում են, «սեփական դեմքը պահպանելով» եւ ընդառաջելով «համաժողովրդական շարժման հորդորներին»՝ վերադառնալ Հայաստան` ընդ որում, որոշ չափով ամրապնդելով նաեւ իր քաղաքական ազդեցությունը հայաստանյան գործընթացների վրա: Հայաստան վերադառնալու համար այդ հարմար առիթը թույլ է տալիս ամերիկացիներին գոնե տնտեսական առումով ինչ-որ չափով այլընտրանք հանդիսանալ ռուսաստանյան ռազմաքաղաքական ազդեցությանը: Առավել եւս, որ նույնիսկ Հայաստանի վրա տնտեսապես ներազդման տեսանկյունից վերջին շրջանում որոշակի մրցակցություն է նշմարվում: Պատահական չէ վերջին երկու ամիսներին նկատվող աշխուժությունը հայ-չինական, հայ-ռուսական, հայ-իրանական եւ արաբական աշխարհի հետ տնտեսական համագործակցության ասպարեզում:
Սակայն արմատական ընդդիմության աշխարհաքաղաքական նախապատվություններն ամենեւին էլ չեն սահմանափակվում միայն Լ. Տեր-Պետրոսյանի «թեթեւ ձեռքով» «Արեւմուտքից պոկված ԱՄՆ-ով»:
Հետաքրքրական է, որ անընդհատ մեղավորներ փնտրելով Եվրոպաներում՝ Լ. Տեր-Պետրոսյանը միաժամանակ նաեւ շարունակում է քննադատությունից դուրս պահել Հայաստանի ներկա եւ նախկին վարչախմբերի «ռազմավարական դաշնակից» համարվող ՌԴ ղեկավարությանը: Ի դեպ, ՀՀ առաջին նախագահի հակաեվրոպական ելույթները (ի դեպ, ինչպես եւ վրացական ընդդիմության ելույթները) եւ, մասնավորապես, ԵԱՀԿ գործունեությանը վերջին ամիսների ընթացքում տված գնահատականները զարմանալիորեն համահունչ են ռուսաստանյան ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից նույն կառույցներին հասցեագրված քննադատություններին: Համեմատության համար հիշեցնենք, որ դեռեւս 2004 թվականից սկսած՝ Ռուսաստանը ԵԱՀԿ-ն բնութագրում է որպես «առանձին պետությունների եւ խմբավորումների հետաքրքրությունները սպասարկող գործիք»: ՌԴ Արտգործնախարարությունը նույնիսկ մի ծրագիր ներկայացրեց, որը կոչվում էր «ԵԱՀԿ-ի բարեփոխումների ճանապարհային քարտեզ»: ՌԴ-ն եւ նրա «ռազմավարական դաշնակից» հանդիսացող ԱՊՀ երկրները (ներառյալ՝ Հայաստանը) 2007 թվականին ԵԱՀԿ բանաձեւի նախագիծ էին ներկայացրել, որով պետք է սահմանափակվեին ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի գործառույթները, քանի որ նրա աշխատանքներում գերիշխում են «երկակի ստանդարտները», «անսկզբունքայնությունը», «առանձին երկրների առանձնահատկությունները եւ առկա իրողությունները անտեսելը» եւ այլն: Իսկ ահա ինչպես է բնութագրում նույն կառույցների գործունեությունն արեւմտամետի համբավ ունեցող Լ. Տեր-Պետրոսյանը. «Տրամաբանությունը հուշում է, որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել այդ կազմակերպությունների առջեւ, ապա դա ինքնաբերաբար նշանակում է, որ այդ կազմակերպություններն էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջեւ, այն է` ապահովել նրա անվտանգությունը, ժողովրդավարական ազատությունները եւ քաղաքացիական իրավունքները: Դժբախտաբար, փորձը ցույց է տալիս, որ նշված կազմակերպությունները թերանում են թե՛ Հայաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու եւ թե՛, մանավանդ, մեր ժողովրդի առջեւ իրենց պարտավորությունները կատարելու հարցում»: Այսպիսով՝ ընդդիմադիր շարժման առաջնորդը ոչ միայն շարունակում է պահպանել չեզոք վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ, այլեւ, գուցե, կամա թե ակամա, Ռուսաստանի ղեկավարության «ջրաղացին ջուր է լցնում»: Հետաքրքիր է, որ գրեթե նույնը կարելի է ասել նաեւ ԱՄՆ-ի պարագայում: Ըստ Լ. Տեր-Պետրոսյանի՝ այլեւս «դավաճան» Արեւմուտքին չպատկանող ԱՄՆ-ը այսօր ոչ միայն քաղաքական եւ իմիջային դիվիդենտներ է ձեռք բերել, այլեւ ինքնուրույնության ձգտող ու աշխարհաքաղաքական լուրջ գործոն դարձած եվրոպացիներին իրենց «տեղը դնող» դաշնակից` ի դեմս հայաստանյան արմատական ընդդիմության: Այսպիսով՝ չի բացառվում, որ հայաստանյան արմատական ընդդիմությունն ուրվագծեց այս փուլի համար նաեւ իր աշխարհաքաղաքական հիմնական «վեկտորները», որոնք տեղավորվում են բարեկամ ԱՄՆ-ի եւ առնվազն ոչ հակառակորդ Ռուսաստանի շահերի համադրման տիրույթում: Ինչ վերաբերում է «վստահությունը կորցրած» եվրոպական կառույցներին, ապա նրանց նկատմամբ գոնե առնվազն մինչեւ ԵԽ ԽՎ հունիսյան Վեհաժողովը, ամենայն հավանականությամբ, ընդդիմությունը կշարունակի դրսեւորել կոշտ դիրքորոշում (Եվրոդատարան մտնելուց առաջ դա ամենեւին էլ ավելորդ չէ), իսկ ԱՄՆ-ի եւ մասամբ Ռուսաստանի նկատմամբ հրապարակավ արտահայտվող բարյացակամ վերաբերմունքը կներկայացվի որպես այլընտրանք «վարկաբեկված» եվրոպական կառույցներին: