Վտանգավոր ելքե՞ր

12/05/2008

Մայիսի 10-12-ը հանրապետության շրջանների մեծ մասում, առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Երեւանում մայիսի 10-12-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաեւ 18-20 մ/վրկ քամու ուժգնացում: Ի դեպ, մայիսի 10-13-ը հանրապետության գետերում սպասվում են ջրի ելքերի մեծացումներ, իսկ առանձին գետերում հնարավոր են նաեւ վտանգավոր ելքեր: ՀՀ Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչությունից «Արմենպրեսին» ասել են, որ երեկվա դրությամբ, Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1899,11 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի հայելու նիշը ցածր էր 54 սմ-ով: Ձյան ծածկույթի բարձրությունը ներկայումս Արագածի բարձրալեռներում (2200 մ վրա) 120 սմ է: Հունվարի 1-ից մինչ օրս «Արփա-Սեւան» թունելով Սեւանա լիճ է տեղափոխվել 90,187 մլն խմ ջուր, որը կրկնակի ավելի է 2007թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Վերջին երեք օրերին հանրապետության գետերում դիտվել են ջրի ելքերի զգալի մեծացումներ։ Սեւանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով: